Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հաջողության բանաձև». հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Նարինե Ճաղարյանի հետ

7. Նարինե Ճաղարյան

2019թ.   մարտի 22-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 1997թ. շրջանավարտ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ «Իջևան» մասնաճյուղի կառավարիչ Նարինե Միքայելի Ճաղարյանի հետ:

Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

– Ծնվել եմ 1976 թվականին քաղաք Իջևանում:

Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի մասին:

– Ծնվել եմ բժիշկների ընտանիքում: Ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա. տղաս 23 տարեկան է, դուստրս` 22, փոքր որդիս՝ 18: Ես ուրախ եմ, որ զավակներս (հատկապես դուստրս) շատ ինքնուրույն են: Դուստրս սովորում է Կորեայում՝ մագիստրատուրայում, և աշխատում է, մեծ տղաս ամուսնացած է, այս տարի կավարտի ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության բակալավրիատը, փոքր որդիս էլ այս տարի կավարտի Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը:

Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

– Փոքր հասակում երազել եմ դառնալ բժշկուհի: Պատահական չէ, որ 1993թ. ընդունվել եմ ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Բժշկական և բիոտեխնիկական սարքավորումներ» մասնագիտության բակալավրիատ:

Ի՞նչ կրթություն եք ստացել:

– 1993թ. ավարտել եմ Իջևանի թիվ 5 (ռուսական) դպրոցը: Նույն թվականին ընդունվել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ և 1997թ. ստացել բակալավրի աստիճան:

Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

– Լինելով մարզում կադրերի դարբնոց և ուսումնագիտական կենտրոն՝ իմ հարազատ բուհ-ը մեծ դեր է խաղացել ինչպես իմ, այնպես էլ մի քանի սերունդների կյանքում՝ դժվարին տարիներին դառնալով  փրկություն շատ-շատ երիտասարդների համար: Մասնաճյուղի դերակատարումը Տավուշի մարզում՝ թե՛ կրթական, թե՛ ուսումնագիտական, թե՛ մշակութային ոլորտներում, անչափ մեծ է:

Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

–  Աշխատանքային գործունեությունս սկսել եմ 2005թ., երբ հիմնել եմ «Յունոնա» գեղեցկության սրահը: 2007թ. դեկտեմբերից ընդունվել եմ «Կոնվերս բանկ» ՓԲԸ «Իջևան» մասնաճյուղ` որպես մասնագետ-գանձապահ: Հաշվի առնելով այդ աշխատանքի համար պահանջվող  մեծ պատասխանատվությունը՝ 2008թ. սեփական բիզնեսով սկսել եմ ավելի քիչ զբաղվել: «Կոնվերս բանկ»-ում աշխատանքի անցնելուց երեք տարի անց դարձել եմ ֆինանսական խորհրդատու նույն մասնաճյուղում, 2015թ. դեկտեմբերից նշանակվել եմ կառավարիչ: 12 տարիների ընթացքում «Կոնվերս բանկ»-ն ինձ համար դարձել է երկրորդ համալսարան, ընտանիք, աշխատավայր, որի հետ են կապված շատ ու շատ հետաքրքիր հիշողություններ, աշխատավայր, որտեղ ինձ առաջխաղացման հնարավորություն է ընձեռվել: Բանկը՝ որպես գործատու, իր  կորպորատիվ կառավարումն իրականացնում է աշխատակիցների հանդեպ մեծ պատասխանատվությամբ ՝ստեղծելով զարգանալու և ինքնազարգանալու, կարիերայի աճի հնարավորություն, ինչը թե՛ մոտիվացնում է, թե՛ պարտավորեցնում: Ուրախ եմ, որ աշխատում եմ կայուն աճ ապահովող բանկերից մեկում, որն ակտիվ մասնակցություն ունի Հայաստանում ու մեր մարզում տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման հարցում:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

– Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպը:

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

– Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիք:  Մի մարդասպանի պատմություն» վեպը, այժմ ընթերցում եմ  Նարինե Աբգարյանի «Մանյունա» գիրքը:

Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

– Նախընտրում եմ ջազ, բլյուզ ժանրերի և դասական երաժշտություն:  Սիրելի երգեր շատ ունեմ, երևի կառանձնացնեմ Շառլ Ազնավուրի «Հավերժական սեր» երգը: Ընդհանրապես լսում եմ տարատեսակ երաժշտություն՝ ըստ տրամադրության:

Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

Շատ եմ սիրում «Մտքի խաղեր» և «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմերը:

Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

– Գեղասահք միշտ սիրել եմ դիտել, բայց ինքս սպորտով չեմ զբաղվում: Զբաղվել եմ ֆիթնեսով, բայց հիմա ժամանակ չեմ գտնում:

Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

– Հայաստանում ամեն մի վայր սիրում եմ յուրովի և ամեն անգամ բացահայտում նորովի: Սիրում եմ Իջևանը, որն իմ ծննդավայրն է: Երևանն իմ ամենասիրելի քաղաքն է: Սիրում եմ մեր հարևան երկրի մայրաքաղաքը` Թբիլիսին: Ընդհանրապես շատ եմ սիրում ճանապարհորդել: Հնարավորության դեպքում շատ կուզեի լինել Փարիզում, Հռոմում, Մադրիդում, Ռիո դե Ժանեյրոյում:

Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

– Մարդկանց մեջ գնահատում եմ ազնվությունը, բարությունը, հոգու գեղեցկությունն ու ինտելեկտը:

Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

– Ունեմ նախընտրած ասույթների մի գեղեցիկ փունջ. «Ամենամեծ խոչընդոտը վախն է», «Ամենավտանգավոր մարդը ստախոս մարդն է», «Ամենասարսափելի զգացմունքը նախանձն է», «Ամենագեղեցիկ արարքը ներումն է», «Ամենալավ պաշտպանությունը ժպիտն է», իսկ առաջնորդվում եմ իմ սիրած գրքի՝ «Քամուց քշվածները» վեպի հերոսուհի Սքարլետ Օհարայի խոսքերով՝ «Վաղը նոր օր կբացվի, այդ մասին ես կմտածեմ վաղը»  և “Все что не делается, все к лучшему”:

Ի՞նչ երբեք չեք անի:

– Կյանքում թիկունքից չեմ հարվածի, ցավ չեմ պատճառի, գողություն, վատություն չեմ անի, ընդհուպ ինձ վնասողին չեմ վնասի…

Ինչի՞ց եք վախենում:

– Ես միշտ սարսափել եմ հարազատների կորստից, որպես ծնող վախենում եմ իմ զավակների արցունքներից, որպես զավակ՝ ծնողներիս արցունքներից:

Ինչի՞ համար եք ափսոսում:

– Ափսոսում եմ ջահել (45 տարեկան հասակում) հորս կորցնելուց, որ չտեսավ իր զավակների երջանկությունը: Ափսոսում եմ չարածներիս համար, այն ամենի, ինչ չեմ հասցրել անել:

Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

– Նախ՝ իմ կարգախոսը («Վաղը նոր օր կբացվի…»), ինքնավստահությունս, հավատս իմ ուժերի նկատմամբ, հարազատներիս հավատն իմ նկատմամբ, եռանդս, կամքիս ուժը…  

Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

– Զավակներս, հարազատներս և ընկերներս են իմ ամենամեծ ձեռքբերումը: Իմ և աշխատակիցներիս համատեղ ձեռքբերումն եմ համարում աշխատավայրում տիրող շատ ջերմ, համերաշխ մթնոլորտը, թիմային աշխատանքը:

Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

– Յուրաքանչյուր իրավիճակում մարդ մնալը, աշխատասիրությունը, լավի, բարու, ազնիվի ձգտումը և ամենակարևորը` ինքդ քեզ հաղթահարելու ունակությունը:

Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

– Իմ ծնողներն ինձ միշտ խորհուրդ են տվել, որ ազնիվ լինեմ և ներողամիտ: Կարծում եմ՝ ամենաթանկ խորհուրդը հենց դա է, ինչպես Գանդին է ասել` մարդու ամենաուժեղ կողմը ներելու ունակությունն է, քանզի ուժեղ մարդն է ընդունակ ներելու:

Ո՞րն է այն հիմնական խորհուրդպատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

– Ես երիտասարդներին խորհուրդ կտամ, որ երբեք չհրաժարվեն իրենց երազանքներից, իրենց նպատակներից, ոչ մի պարագայում չկորցնեն իրենց հավատը և առաջնորդվեն հետևյալ կարգախոսով. «Միակ մարդը, ում հետ քեզ պետք է համեմատես, դու ես անցյալում, և միակ մարդը, որից պետք է ավելի լավը լինես, դու ես ներկայում»:

Շնորհակալ ենք շատ հետաքրքիր հարցազրույցի համար:

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը: