Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԱՐԻ՜, ՆՈ՛Ր ՏԱՐԻ, ԳԱԼՈՒՍՏԴ ԲԱՐԻ՜

Ամանորյա շնորհավորանքի նկար Ահա մի քանի օրից մուտք կգործենք 2019 թվական, կդիմավորենք Նոր տարին…

Ամանոր, Նոր տարի… անակնկալներով և հրաշքներով լեցուն մի տոն, որով ամփոփում ենք հին տարվա ընթացքում մեր ունեցած ձեռքբերումներն ու բացթողումները և նոր հույսերով, երազանքներով ու նպատակներով թևակոխում նոր տարի…

Սիրելի՛ համալսարանականներ, տավուշցիներ, հայրենակիցներ, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորում ենք բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում, որ այս Նոր տարին լինի անխաթար խաղաղության, ծով բարության, նվիրական իղձերի և մեծ նպատակների իրականացման տարի՝ ի շահ մեր երկրի բարօրության, զարգացման և առաջընթացի:

Թո՛ղ այս տարի մեր հոգիներում իշխեն լույսն ու ներդաշնակությունը, բոլորիս ընտանիքներում հաստատվեն, տանտեր դառնան սերն ու փոխըմբռնումը, ջերմությունն ու առատությունը, զնգուն հնչի մանկան ճիչը, կարկաչի մեծի լիաթոք ծիծաղը…

Ուրախ սրտով, մաքուր հոգով դիմավորենք Նոր տարին…

Արի՜, Նո՛ր Տարի
Գալուստդ բարի՜:
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլքով 
Ուշ մնացածին
Քնով տարվածին
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին
Հիասթափվածին՝ նոր մի հիացում
Սիրասթափվածին՝ մի նոր միացում
Ձեռքից հավատը փախուստ տվածին
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր
Մանկանը՝ մեծի մտքի լիացում
Մեծին՝ մանուկի անարատություն
Տափարակներին՝ Արարատություն
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն
Որ նրա վրա Քաղցը այսուհետ 
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած 
Տրվի ճախրանքի
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ
Ո՛չ մի ազգ ու ցեղ 
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,- 
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար
Ամենքըս, բա՜վ է, հասկանա՛նք իրար
Նաև հասկանա՛նք
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր 
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր

________________________________________________________

Փոքրիկ ակնարկ՝ դեղին հողե խոզի տարվա մասին

 664982019 թվականը, արևելյան օրացույցի համաձայն, դեղին հողե խոզի տարի է: Ըստ առասպելի՝ խոզը վերջինն էր, որ եկել էր Նոր տարվա տոնակատարությանը: Խոզն ավարտում է Արևելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը:

Այս կենդանակերպի առանձնահատկություններից են քաջությունը, ազնվությունը, առատաձեռնությունը, հպարտությունը և հանդուրժողականությունը:

Դեղին հողե խոզը բնութագրվում է նյութականի հետ կապվածությամբ, գյուղատնտեսության և հողագործության վրա բարենպաստ ազդեցությամբ: Համարվում է, որ 2019 թվականը բարեհաջող կլինի ինքնադրսևորվելու, կարևոր խնդիրներ լուծելու, ընտանիք կազմելու, բիզնեսը զարգացնելու, նոր գործընկերներ գտնելու հարցերում:

Տարվա գլխավոր գույնը դեղինն է, որը խորհրդանշում է ֆինանսական հաջողություն, բերրիություն և կայունություն:

Դեղին վարազին հաճոյանալու համար խորհուրդ է տրվում ոսկե գնդակներով զարդարել տոնածառը, սենյակներում դնել նարինջներ, ընկույզներ և կաղամբներ, տարվա խորհրդանիշի կերպարով արձանիկներ: Նախընտրելի է համարվում կրել ոսկեգույն, դարչնագույն կամ մոխրագույն, արծաթագույն զգեստներ, ճոխ զարդեր, քանզի տարվա խորհրդանիշը ճոխության սիրահար է:   

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը

DSCN5377 2018թ. դեկտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստ` բուհի աշխատակիցների և ուսանողական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի՝ 2018թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին (զեկուցող՝ Ա. Վ. Ցուցուլյան):
  2. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին (զեկուցող՝ Ա. Վ. Ցուցուլյան):
  3. Ընթացիկ հարցեր:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ 2018թ. հունվարից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում դրամական միջոցների մուտքերը կազմել են 426 մլն 408 հազար ՀՀ դրամ, որի 71%-ը գոյացել է ուսման վարձավճարներից, 21%-ը՝ պետական ֆինանսավորումից:

Ընթացիկ ծախսերի 84%-ն ուղղվել է աշխատանքի վարձատրությանը և դրան հավասարեցված վճարումներին: Ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների ընդհանուր գումարը կազմել է մասնաճյուղի ծախսերի 2%-ը, կոմունալ վճարումները՝ 3%-ը:

Մասնաճյուղի՝ 2019թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջեի) հետ կապված՝ նշվեց, որ 2019թ. նախահաշվի հոդվածների ցուցանիշները կազմվել են նախորդ տարվա նախահաշվի կատարողականի, ինչպես նաև կանխատեսումների և պլանավորման հիման վրա:  

2019թ. բյուջեն հավասարակշռված է. եկամուտները և ծախսերը իրար հավասար են: Նախատեսվում է, որ 2019թ. դրամական միջոցների հոսքերը կկազմեն.

  1. եկամուտների գծով՝ 515 մլն 400 հազար ՀՀ դրամ,
  2. ծախսերի գծով՝ 515 մլն 400 հազար ՀՀ դրամ:

Մուտքերի 64%-ը (330 մլն ՀՀ դրամ) կկազմեն վճարովի ուսուցումից, իսկ 28%-ը պետական ֆինանսավորումից ստացվող եկամուտները:

Նախատեսվում է, որ 2019թ. դրամական միջոցների ելքերի 81%-ը (415 մլն ՀՀ դրամ) կկազմեն աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների ծախսերը: Կրթաթոշակին ուղղված ծախսերը կկազմեն ընդհանուր ծախսերի 1.7%-ը, կոմունալ վճարումները՝ 3%-ը:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի նիստում ելույթ ունեցավ մասնաճյուղի արհբյուրոյի նախագահ Ա. Շ. Մարգարյանը՝ ներկայացնելով 2018թ. ընթացքում արհբյուրոյի կողմից իրականացված աշխատանքները, գործունեության հիմնական ուղղությունները և նախատեսվող փոփոխությունները:

Նիստի վերջում պարոն Ա. Վ. Ցուցուլյանը շնորհավորեց բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ և հղեց բարեմաղթանքներ: 

Մասնաճյուղում անցկացվում են 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքները, II ընթացիկ քննություններն ու ստուգումները

DSCN5362 2018թ. դեկտեմբերի 22-28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (առկա ուսուցման համակարգում) իրականացվում են 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքները, II ընթացիկ քննություններն ու ստուգումները:

Քննաշրջանը, ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանի հավաստմամբ, իրականացվում է սահմանված կարգի (Բակալավրի կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի) համաձայն՝ նախատեսված կիսամյակի 17-րդ շաբաթում:

 Ըստ սահմանված կարգի` ստուգարքների, ընթացիկ քննությունների և ստուգումների հարցաշարերը նախապես տրամադրվում են ուսանողներին, իսկ կազմված տոմսերը, տարբերակները, թեստերը ստորագրվում են ամբիոնի վարիչի, կնքվում ֆակուլտետի դեկանի կողմից, ապա ծրարավորվում են, ըստ այդմ էլ անցկացվում են քննությունները:

Այս կիսամյակում գրավոր ընթացիկ քննություններն ու ստուգումներն անցկացվում են տեսախցիկներով կահավորված լսարաններում:

Յուրաքանչյուր քննությունից կամ ստուգումից հետո դասախոսը ուսանողների հետ իրականացնում է քննարկում:

Բանավոր և թեստային ձևով անցկացված քննությունները գնահատվում են անմիջապես տեղում (լսարանում), իսկ գրավոր քննությունները 7 օրվա ընթացքում ստուգվում են դասախոսի կողմից և քննարկվում ուսանողների հետ:

Քննական գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով քննությունների արդյունքները տեղադրվում են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում:

Ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքները քննարկվում են ֆակուլտետների գիտական  խորհուրդների և ամբիոնների նիստերում:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: 

Մասնակցություն հայաստանյան բուհերի ուսանողների շրջանում իրականացված հետազոտության արդյունքների ներկայացմանը

IMG_1289-24-12-18-10-21 2018թ. դեկտեմբերի 21-ին Ռադիոտանը տեղի ունեցավ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն»-ի կողմից ս.թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացված «Հայաստանի բուհերում սովորող ուսանողների շրջանում հանդուրժողականության և սոցիալական երևույթների հանդեպ դիրքորոշման չափում. Մեդիայի ազդեցությունը վերջիններիս ձևավորման վրա» հետազոտության արդյունքների ներկայացումը:

Կենտրոնը, կարևորելով երիտասարդության դերը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, նպատակ է ունեցել ժամանակակից զարգացումների համապատկերում ուսումնասիրել երիտասարդության ակտիվ խմբի՝ ուսանողների  դիրքորոշումը սոցիալական մի շարք երևույթների նկատմամբ, պարզաբանել երիտասարդության ձևավորման վրա մեդիայի դրական և բացասական ազդեցությունը:

Հետազոտության արդյուքների ներկայացմանը հրավիրվել էին կենտրոնի հետ արդյունավետ համագործակցած հայաստանյան բուհերի, այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներ: Մասնաճյուղից հանդիպմանը ներկայացել էր Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Է.Ղարայանը: Հանդիպումը ԵՊՀ ԻՄ-ի համար կարևոր էր այնքանով, որ հարցմանը մասնակցել են նաև մասնաճյուղի ուսանողներ, ու թեև արդյունքները ներկայացվել են ընդհանուր կերպով՝ չառանձնացնելով կոնկրետ բուհերը, այնուամենայնիվ այդ արդյունքները ներկայացնում են նաև մեր ուսանողության կարծիքը այդ կարևորագույն խնդրի՝ հասարակության մեջ հանդուրժողականության ընկալման ու դրսևորման ձևերի և ժամանակակից մեդիայում անհանդուրժողականություն արծարծող հաղորդումների  վերաբերյալ:

Հանդիպման կազմակերպիչները նշեցին, որ հարցմանը մասնակցել են հայաստանյան բուհերի (այդ թվում՝ մարզերում գտնվող) 17-25 տարեկան 713 ուսանողներ։ Հետազոտման համար ընտրվել են տարբեր մեթոդներ՝ քանակական, զույգերի համեմատման, մտացածին իրավիճակներում հնարավոր գործողությունների, դատողություններին համաձայնության և այլն:

Հարցման մասնակից ուսանողները տվել են հանդուրժողականության և անհանդուրժողականության իրենց սահմանումները, նշել են ներկայացված իրավիճակներում հանդուրժողականության դրսևորման իրենց գործողությունները, կատարել են դատողություններ երիտասարդության շրջանում տարածված մի շարք խնդիրների վերաբերյալ, արտահայտել են իրենց դիրքորոշումը՝ առաջադրված արժեքների միջև կատարելով ընտրություն, նշել են այն հաղորդումները և ֆիլմերը, որոնցում արծարծվում են հանդուրժողականության և անհանդուրժողականության հարցեր:

Հանդիպման վերջում ամփոփիչ հարցադրումների միջոցով տեղի ունեցավ ակտիվ քննարկում, նշվեցին հետազոտման արդյունքներով վեր հանված մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ արդյո՞ք արժեքները պետք է լինեն հստակ սահմանված, արդյո՞ք հանդուրժողականությունը և անհանդուրժողականությունը հասարակության մեջ միանշանակ են ընկալվում, արդյո՞ք մեդիայի անելիքները հստակ են, և այն իրականացնում է իրեն վերագրված կրթող, արժեհամակարգ ձևավորող ֆունկցիաները և այլն:

Որպես քննարկումների եզրակացություն՝ ներկաների կողմից արծարծվեց այն միտքը, որ ներկայացված խնդիրները մանրամասն հասկանալու համար թերևս նոր հետազոտության անհրաժեշտություն կա: Այնուամենայնիվ, անվիճարկելի համարվեց այն, որ ցանկացած բուհի գերակա խնդիրն է ուսանողներին տալ համակողմանի գի­տե­լիքներ, կա­րո­ղու­թյուններ և հմտություններ, նրանց դաստիարակել բարոյական, ազգային և հա­մա­մարդ­կային արժեքների ոգով:

Հանդիպման ուղիղ հեռարձակումը տե՛ս այստեղ: