Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Արդի լրագրության զարգացման միտումները և մարտահրավերները (ֆեյք, համացանց)» թեմայով դաս-քննարկումը

DSCN7133 2019թ. ապրիլի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Արդի լրագրության զարգացման միտումները և մարտահրավերները (ֆեյք, համացանց թեմայով դասքննարկումը, որը վարեց «Փաստարկ» մամուլի ակումբի ղեկավար, լրագրող Տիգրան Ռուբենի Սիմոնյանը:

Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Դաս-քննարկման առաջին հատվածում պարոն Սիմոնյանն անդրադարձավ ֆեյքերի խնդրին, երկրորդ հատվածում՝ լրագրության զարգացման միտումներին:

Նախ շնորհանդեսի ուղեկցությամբ բացատրվեց, թե ինչ է ֆեյքը, ներկայացվեցին դրա վերաբերյալ հակասական կարծիքները, ֆեյքերի տեսակները:

Մասնավորապես նշվեց, որ ֆեյքը (fake – կեղծ), որ նախկինում կոչվում էր “газетная утка”, “слив” (արտահոսք) 21-րդ դարի հախուռն դրսևորում է. արմատավորվել է վերջին 15 տարվա ընթացքում: «Ֆեյքերը մեր կյանք են մտել երկար ժամանակով: Ինչպես մուկը կարագում, այնպես էլ ֆեյքերը համացանցում, իրենց լավ են զգում: Ֆեյքերի կողքին ապրելու ենք՝ դրանք չեզոքացնելու մեթոդներ գտնելով», – ընդգծեց Տ.Սիմոնյանը:

Ֆեյքերն ի հայտ են գալիս 3 ճանապարհով՝ վիզուալ (լուսանկար, որը ենթարկվել է ձևափոխության ֆոտոշոփի կամ այլ գործիքակազմերի միջոցով), անանուն (չկա լուսանկար, չկան անձնական տվյալներ) և տեքստային: Այդտեղ կարևորվում են երեք գործոններ, որոնք առաջացնում են թյուրըմբռնում. նախ՝ վերնագիրը, ապա տեքստի վերջում ինչ-որ բառի կամ արտահայտության հավելումը (օրինակ՝ … և ոչ միայն) և անմեղության կանխավարկածը (արդյո՞ք հրապարակողները լիովին տիրապետում են իրենց նյութի բովանդակությանը):

Բովանդակային առումով կան ֆեյքեր, որոնք բացահայտ կամ մասամբ են հանդես գալիս, քարոզչական բնույթի են, օգտատիրոջ թափթփված խոսքի արդյունք են և այլն:

Շեշտվեց, որ Հայաստանում տակավին չկա ֆեյքերի մասին օրենք, և դրանց դեմ արդյունավետ կերպով պայքարելու համար անհրաժեշտ է, որ օրենքով կանխարգելիչ մեխանիզմներ մշակվեն:

Այնուհետև պարոն Սիմոնյանն անդրադարձավ հայ լրագրության արդի վիճակին, թե ինչ առաքելություն ունի այն. «Մեր լրագրությունը շատ է քաղաքականացված: Ես կարծում եմ՝ դրան չի կոչված հայ լրագրությունը: Ամեն փուլ հաղթահարելով՝ այն պետք է հասնի մեկ այլ մակարդակի»:

Լրագրողի գործունեության մասին խոսելիս բանախոսը մասնավորապես նշեց. «Մասնագիտություններից ամենալայն աշխարհայացք տվողը լրագրությունն է (մեծ շփումներ, թեմատիկ բազմազանություն, սեփական երկիրը ճանաչելու, քո հրապարակմամբ ուրիշների խնդիրները լուծելու հնարավորություններ և այլն): Լրագրողն ապրում է և՛ իր, և՛ ուրիշների հոգսերով: Լրագրողի համար ամեն ինչն է հետաքրքիր, նրա հայացքը նկատող, քննախույզ հայացք է…»:

Անդրադառնալով մարզում լրագրության պասիվ վիճակի վերաբերյալ ուսանողների դիտարկմանը՝ պարոն Սիմոնյանը պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ աջակցելու այն ուսանողներին, ովքեր ցանկություն ունեն լրագրության ուղին բռնելու: Նա ուսանողներին խորհուրդ տվեց սկսել ֆոտոլրագրությունից կամ գրավոր տեսակներից:

Ծավալվեց հետաքրքիր քննարկում. ուսանողները բանախոսից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: