Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օրն է

b

 Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օրն է, ուսանողների տոնը, երբ ևս մեկ անգամ շեշտվում է երիտասարդների և հատկապես ուսանողների՝ հասարակության շարժիչ ուժ լինելու, նրանց ներուժը առավել արդյունավետ օգտագործելու կարևորությունը:

1939թ. նոյեմբերի 17-ին ֆաշիստները շրջափակեցին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը և շուրջ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար։ Այդ նույն օրը, ըստ տեղեկությունների, ինն ուսանող մահապատժի ենթարկվեց։ Պրահայի համալսարանը փակվեց, և շենքն օգտագործվեց Գերմանիայի զավթիչ ուժերի կողմից։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Այդ բռնություններին ուսանողները փորձեցին հակազդել։ Նույն օրը Պրահայի փողոցներում կազմակերպված ցույցով հակաֆաշիստական ուսանողական կոալիցիա հիմնվեց։ Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը։

Հետագայում՝ 1980-ական թվականների երկրորդ կեսին, Պրահայի ուսանողները սկսեցին այդ օրը նշել որպես անկախության օր։ 1989թ. նոյեմբերի 17-ի հանրահավաքով էլ սկիզբ դրվեց Չեխոսլովակիայում իրականացված ոչ բռնի հեղափոխության։

Այսօր արդեն նոյեմբերի 17-ը համարվում է ուսանողների խորհրդանշական համախմբման օր, որը տոնում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Սիրով շնորհավորում ենք ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ, մաղթում ենք ձեզ անսահման երջանկություն, մեծ հաջողություններ ուսման մեջ, կյանքում, ձեր բոլոր ձեռնարկումներում՝ ի նպաստ մեր հասարակությանն ու երկրին, ձեր երիտասարդական ավյունն ու անսպառ եռանդն արդյունավետ իրացնելու կամք և նպատակասլացություն

 

«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի և ԵՊՀ ԻՄ-ի Այգեհովիտի համայնքային զարգացման կամավորական խմբի համագործակցությամբ կայացավ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ինտելեկտուալ խաղ-մրցույթը

 46412685_2263474487014908_8681541820607365120_n

 2018թ. նոյեմբերի 15-ին «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի և ԵՊՀ ԻՄ-ի Այգեհովիտի համայնքային զարգացման կամավորական խմբի համագործակցությամբ Լուսաձոր համայնքում կայացավ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» խորագիրը կրող ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակին (նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը):

Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին Լուսաձորի հիմնական, Այգեհովիտի Ա.Վասիլյանի անվան, Ազատամուտի, Գետահովիտի, Գանձաքարի, Խաշթառակի Հ.Ճուղուրյանի անվան միջնակարգ դպրոցների 7-րդ դասարանցիներ՝ թվով 31 աշակերտ:

ԵՊՀ ԻՄ-ից ինտելեկտուալ խաղ-մրցույթին ներկա էին տնօրենի օգնական Ա.Եգանյանը և ուսանողներ:

Միջոցառումը սկսվեց Սևքար և Սարիգյուղ համայնքների հոգևոր հովիվ Լևոն սարկավագ Հակոբյանի աղոթքով:

Խաղ-մրցույթը վարեցին «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի հոգեբաններ և մանկավարժներ Ջուլիետա Դովլաթբեկյանը, Նարեկ Անտոնյանը, Անետա Սարհատյանը, Վահե Առուստամյանը:

Ինտելեկտուալ խաղն ավարտվեց Ազատամուտի միջնակարգ դպրոցի աշակերտների հաղթանակով:

Բոլոր մասնակիցներն արժանացան շնորհակալագրերի և խրախուսական նվերների, իսկ հաղթող թիմը՝ նաև պատվոգրի:

Վերջում մասնակիցներն արտահայտեցին իրենց տպավորությունները և ցանկություն հայտնեցին հաճախակի մասնակցելու նմանատիպ ծրագրերի:

Ինտելեկտուալ խաղ-մրցույթի բոլոր լուսանկարները տե՛ս  Պատկերասրահում:

 

Համալսարանականները մասնակցեցին «Տեղեկատվության ազատություն. օրենք ու պրակտիկա» թեմայով դասընթացին

IMG_0228-16-11-18-11-47

 2018թ. նոյեմբերի 15-ին Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում կայացավ «Տեղեկատվության ազատություն. օրենք ու պրակտիկա» թեմայով դասընթաց, որը վարում էր ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը և լրագրության խմբի ուսանողները:

Դասընթացի նպատակն էր ներկայացնել ՀՀ կողմից ընդունված տեղեկատվության ազատության միջազգային նորմերը:

«Տեղեկատվության ազատություն. օրենք ու պրակտիկա» թեմայով դասընթացի ժամանակ մասնավորապես ներկայացվեց, որ յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունք ունի: Այդ իրավունքը ներառում է իր կարծիքին մնալու, տեղեկություններ ու գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից:

Ընդգծվեց, որ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Նշվեց, որ  ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը ընդունվել է 2003թ. սեպտեմբերի 23-ին, ուժի մեջ է մտել 2003թ. նոյեմբերի 15-ից:

Ներկայացվեց, որ տեղեկատվությունը լինում է պրոակտիվ և ռեակտիվ հրապարակումով, և թե ովքեր են տեղեկատվության տնօրինողները:

 Դասընթացն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում: