Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Կյանքի հմտություններ» դասընթացին մասնակցելու հրավեր

cchbc_youth-development-logo ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով հրավիրում է Տավուշի մարզի 18-30 տարեկան երիտասարդներին մասնակցելու Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի կողմից իրականացվող «Կոկա-Կոլա Արմենիա» ընկերության «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» եռամյա ծրագրի շրջանակներում անցկացվող «Կյանքի հմտություններ» դասընթացին, որը տեղի կունենա 2019թ. փետրվարի 5-ին ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում: Սկիզբը՝ ժամը 10:00-ին:

Դասընթացի կառուցվածքը (1 օր, 6 ժամ)

* Ինքնաճանաչում և ինքնազարգացում,

* Մասնագիտական կապերի ստեղծում և ամրապնդում,

* Հետադարձ կապի հմտություններ,

* Աշխատանք փնտրելու և դիմելու հմտություններ:

Դասընթացը կանցկացվի Այ Էյ Բի Բիզնեսի միջազգային ակադեմիայի դասընթացավարի և կրթօջախի վերապատրաստված դասախոսների կողմից:

Դասընթացի ժամանակ յուրաքանչյուր 10 մասնակցի հետ կաշխատի մեկ ՄԵՆԹՈՐ (գործատուներ, ձեռներեցներ, ՀԿ ներկայացուցիչներ, դասախոսներ և այլն)։

Շտապե՛ք գրանցվել:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ գրանցումն այստեղ՝ https://goo.gl/forms/5gZHplYgJTlL0Q1h2:

ՄԵՆԹՈՐՆԵՐԻ գրանցումն այստեղ՝ https://goo.gl/qE9X3W:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 098-22-82-72 հեռախոսահամարով:

 

 

 

«Հաջողության բանաձև». հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Նարեկ Չատյանի հետ

  3. Նարեկ Չատյան

 2019թ. հունվարի 29-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2008թ. շրջանավարտ, «Ապագա տուր» ՍՊԸ մենեջեր Նարեկ Լևոնի Չատյանի հետ:

-Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

-Ծնվել եմ 1988 թվականի հունվարի 17-ին Իջևան քաղաքում:

-Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի (ծնողների, կնոջ, զավակների) մասին:

-Ես մանկավարժների ընտանիքի զավակ եմ: Հայրս՝ Լևոն Չատյանը, կյանքից հեռացել է, մայրս՝ Հասմիկ Աբազյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է: Ունեմ քույր և եղբայր. քույրս աշխատում է Մատենադարանում, եղբայրս՝ «Յելլ էքստրիմ պարկ»-ում:

-Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

-Երազանքներս անընդհատ փոփոխվում էին. ամենատպավորվածները օդաչու և ճարտարապետ դառնալու երազանքներն էին:

-Ի՞նչ կրթություն եք ստացել:

– 2008 թվականին ավարտել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Սոցիալ-մշակութային ծառայություն և զբոսաշրջություն» մասնագիտության բակալավրիատը: 2010թ. ավարտել եմ ԵՊՀ մագիստրատուրան՝ ստանալով մշակութաբանության մագիստրոսի աստիճան:

Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

– ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը հիմնական դեր է խաղացել իմ կյանքում և կարիերայում: Դասախոսական անձնակազմի (մեծապես՝ Պ.Ասիլբեկյանի), իմ ուսանող ընկերների՝ կրթության հանդեպ վերաբերմունքն ու սերը դրդեցին ինձ, չնայած սուղ պայմաններին, աշխատելու այն բնագավառում, որը կապված է իմ մասնագիտության հետ:

Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

– Իմ աշխատանքային գործունեությունն ամբողջվին կապված է «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտու հետ: 2009-ից «Ապագա ռեզորթ»-ում աշխատել եմ որպես ձիավար-ուղեկցող, 2012-ից՝ ադմինիստրատոր, 2015-ից աշխատում եմ որպես մենեջեր:     

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

– Հայ գրականությունից՝ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը, արտասահմանյան գրականությունից՝ Պաուլո Կոելյոյի (Կոելիոյի) «Ալքիմիկոսը» գիրքը:

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

– Ես մեծ գրքասեր եմ և ափսոսում եմ, որ վերջին տարիներին շատ չեմ հասցնում կարդալ: Վերջերս կարդացել եմ Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը:

Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

– Երաժշտության հանդեպ տարատեսակ մոտեցում ունեմ. ռաբիզ երաժշտություն այնքան էլ չեմ սիրում, ընդհանրապես, տրամադրությունից կախված, տարբեր ոճերի երաժշտություն եմ լսում, բայց առավել նախընտրում եմ ուրախ տրամադրություն ստեղծող երաժշտություն:

Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

– Սիրում եմ «Միլիոնատերը ետնախորշերից», «Մենք ենք, մեր սարերը», Ս.Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմերը, որոնք կարող եմ մի քանի անգամ դիտել:

Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

– Ֆուտբոլն է իմ նախընտրած մարզաձևը. թե՛ ֆուտբոլ խաղալը, թե՛ դիտելը հոբբի է ինձ համար:

Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

– Հայաստանում իմ սիրած վայրը Մակարավանքն է՝ այն վայրը, որը տեսնելու առիթը երբեք բաց չեմ թողնի: Արտասահմանում շատ չեմ եղել. հավանել եմ Սոչիի “Красная Поляна” հանգստյան գոտին:

Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

– Ազնվությունը, անկեղծությունը, հավատարմությունը և իհարկե ինտելեկտը:

Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

– Առաջնորդող կարգախոս կամ ասույթ չունեմ:

Ի՞նչ երբեք չեք անի:

– Չեմ դավաճանի, անազնիվ չեմ վարվի:

Ինչի՞ց եք վախենում:

– Վախենում եմ հարազատ մարդկանց կորցնելուց:

Ինչի՞ համար եք ափսոսում:

– Եթե լիներ այնպիսի մի երևույթ, որի համար առանձնապես ափսոսայի, կնշեի. երևի իմ կյանքում ամեն ինչ եղել է այնպես, ինչպես պետք է լիներ, թեև ամեն օր էլ կարելի է ափսոսալ արածների և չարածների համար:

Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

– Ներքին ձայնիս հետևելը, ինտուիցիայի նկատմամբ հավատն ինձ օգնում է տարբեր իրավիճակներում որոշումներ կայացնելիս:

Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

– Կարծում եմ՝ իմ ամենամեծ ձեռքբերումը դեռ առջևում է. մինչև հիմա բոլոր ձեռքբերումներս կապված են իմ աշխատանքային ոլորտի և ընկերների հետ…

Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

– Հավատամքը, կամքի ուժը, նպատակասլացությունը, ուղղությունից չշեղվելու հատկությունը:

Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

– Ամենակարևոր խորհուրդները ստացել եմ իմ պապերից: Այդ խորհուրդները մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա և շատ են օգնել ինձ կյանքում, բայց հիմա դրանցից որևէ մեկը չեմ առանձնացնի:

Ո՞րն է այն հիմնական խորհուրդպատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄի ուսանողներին):

– Մեր երիտասարդներին խորհուրդ կտամ մասնագիտություն ընտրելիս հենց այնպես չընտրել, անպայման հաշվի առնել տվյալ մասնագիտության հանդեպ սերը և, ինչու չէ, ապագա աշխատանքը: Նրանց կմաղթեմ մեծ կամք և նպատակասլացություն իրենց մասնագիտությամբ աշխատելու համար:

Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար:  

  

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

 

 

 

Խորին շնորհակալությու՛ն ձեզ և շնորհավո՛ր ձեր տոնը, մեր սիրելի՛ զինվորներ, անփորձանք ծառայություն ձեզ և բարի վերադարձ…

_DSC6397 копия

 2019թ. հունվարի 28-ին` Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ այցելեցին Իջևանի Ազատության հրապարակ, ծաղիկներ դրեցին քաջ երկրապահների անունը հավերժացնող հուշարձանին:

Իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել Իջևանի քաղաքային ու հոգևոր իշխանությունների, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, Իջևանի զորամասի զինվորներ, դպրոցականներ, քաղաքացիներ:

Իջևանի Ազատության հրապարակի հուշահամալիրի մոտ զինվորական երաժշտախումբը հնչեցրեց ՀՀ պետական օրհներգը, այնուհետև Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում:

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Հայոց բանակը ստեղծվեց Արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական ջոկատների հիմքի վրա` դառնալով մեր պատմության կարևորագույն ձեռքբերումներից մեկը, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության երաշխավորը:

1990 թվականին` Անկախության հռչակագրի ընդունումից հետո, կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում ու Մեղրիում ձևավորվեցին վաշտեր: 1991թ. կառավարության որոշմամբ ստեղծվեց նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեն:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց որոշում` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»:

Օրը դարձավ տոն 2001 թվականին, երբ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվեց որպես Բանակի օր:

27 տարիների ընթացքում մեր բանակը անցավ հաղթանակներով լեցուն մարտական ուղի:

Հայոց բանակի զինվորների և հրամանատարների ջանքերով այսօր երաշխավորված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների բնակչության խաղաղությունը, մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը:

Հայրենիքի պաշտպանության սուրբ պարտականությունից բացի` այսօր Հայոց բանակը բազմաթիվ երկրներում հաջողությամբ իրականացնում է նաև միջազգային խաղաղապահ առաքելություն…

Փա՛ռք ու պատիվ ձեզ, Հայոց բանակի արծի՛վ զիվորներ, որ ամենայն զգոնությամբ, պատվով ու պատասխանատվությամբ հսկում եք մեր սահմանները, պաշտպանում հայրենի հողի ազնիվ մշակին ոսոխի նենգ գնդակից, պահպանում մանկան արդար քունն ու մեծի անդորրը, երկրի խաղաղությունը…

Խորին շնորհակալությու՛ն ձեզ և շնորհավո՛ր ձեր տոնը, մեր սիրելի՛ զինվորներ, անփորձանք ծառայություն ձեզ և բարի վերադարձ…

ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Haytararutyun_ANEL_site

 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համասարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները Բրիտանական խորհրդի «Ստեղծարար Միտք» Բարձրագույն կրթության ձեռներեցության ծրագրի շրջանակներում տրամադրում են Բրիտանական խորհրդի կողմից մշակված անգլերեն լեզվի անվճար առցանց դասընթացներ: Դասընթացները նախատեսված են ինչպես սկսնակների, այնպել էլ անգլերեն լեզվի որոշակի մակարդակ ունեցող անձանց համար:

Դասընթացի մասնակցության հայտադիմում կարող են ներկայացնել միայն համալսարանների ուսանողական, դասախոսական համակազմ կամ վարչական աշխատող հանդիսացող անձիք:

Ծրագրի շրջանակներում տրամադրվում է նաև ձեռներեցության թեմատիկ անգլերենի ուսուցում:

Ծրագրի շահառու հանդիսանալու համար խնդրում ենք լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը:

Գրանցման վերջնաժամկետը սույն թվականի փետրվարի 10:

Դասընթացների մեկնարկը մարտի 15-ը:

Տեղերը սահմանափակ են:

Ծրագրին ընդգրկված լինելու մասին շահառուները կտեղեկացվեն նախապես՝ էլեկտրոնային նամակով:

«Ստեղծարար Միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Կենտրոնական Ասիայում (ՂազախստանՈւզբեկստանՂրղստան), Հարավային Կովկասում (ԱդրբեջանՀայաստան և Վրաստան) և Ուկրաինայում: 

Մանրամասն ինֆորմացիան՝ https://www.britishcouncil.am/programmes/education/creative-spark կայքում:

Ծրահիրը իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ:

Աղբյուրը՝ http://anel.am

«Իջևան քաղաքի աղբահանությունը և սանիտարական մաքրությունը» թեմայով հանրային քննարկմանը մասնակցեց նաև ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչը

#ARstudio

 2019թ. հունվարի 25-ին Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ «Իջևան քաղաքի աղբահանությունը և սանիտարական մաքրությունը» թեմայով հանրային քննարկում, որին մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանը, Սամվել Ռուբենյանը, Իջևան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը, ոլորտի մասնագետներ, կոմունալ ծառայության, ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքացիներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հանրային քննարկմանը մասնակցում էր ԵՊՀ ԻՄ-ի տնտեսական մասի վարիչի ԺՊ Վարդան Սարգսյանը:

Այն կազմակերպվել էր համայնքում աղբահանությանը և սանիտարական մաքրությանը վերաբերող հարցերի քննարկման, այդ ուղղությամբ մատուցվող ծառայությունների, սպասարկման որակի բարձրացման նպատակով:

Քննարկման ընթացքում քաղաքացիներն արտահայտեցին տնտեսվարողների կողմից աղբը Աղստև գետը նետելու հետ կապված իրենց մտահոգությունները:

Հնչեցին տարբեր առաջարկություններ նման դեպքերը նվազեցնելու համար:

ԵՊՀ ԻՄ-ի տնտեսական մասի վարիչի ԺՊ Վ.Սարգսյանը ներկայացրեց մասնաճյուղին հուզող հարցերը, որոնք կապված էին ԵՊՀ ԻՄ-ի շրջակայքի՝ Իջևանի Ուսանողական թիվ 3 փողոցի կոմունալ խնդիրների (կոյուղաջրերի, ջրափոսերի վերացում և այլն) հետ:

Մասնակիցների հարցերին համայնքի ղեկավարը տվեց պատասխաններ: Տնտեսվարողների կողմից գետն աղտոտելու հետ կապված՝ Վարդան Ղալումյանը նշեց, որ այս տարիների ընթացքում բավականին նվազել է օրինախախտ տնտեսվարողների թիվը, և դա տեղի է ունեցել նրանց հետ պարբերաբար անցկացվող քննարկումների շնորհիվ։ 

Համայնքի ղեկավարը նշեց, որ պարբերաբար բացվում են «Սպիտակ լիճ» ջրամբարի փականները գետի հունը մաքրելու նպատակով։ Կտրվում են նաև գետի երկայնքով ներաճած ծառերը, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ պահպանվում է դրանց որոշ մասը` շրջակա շինությունների հիմքը չխարխլելու համար։ Ներկայացվեց աղբահանության պատշաճ իրականացմանը խոչընդոտող ևս մեկ խնդիր, այն է՝ սեփականաշնորհված մասնավոր տարածքներում աղբաման տեղադրելու կապակցությամբ սեփականատերերը անհամաձայնություն են հայտնում: Համայնքի ղեկավարը կարևորեց այս խնդիրների լուծմանը հասնել մարդկանց իրավագիտակցության բարձրացման և ոչ թե մշտապես տուգանքներ կիրառելու միջոցով:

«Իջևան քաղաքի աղբահանությունը և սանիտարական մաքրությունը» թեմայով հանրային քննարկման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝

  1. Համայնքապետարանի կողմից կազմել հայտարարություն, որի միջոցով մարդիկ կտեղեկացվեն, որ այսուհետև բոլոր նրանք, ովքեր չնախատեսված վայրում, մասնավորապես՝ Աղստև գետի մեջ, աղբ կթափեն, ըստ օրենքի, կենթարկվեն վարչական պատասխանատվության:
  2. Տուգանել այն բոլոր տնտեսվարողներին, որոնց խանութի տակ՝ գետի մեջ, կհայտնաբերվի աղբ:
  3. Հրապարակել ինչպես նախկին, այնպես էլ այս քննարկումից հետո կազմված արձանագրությունները:
  4. Մեկ ամիս հետո՝ ս.թ. փետրվարի 25-ին, կազմակերպել ևս մեկ հանդիպում՝ քննարկելու վերոնշյալ կետերի իրականացումը: