Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Ծուլությունը որպես մահացու մեղք» թեմայով դաս-քննարկումը

DSCN6632

 2019թ. մարտի 27-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ «Ծուլությունը որպես մահացու մեղք» թեմայով դաս-քննարկումը, որը վարեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, Տավուշի թեմի հոգևոր սպասավորներ՝ Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը, Թովմաս ուրարակիր Առաքելյանը, տարբեր մասնագիտությունների ուսանողներ:

Դաս-քննարկման ընթացքում Տեր Բագրատ Գալստանյանն անդրադարձավ մեղքերի տեսակներին, որոնք, ըստ կամքի, լինում են կամա և ակամա, ըստ գիտակցման՝ գիտակցված և չգիտակցված: Եթե ակամա գործված մեղքերը ներելի կամ դյուրավ ներելի են, ապա առավել դժվար ներելի են կամավոր, ազատ կամքով և գիտակցաբար կատարվածները, որոնցից յոթ մահացու մեղքերն առանձնապես ատելի են Աստծուն ու սրբերին:

Ընդգծվեց, որ ծուլությունը դասվում է 7 մահացու մեղքերի (1. հպարտություն, 2. նախանձ, 3. բարկություն, 4. ծուլություն, 5. ագահություն, 6. որկրամոլություն, 7. բղջախոհություն (պիղծ մտածմունքներ ու գործեր, վավաշոտություն) շարքը: Մահացու մեղքերի ճյուղավորումները կամ նմանակներն են չարակնությունը, կախարդությունը, բանսարկությունը, շողոքորթությունը, հեշտասիրությունը, խստասրտությունը, հայհոյությունը, շնությունը, մարմնասիրությունը, ժլատությունը, խաբեությունը, ընչաքաղցությունը, մարդապաշտությունը, դրամապաշտությունը, փառասիրությունը, սանձարձակությունը, լպիրշությունը, խեղկատակությունը, դավաճանությունը:

Ուսանողների այն հարցին, թե որն է ծուլության վիճակից դուրս գալու հիմնական միջոցը, բանախոսը պատասխանեց. «Ծուլությունից դուրս գալու տարբերակներից է ժամանակի վրա իշխանություն ունենալու ծրագրումը, այն, թե դու ինչպես ես տնօրինում քո ժամանակը»: Բագրատ սրբազան Գալստանյանը հավելեց, որ աշխատանքը (գործելը, արարելը) աստվածային օրհնություն է (նզովք լինելով հանդերձ՝ օրհնանք է), ուսանողներին կոչ արեց երբևէ չծուլանալ, քայլ կատարել, գործել, արարել, անընդհատ մարզել թե՛ մարմինը, թե՛ միտքը, քանզի չմարզելու դեպքում միտքն էլ է փչանում: Ի վերջո, ով ինչ ցանի, այն էլ կհնձի, իսկ չցանածը հնձելու ակնկալիքը, ինչպես Նալբանդյանն է նշել, շատ խորը ինքնախաբեություն է:

Պարոն Ցուցուլյանն էլ հավելեց, որ եթե Աստված յուրաքանչյուր մարդու մեջ է, և Աստված «ԱՐԱՐԻՉ» է, ապա մարդը արարելով իրացնում է իր մեջ առկա այդ աստվածային ունակությունը:

Ամփոփվեցին ուսանողների մնացորդային գիտելիքների ստուգման արդյունքները

20190319_135833

 2019թ. մարտի 19-26-ին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինն իրականացրեց մնացորդային գիտելիքի ստուգման արդյունքների քննարկումներ ուսանողների հետ:

Փետրվարին մասնաճյուղի 3 ֆակուլտետների (Բնական գիտությունների, Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության) շուրջ 9 մասնագիտությունների 10 I-III կուրսերում անցկացվել են մնացորդային գիտելիքի ստուգումներ: ԵՊՀ ԻՄ-ում մնացորդային գիտելիքի ստուգման առաջին փորձն էր սա, և ամբիոնները ամենայն պատասխանատվությամբ էին մոտեցել ստուգման տարբերակներում ներառված հարցերի և խնդիրների բովանդակությանը։ Կարևորվել էր մնացորդային գիտելիքի ստուգման նպատակը, այն է՝ բարձրացնել կրթական գործընթացի արդյունավետությունը, վերհանել ուսանողների ձեռքբերումները, գնահատել նրանց մասնագիտական հետագա գործունեության համար անհրաժեշտ հիմնարար գիտելիքների, ձևավորված կարողությունների և հմտությունների առկայության մակարդակը: Մնացորդային գիտելիքը, ի դեպ, այն նվազագույն պաշարն է, որն ուսանողը պարտավոր է կուտակել՝ ելնելով կրթական ծրագրի ընթացիկ պահանջներից և իր հնարավորություններից:

Մնացորդային գիտելիքների ստուգման արդյունքները հավաքագրվել, քննարկվել և վերլուծվել են ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՈԱ բաժնում: Վերլուծության ժամանակ ուսանողների դրսևորած մնացորդային գիտելիքների արդյունքները համադրվել են մոդուլի (եթե ստուգումն անցկացվել է մեկից ավելի մասնագիտական դասընթացներից) կամ դասընթացի միջին գնահատականի և ուսանողի միջին որակական գնահատականի հետ, որը հնարավորություն է տվել յուրաքանչյուր ուսանողի համար պարզել նրա ձեռքբերումների դինամիկան:

Այդ արդյունքները վերլուծելուց և ըստ կուրսերի ամփոփելուց հետո ՄԿՈԱ բաժինը մարտին կազմակերպել է ուսանողների հետ մնացորդային գիտելիքի ստուգման արդյունքների քննարկումներ։ Հանդիպում-քննարկումներին ներկա է եղել նաև մասնաճյուղի տնօրեն Ա. Վ. Ցուցուլյանը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, կրթական ծրագրերի ղեկավարները և դասախոսներ:  Հանդիպումներն անցկացվել են առանձին ֆակուլտետներով: Հանդիպումների նպատակն էր ուսանողների հետ քննարկել արդյունքները, լսել նրանց կարծիքները ստուգման անցկացման ձևի, ժամանակի, բովանդակության և ընդհանրապես նրա կարևորության վերաբերյալ: 

Հետաքրքիր էին նաև ուսանողների դիտարկումները տարբերակների բովանդակության, դրանց մեջ առկա հարցերի և խնդիրների վերաբերյալ: Օրինակ՝ Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներն առաջարկեցին թեստերում ընդգրկել մի քանի դասընթացների թեմաներ, և լինեն միայն ընդհանրացնող և եզրահանգող հարցեր՝ առանց կոնկրետ բանաձևերի և մանրամասն տվյալների:

Եղան բազմաթիվ առաջարկներ մնացորդային գիտելիքի ստուգման անցկացման ժամկետի վերաբերյալ: Ուսանողներն առաջարկեցին մնացորդային գիտելիքի ստուգում անցկացնել 2-րդ կամ 3-րդ կուրսերում դասընթացը կամ մոդուլը ավարտելուց հետո՝ 1-2 ամսվա ընթացքում:

Ուսանողներին ներկայացվեց գերմանացի հոգեբան Հերման Էբբինհաուզի «մոռացման կորը», որը նա ստացել է 1885 թվականին մարդու հիշողության փորձարարական ուսումնասիրությաների հետևանքով: Ուսանողներին բացատրվեց այդ կորը և ներկայացվեց դրա եզրակացությունը, այն է՝ արդյունավետ հիշելու համար անհրաժեշտ է կրկնել անցած նյութը:

Այդ հանդիպումները բավականին հետաքրքիր էին և բովանդակալից, հատկապես տպավորիչ էր ուսանողների ակտիվ մասնակցությունը, և ոգևորիչ էր տեսակետ արտահայտելու նրանց պատրաստակամությունը: Ուշագրավ է, որ մնացորդային գիտելիքի ստուգում անցկացնելը, ուսանողների կարծիքով, կարևոր է, և այն պետք է դարձնել մշտապես իրականացվող գործընթաց:

Հանդիպումների վերջում ՄԿՈԱ բաժնի աշխատակիցները դեկաններին, ամբիոնների վարիչներին և կրթական ծրագրերի ղեկավարներին առաջարկեցին կազմակերպել հանդիպումներ ուսանողների ու դասախոսների հետ և ՄԿՈԱ բաժին ներկայացնել հետագայում մնացորդային գիտելիքի ստուգման կազմակերպման ձևի, դասընթացների, պարբերականության, գնահատման և տարբերակների բովանդակության վերաբերյալ իրենց առաջարկները:

 

Կայացավ Շառլ Ազնավուրին նվիրված գրական-երաժշտական հուշ-ցերեկույթ

#ARstudio2019թ. մարտի 26-ին Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված գրական-երաժշտական հուշ-ցերեկույթ, որը կազմակերպել էր Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սվետա Օհանյանը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, մասնակցում էին «Օտար լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Դիզայն» մասնագիտությունների ուսանողներ: Դահլիճի ձևավորումն ապահովել էին «Դիզայն» II կուրսի ուսանողուհիներ Նոննա Ալավերդյանն ու Դիանա Դալլաքյանը, «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողուհի Էլմիրա Կոստանյանը:

ՀՀ Ազգային հերոս, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան, հասարակական գործիչ, մեծագույն հայ Շառլ Ազնավուրին նվիրված հուշ-ցերեկույթը «Բոհեմ» երգի  փայլուն կատարմամբ  բացեց «Դիզայն» III կուրսի ուսանող Գուրգեն Դալյանը:

Ապա միջոցառման ընթացքում ֆրանսերենով և հայերեն թարգմանությամբ ներկայացվեց Շառլ Ազնավուրի կենսագրությունը: Մասնավորապես նշվեց, որ թեև մեծն հայորդին ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, սակայն անդառնալիորեն կապված է եղել իր մայր հողին՝ Հայաստանին. առաջին անգամ Ազնավուրը Հայաստան էր ժամանել 1963թ., այնուհետև 1988-ին: Այդ աղետալի դեպքից հետո շուրջ 30 տարի Ազնավուրն իր մարդասիրական օգնությունն է հասցրել Հայաստանին:

Հնչեցին Ազնավուրի ամենահայտնի ստեղծագործություններից՝ «Մայրիկ (La Mamma)», «Ես և դու (Moi et toi)», «Սիրո մի կյանք (Une vie d’amour)», «Քեզ համար, Հայաստան (Pour toi Arménie)» երգերը, ինչպես նաև որպես բանաստեղծություն դաշնամուրի նվագակցությամբ  ներկայացվեցին «Ես ոչինչ չեմ մոռացել (Je n’ai rien oublié)», «Ես սպասում եմ քեզ (Je t’attends)» և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Նրանք ընկան (Ils sont tombés)» երգերը:

Մասնակիցները միջոցառման ընթացքում ընդգծեցին այն գաղափարը, որ Ազնավուրը, ով, Միսաք Մանուշյանի խոսքով ասած, դարձավ Հայաստանի պատիվը և Ֆրանսիայի փառքը, միշտ կմնա մեզ հետ, մեր սրտերում:

Վերջում ելույթ ունեցան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ գոհունակություն ու շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ բարձր մակարդակով անցկացված միջոցառման համար:

Միջոցառման բոլոր լուսանկարները տե՛ս  Պատկերասրահում

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

big_1502456341_8992795

 2019թ. փետրվարի 19-ին լրանում է հայ մեծագույն գրող, բանաստեղծ և ազգային-հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը:

Այս առթիվ 2019թ. մայիսի 11-ին  «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնը նախաձեռնել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես գալու համար կարող են դիմել ՀՀ գիտնականներ, դասախոսներ, ասպիրանտներ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը:

Զեկուցումը պետք է համապատասխանի գիտաժողովի թեմային:

Անհրաժեշտ է զեկուցումների վերնագրերը, նկարագրականները (շուրջ 250 բառ) և մասնակցության հայտերը մինչև 2019 թվականի ապրիլի 1-ն ուղարկել  ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Վ. Ավագյանին (էլ. հասցե՝ avagyan.vachik@yandex.com):

Մասնակցության հայտի ձևը տե՛ս այստեղ:  

Գիտաժողովի կազմակերպիչների կողմից ընտրված զեկուցումները հոդվածի տեսքով նախատեսվում է տպագրել առանձին ժողովածուով:

Հոդվածներին առաջադրվող պահանջները

Հոդվածը ներկայացվում է A4 ձևաչափի թղթի վրա` միակողմանի տպված և էլեկտրոնային տարբերակով, էջի եզրերը` 2 սմ բոլոր կողմերից, տառատեսակը` “Sylfaen”, տողերի միջև հեռավորությունը` 1,5, տառաչափը` 12, միայն վերնագիրը` 14 տառաչափով:

Տեքստում չպետք է լինեն տողադարձեր և կրկնակի միջակայքեր:

Հոդվածի ծավալը` մինչև 9 էջ` ներառյալ գրականության ցանկը և 2 լեզվով ամփոփումները (հայերեն հոդվածների համար` ռուսերեն և անգլերեն, և հակառակը):

Սկզբում տրվում է հոդվածի վերնագիրը` գլխատառերով, այնուհետև` հեղինակի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, ներկայացվող բուհը կամ կազմակերպությունը, գիտական կոչումը և պաշտոնը:

Ապա բաց է թողնվում մեկ տող, և տրվում է հիմնական տեքստը:

Ընդգծումների համար կիրառել շեղատառեր կամ մգացված տողեր:

Տեքստում հղումը կատարել քառակուսի փակագծում` ըստ գրականության ցանկի աղբյուրի (օրինակ` [1, էջ 26]):

Տպագրվելիք հոդվածների վերջնական տարբերակները գիտաժողովի կազմակերպիչներին ուղարկելու վերջնաժամկետը  2019 թ. ապրիլի 8-ն է:

Հոդվածներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային hասցեին` avagyan.vachik@yandex.com:

Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանին (հեռ.՝ 093-884-254, էլ. հասցե՝ karine.pogosyan.76@mail.ru), փոխդեկան Վ.Աղաբաբյանին (հեռ.՝ 096-987-654, էլ. հասցե՝ vahanagha@yandex.ru), հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ.Ավագյանին (հեռ.՝ 094-577-567, 099-577-567, էլ. հասցե՝ avagyan.vachik@yandex.com):