Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ տնօրենության ընդլայնված նիստ

DSCN9313

 2019թ. հուլիսի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ` Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, Ուսումնամեթոդական վարչության աշխատակիցները:

Ընդլայնված նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության՝ 2018-19 ուսումնական տարվա գործունեությանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

2018-19 ուստարում ՈՒՄՎ կողմից իրականացված գործունեության մասին զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը: Նա մասնավորապես նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչությունն իր գործունեությունն իրականացրել է ըստ հաստատված աշխատանքային պլանի, որը բխում է ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրից:

Սահմանված ժամկետում վարչության կողմից, ըստ կրթական ծրագրերի չափորոշիչների, ստուգվել են թվով 8 կրթական ծրագրեր, դեռևս ընթացքի մեջ է «Դիզայն» կրթական ծրա­գիրը:

Ուսա­նող­ների տեղեկացվածությունն ապահովելու նպատակով լրամշակվել են առկա և հեռակա ուսուց­ման համակարգերի բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների 2019-2023 թթ. և 2019-2024 թթ. համար նախատեսված «Կրեդիտային համա­կարգով ու­սումնառության ուղեցույց և դասըն­թաց­ների տեղեկագիրք» տեղեկատվական ձեռ­նարկ­ները: Ընթացքի մեջ են «Դեկորատիվ-կիրառական արվեստ» և «Դիզայն» կրթական ծրագրերը:

Ֆակուլտետների և մասնագիտական ամբիոնների հետ համատեղ «SuperVision YSU» հա­մակարգի միջոցով կազմվել են ուսում­նական պլանները, աշխատանքային ուսումնական պլանները, ամբիոնների ժամերի հաշվարկները, դասախոսների ուսում­նական բեռնվածությունները, ըստ ֆա­կուլ­տետների դասատախտակների համապա­տասխանելիությունը, ժամավճարային հի­մունք­ներով դասավանդող դասախոսների ժամերի հաշվարկները, առարկայական մուտքերի կատարողականի հաշվարկները:

Կազմվել են քննաշրջանի ամենօրյա ժամանակացույցներ: Ընթացիկ քննությունները և ամփոփիչ ատեստավորումը իրականացվել են տեսախցիկներով վերազինված 4 լսարան­ներում:

Շարունակվել են ուսանողական շարժի հաշվարկման և վերահսկման գործընթացները: Աշխատանքներ են տարվել սովորողների՝ ՀՀ զինված ուժերում ծառայելու, ազատման, տեղափոխման, վերականգնման, հիվանդությունների պատճառով տարկետ­ման, ինչպես նաև ուսումնական գործընթացին առնչվող այլ հրամանների ուղղությամբ:

Իրականացվել է ԵՊՀ ԻՄ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման գործընթացը՝ առաջնորդվելով գործող կանոնակարգով:

Ըստ մեկ ուսումնական տարվա առաջադիմության արդյունքների՝ պետության կողմից ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցմամբ  տրամադրվել է ուսանողական նպաստ 116 ուսանողի, կատարվել է ընդհանուր 17 փոխատեղում: Կրթաթոշակ է տրամադրվել 1-ին կիսամյակում 101 ուսանողի, 2-րդ կիսամյակում՝ 140 ուսանողի:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն` բուհի վճարովի համակարգում սովո­րող ուսանողներին հատկացվել է ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում, որից օգտվել են սոցիալապես անապահով 80 ուսանող, սահմանամեր­ձ համայնքի բնակիչ 225 ուսանող:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր ֆինանսական միջոցներից 2018-2019 ուստարվա կտրվածքով ուսանողական նպաստի ձևով տրամադրել է  100% փոխհատուցում 13 ուսանողի, կատարել  ուսման վարձավճարի 286 մասնակի փոխհատուցում (քառօրյա պատերազմի մասնակից 23 ուսանող, տնօրենի հայեցողությամբ՝ 140 ուսանող):

Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպվել և իրականացվել են մանկավար­ժի որակավորման լրացուցիչ դասընթացներ՝ 5 կրթական ծրագրերով («Պատմություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»), որոնց մասնակցում է ԵՊՀ ԻՄ-ի 77 ուսանող  (II  կուրս՝ 45 ուսանող, III կուրս՝ 32 ուսանող), մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել առաջին կուրսի 22 ուսանող:

Թե՛ առկա և թե՛ հեռակա ուսուցման համակարգերում առցանց եղանակով իրականացվել են դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանող­ների կիսամյակային հարցումները (ամփոփված են I կիսամյակի հարցումների արդյունքները, II կիսամյակի հարցումները դեռևս ընթացքի մեջ են), ինչպես նաև ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից բավարարվածության վերաբերյալ շրջանավարտների ամենամյա հարցումները:

Հաշվետու ուստարվա I կիսամյակի հարցումներին մասնակցել են մասնաճյուղի՝ առկա ուսուցման 342 ուսանողներ (ուսանողական հիմ­նական համակազմի 61.73 %-ը), հեռակա ուսուցման 347 ուսանողներ (ուսանողական հիմնական համակազմի 40.58 %-ը):

2018-2019 ուստարվա առկա և հեռակա ուսուցմամբ ամփոփիչ ատես­տա­վորումը մասնաճյուղում իրականացվել է հաստատված գրաֆիկի համաձայն սույն թվականի  մայիսի 18-ից մինչև հունիսի 23-ը, որի մասին հաշվետվությունը ներկայացվել է ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի նիստում:

Տվյալ ուստարում առկա և հեռակա ուսուցմամբ մասնաճյուղն ունեցել է ընդհանուր 377 շրջանավարտ, այդ թվում առկա ուսուցմամբ` 154 շրջա­նա­վարտ (38 անվճար, 116 վճարովի) և հեռակա ուսուցմամբ` 223 շրջանավարտ, որոնցից 6-ը նախորդ տարիներից:

Գերազանցության դիպլոմ ստացել է 22 շրջանա­վարտ­ (20 առկա, 2 հեռակա):

Առաջին փուլով մագիստրատուրա կրթական աստիճանում ուսումը շարունակելու համար հայտ է ներկայացրել 16 շրջանավարտ:

Հաշվետու ուստարում ևս ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալությանն են ներկայացվել 3-ԳՄ ձևաչափերով հաշվետվությունները, որոնք ներառում են ուսանողների և շրջանավարտների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական կազմին առնչվող տեղեկատվություն: Ուսանողների առաջադիմության վերաբերյալ տվյալները, ըստ ուսուցման ձևերի՝ անվճար, վճարովի, ընդհանուր (ձև 34) և (ձև 10), ամփոփվել և ներկայացվել են ԵՊՀ:

Համաձայն ՈՒՄՎ ՄԿՊԿ բաժնի 2018-2019 ուստարվա աշխատանքային ուսումնական պլանի՝ բաժնի կողմից իրականացվել են 38 պրակտիկաներ (առկա ուսուցմամբ՝ 6 ուսումնական, 9 արտադրական /մանկավարժական/, 7 արտադրական, հեռակա ուսուցմամբ` 4 ուսումնական, 7 արտադրական, 5 արտադրական  /մանկավարժական/), որոնց մասնակցել են 831 ուսանողներ:

Ուսանողների պրակտի­կայի կազմակերպման մասին 39 պայմանագրերից 9-ը կնքվել է 2018-2019 ուստարում, բացի այդ՝ ձեռք է բերվել մեկ համաձայնագիր:

ՄԿՊԿ բաժնի կողմից իրականացվել է ԵՊՀ-ի կողմից կազմակերպված՝ 2019թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը, որին մարզի 34 հանրակրթական դպրոցներից մասնակցելու հայտ են ներկայացրել 268 աշակերտներ, մասնակցել՝ 235-ը: Օլիմպիադայի 2-րդ փուլ է անցել 27-ը, որոնցից 2-ը արժանացել է 3-րդ կարգի դիպլոմի, 18-ը՝ գովասանագրի:

2018-19 ուստարում Տավուշի և հարակից մարզերի  ավագ և միջնակարգ դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություներում ՄԿՊԿ բաժինն իրականացրել է մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ: ԵՊՀ ԻՄ կողմնորոշված դպրոցների շրջանավարտների թիվը (216, որից 200-ը՝ հստակ կողմնորոշված, 16-ը՝ մասնակի կողմնորոշված), համապատասխանում է ԵՊՀ ԻՄ-ի դիմորդների թվին:

Հաշվետու ժամանակահատվածում Ուսումնամեթոդական վարչության գործունեության վերաբերյալ ՈՒՄՎ պետի հաշվետվությունը տնօրենության նիստի ընթացքում ընդունվեց ի գիտություն, իսկ վարչության գործունեությունը գնահատվեց բավարար: 

Մասնաճյուղում մեկնարկել է 2019թ. առկա ուսուցման ընդունելության լրացուցիչ փուլը

Նկ. ԵՊՀ ԻՄ

Ընդունելության քննություններից դրական միավոր(միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին՝ ներկայանալով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ և լրացնելով նոր դիմում-հայտ։

 

Ստորև ներկայացնում ենք «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի թափուր տեղերն` ըստ մասնագիտությունների․

67346067_2329462967148547_1923794990945796096_n

Կայացավ «Հակամարտությունների փոխակերպում» հնգօրյա դասընթացը

Գլավնի

 2018-19 ուստարվա II կիսամյակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի համատեղ ջանքերով ԵՊՀ ԻՄ-ում իրականացվեց «Հակամարտությունների փոխակերպում» խորագրով հնգօրյա դասընթացը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տարբեր մասնագիտությունների երկու տասնյակ ուսանողներ: 

Դասընթացի տեսական մասը վարեց ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը, իսկ գործնական մասը՝ ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը։

Սահմանված օրակարգի համաձայն՝ առաջին  հանդիպման ընթացքում անցկացվեց «Ի՞նչ է կոնֆլիկտը» վերնագրով դասը, որի ժամանակ դասընթացավարները խաղի միջոցով ծանոթացան մասնակիցների հետ, լսեցին նրանց տեսակետները և մեկնաբանությունները կոնֆլիկտի մասին, թե ինչից են կոնֆլիկտներն առաջանում, ինչ լուծումներ կարելի է տալ դրանց։ Խաղի միջոցով մասնակիցները բաժանեցին խմբերի, և նրանց տրվեցին հանձնարարություններ։ Դասն ուղեկցվեց ակտիվ քննարկմամբ։

Երկրորդ հանդիպման ժամանակ ներկայացվեց «Ի՞նչ է կոնֆլիկտի փոխակերպումը» թեմայով դասը, որի ընթացքում մասնակիցները ցուցաբերեցին մեծ ակտիվություն դասի թե՛ տեսական, թե՛ գործնական հատվածներում:  

Երրորդ հանդիպման ընթացքում ներկայացվեց «Ինչպե՞ս վերլուծել կոնֆլիկտները» վերնագրով դասը, որի ժամանակ մասնակիցների հետ նաև անցկացվեց նախորդ թեմաների ամփոփում, վերհանվեցին նրանց ակնկալիքներն իրականացվող դասընթացից։

Չորրորդ հանդիպմանը, ըստ սահմանված օրակարգի, անցկացվեց «Ինչպե՞ս հաղորդակցվել կոնֆլիկտների դեպքում» թեմայով դասը, որի ընթացքում տեսական և գործնական աշխատանքների համադրությամբ փորձ կատարվեց առանձնացնել կոնֆլիկտային կողմերի ռազմավարական առանձնահատկությունները։ Դասի վերջում մասնակիցները թեստային աշխատանքի միջոցով և խաղերով փորձեցին բացահայտել կոնֆլիկտային իրավիճակում անձնային և խմբային շահերի դերակատարությունը։

Հինգերորդ հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց «Ինչպե՞ս արդյունավետ բանակցել» թեման, որի շրջանակներում դասավանողները փորձեցին վերհանել կարևոր բանակցությունների դերակատարությունը հակամարտությունների փոխակերպման գործում, քանի որ հենց բանակցությունների միջոցով է հնարավոր կոնֆլիկտային հարաբերությունները տեղափոխել կառուցողական դաշտ, քննարկել առկա խնդիրներն ու փոխադարձ ընդունելի լուծումները։ Դասի վերջում մասնակիցները կատարեցին թեստային աշխատանք՝ բացահայտելով սեփական բանակցային գիտելիքները։

Դասընթացավարների խոսքով՝ «Հակամարտությունների փոխակերպում» դասընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար նպատակահարմար էր այն համապատասխանեցնել թիրախային խմբին, քանի որ յուրաքանչյուր  սոցիալական խումբ ունի կոնֆլիկտային իրավիճակներին համապատասխան առանձնահատկություններ և լուծումներ։ Այս փուլում «Հակամարտությունների փոխակերպում» դասընթացն իրակացվել է ուսանողության մասնակցությամբ, ուստի փորձ է կատարվել այն ուսումնասիրել ուսանողի դիտանկյունից։ Ի դեպ, դասընթացի մասնակիցների թվում եղել են նաև մասնաճյուղի աշխատակիցներ՝ երիտասարդ գիտնականներ, ովքեր իրենց ուսանողների հետ միասին փորձել են մեկ սեղանի շուրջ ակտիվ մասնակցություն ունենալ դասընթացի թե՛ տեսական, թե՛ պրակտիկ մասերին։

Ըստ նրանց՝ ուշագրավ էր դասընթացի գործնական, խմբային աշխատանքների հատվածը, որն առավել ոգևորում և մոտիվացնում էր մասնակիցներին՝ սեփական-անձնային և խմբային տեսանկյունից, անգամ իրենց օրինակով քննարկելու այս կամ այն կոնֆլիկտային իրավիճակը։ Վերջինների գերակշիռ  հատվածը սոցիալական և ընտանեկան կոնֆլիկտներին էր վերաբերում, որոնց քննարկմանը մասնակիցները մեծ ակտիվություն էին ցուցաբերում։ Հետաքրքիր էին նաև քաղաքական և կրոնական կոնֆլիկների շուրջ քննարկումները, որոնք տեղայնացվում էին ոչ միայն տարածաշրջանային, այլև ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող քաղաքական և գաղափարական փոփոխությունների շուրջ։

Բավականին արդյունավետ էին թեստային առաջադրանքները, որոնք մասնակիցների մեջ ձևավորեցին իրենց անձի և կոնֆլիկտային իրավիճակների հաղթահարման մասին նոր մոտեցումներ ու տեսակետներ։

Դասընթացի վերջում մասնակիցներին հանձնվեցին վկայականներ, և նրանց հնարավորություն տրվեց իրականացնելու երկու դրամաշնորհային ծրագիր, որոնք արդեն ընթացքի մեջ են։

Հավելենք, որ ծրագրի վերջում Կլոր սեղան հիմնադրամի կողմից ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին նվիրաբերվեց իրենց կողմից հրատարակված շուրջ 300 միավոր գրականություն, որի համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում հիմնադրամին:

«Կարելի է գիտության և արվեստի մի բնագավառում չունենալ ընդունակություններ, բայց լինել հանճարեղ մարդ». Վահան Տերյան

l-UZ5Sou5rGA

 Սիրով ձեզ ենք ներկայացնում Վահան Տերյանի ասույթներից.

  1. Իր արժեքն իմացող մարդը երբեք ավելին չի անի, քան ինչին ինքն արժանի է:
  2. Մարդու ամենաթանկարժեք սեփականությունը անկեղծությունն է:
  3. Որպեսզի կյանքն ընթանա այնպես, ինչպես ժամացույցը, այն երբեմն պետք է լարել:
  4. Ինչը որ չկարողացար՝ քեզ կներվի, բայց ինչը որ չուզեցիր՝ երբեք:
  5. Փառքը հաճախ մարդու արժանիքի ցուցանիշը չէ:
  6. Թեթև փառքը հաջողություն է։ Հաստատուն փառքը ձեռք է բերում միայն վաստակներով, իրական ծառայություններով:
  7. Կան տաղանդի տեր մարդիկ՝ օժտված ընդունակություններով դեպի գիտությունը, պոեզիան, արվեստը ընդհանրապես, կան մարդիկ էլ՝ մարդկայնության տաղանդի տեր։ Ես ուզում եմ ասել, մոտավորապես, որ Պուշկինը տաղանդավոր բանաստեղծ է, իսկ X-ը՝ տաղանդավոր մարդ:
  8. Կարելի է լինել հանճարեղ գրող, կոմպոզիտոր, մաթեմատիկոս և ապաշնորհ մարդ։ Կարելի է գիտության և արվեստի մի բնագավառում չունենալ ընդունակություններ, բայց լինելհանճարեղ մարդ:
  9. Տաղանդավոր գրողները գեղեցկացնում են գրականությունը, տաղանդավոր մարդիկ զարդարում են կյանքը:
  10. Կարելի է լինել շատ կուլտուրական մարդ և քիչ իմանալ, և կարելի է լինել շատ իմացող, բայց անկուլտուրական մարդ:
  11. Չէ՞ որ մարդիկ երկուսով միշտ ավելի մոտ, ինտիմ և անկեղծ են, քան երբ նրանք երեքով են՝ անկախ հարաբերություններից:
  12. Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
  13. Եթե սեր չկա, ինչի համար պիտի չարչարվեմ չար աշխարհում:
  14. Իմացե՛ք միայն՝ իմ սիրտը անկեղծ սրտի ողջույնին կրկնակի ողջույնով է պատասխանում:
  15. Մի ընդհանուր իդեալ, որ գերիշխող է եղել մեր մտավորականների աշխարհայացքում մինչև վերջին ժամանակները. դա ազատ հայրենիքի և ազգային անկախության գաղափարներն են:
  16. Եվ հիրավի, որ մենք կանգնած ենք խոշոր, գուցե ճակատագրական գալիքի առջև… կամ համաքայլ ընթանալ ժամանակի հետ, կա՛մ կուլ գնալ դաժան մրցակցությանը:
  17. Նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգևոր կորուստն անդառնալի է:
  18. Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է նաև երկրորդը:
  19. Լեզուն ժողովրդի հոգու, բնավորության արտահայտիչն է։ Կուլտուրականության առաջին պայմանը զարգացած, հարուստ ու ճկուն լեզուն է։ Լեզուն ազգի հոգին է:
  20. Այդ (հին հայերենը) ոսկի է, այդ լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճանք, հարստություն, ուժ, ճկունություն, այդ բոլորը ես միայն հիմա եմ սկսում զգալ։ Եվ ինչպիսի անհաջողություններ էլ կրելու լինեմ, և որքան էլ ինձ դժվարին լինի, ես պատրաստ եմ ամեն բանի, միայն թե իրագործվի իմ երազանքը՝ կատարելապես սովորել այդ վեհաշուք լեզուն:
  21. Հայ գրականության մեջ իշխող գաղափարը, նրա հիմնական առաջմղիչ ուժը ազգային գոյության, ազգային անկախության գաղափարն է:
  22. Մեր Հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում, ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու: Դա հիվանդագին մի սեր է, դա մի անհաղթելի մոլություն է. դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը:
  23. Կյանքս ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառն կրակով. և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական: Եվ ես երբեմն մտածում եմ, որ դա ունի իր խորին իմաստը: Չէ՞ որ այդպես, իմ հոգու նման, այրվում է իմ երկիրը. «Իմ Նաիրի – գուցե դրա համար է այրվում և իմ հոգին, որովհետև իմ հոգու մեջ նաիրյան չքնաղ հոգին է այրվում»: Ես ևս սկսում եմ ինձ զգալ կոչված մեկը նրանցից, որոնց վիճակվել է «Նաիրյան» հոգու բարձր տառապանքը կրել իրենց հոգու մեջ:
  24. Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել: Մեր  Հոգևոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է և այդ ավեր ու անավարտ շենքը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգևորություն է հարկավոր:
  25. Եթե հիրավի այսօր պարզված է հայության սիրտը դեպի ապագան, եթե հիրավի հավատում է նա իր ապագային, ապա իր հայացքը ոչ միայն դեպի Վան կամ Էրզրում պիտի ուղղի, այլ իր ներսը, իր հոգու խորքը՝ տեսնելու համար, թե կա՞ արդյոք իր մեջ այն ամենը, որ կենդանություն է ներշնչում մեր նյութական հայրենիքին, այդ Վան և Մուշ և Էրզրումին: Քննեցե՛ք ձեր սիրտը և նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգևոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա: Նա հոգո՛վ միայն կարող է կենդանի լինել: Դատարկ խոսքեր են մեր փոքր ազգ լինելու մասին հնչող ճառերը. ո՛չ բելգիացիք են մեծ ազգ, ո՛չ նորվեգացիք, մինչդեռ որպիսի դյութական անուններ են դրանք, որքա՜ն սիրելի ոչ միայն իրենց՝ այդ երկրների զավակների, այլև մեզ և ուրիշների համար…