Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Պրակտիկայի շրջանակներում «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողներն այցելեցին Լոռի և Շիրակ

1. գլխավոր

 2022թ. հունիսի 16-ին և 21-ին ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ (առկա) և 3-րդ (հեռակա) կուրսերի ուսանողները պրակտիկայի ղեկավարներ մ.գ.թ., ասիստենտ Հ.Ազիզյանի, ասիստենտ Պ.Ասիլբեկյանի, դասախոս Ս.Սաֆարյանի գլխավորությամբ ուսումնական պրակտիկա իրականացրին Իջևան – Ախթալա – Օձունի հյուրատներ – Հոռոմայր – Լոռու բերդ – Արամյանցի դղյակ – Քոբայր – Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի – Իջևան և Իջևան – Մարմաշեն – Արփի լիճ – Գյումրի – Իջևան երթուղիներով:

Երթուղու  առաջին նպատակակետը Լոռու մարզն էր:

Ուսանողներին նախապես հանձնարարվել էր ուսումնասիրել և հավաքագրել մարզի հանգստի և զբոսաշրջության ռեսուրսների, այդ թվում՝ այցելվող օբյեկտների վերաբերյալ տեղեկություններ:

Պրակտիկայի ընթացքում ղեկավարներ Պ.Ասիլբեկյանը և Հ.Ազիզյանը ներկայացրին Լոռու ռեկրեացիոն շրջանի պիտանելիության գնահատումը, երթուղու լեռնագրությունը, լանդշաֆտը, Լոռվա սարահարթը, Դեբեդի հովիտը և Փամբակի գոգավորությունը, Ձորագետի կիրճի մորֆոլոգիական առանձնահատկությունները և նրա զբոսաշրջային հնարավորությունները: Ղեկավարներն անդրադարձան նաև Ալավերդի քաղաքին՝ որպես պղնձաձուլական կենտրոնի և դրա ու պոչամբարների բացասական էկոլոգիական ազդեցությանը քաղաքի վրա. գնահատեցին առկա վիճակը և զարգացման տնտեսական հնարավորությունները:

Ուսանողները ներկայացրին Ախթալայի, Օձունի, Հոռոմայրի, Լոռու բերդի, Արամյանցի դղյակի, Քոբայրի, Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերաբերյալ նախապես հավաքագրված տեղեկություններ, տարածքի էկոլոգիական խնդիրները, դրա ազդեցությունը զբոսաշրջության վրա, ներկա գտնվեցին Լոռու բերդում իրականացվող հնագիտական պեղումներին: Պեղումների ժամանակ ականատես եղան բաղնիքը տաքացնող խողովակների հայտնաբերմանը:

Ուղևորության երկրորդ նպատակակետը Շիրակի մարզն էր:

Պրակտիկայի ընթացքում ղեկավարներ Պ.Ասիլբեկյանը և Հ.Ազիզյանը ներկայացրին Շիրակի ռեկրեացիոն շրջանը, երթուղու լեռնագրությունը, Աշոցքի գոգավորությունը, Շիրակի սարահարթը, Ախուրյանի հովիտը, Ջաջուռի լեռնանցքը:

Ուսանողներն այցելեցին Մարմաշենի վանական համալիր, «Արփի լիճ» ազգային պարկ, Գյումրի քաղաք:

«Արփի լիճ» ազգային պարկն ստեղծվել է հիմքից՝ Արփի լճի շրջակայքում՝ ձգտելով լուծում տալ բուսական և կենդանական աշխարհի կենսաբազմազանության պահպանության խնդիրներին: Հայաստանում գրանցված 366 թռչնատեսակներից շուրջ 225-ը հանդիպում է Արփի լճում, և թռչնադիտարկումների համար այն համարվում է շատ նպաստավոր տարածք: Առկա ռեսուրսների հիման վրա ստեղծվել են հյուրատներ, առանձնացվել են վրանային ճամբարի համար նախատեսված վայրեր: Այն հնարավորություն է տալիս տեղավորելու 10.000 զբոսաշրջիկի:

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում իրականացվեց քայլարշավ: Ուսանողները եղան այցելուների կենտրոնում, պահպանման գոտում: Այդտեղ նրանք ծանոթացան Կարմիր գրքում գրանցված մի շարք բուսատեսակների և թռչնատեսակների (կովկասյան թրաշուշան, սիբիրյան հիրիկ, դեղին կոնոռ), պարկի տարածքում առկա 4 էկոզբոսաշրջային երթուղիներին: Էկոզբոսաշրջային երթուղիներն անցնում են Տրանսկովկասյան արահետով, դրա մասն է կազմում «Դիլիջան» ազգային պարկը, որը էկոզբոսաշրջության կարևոր ռեսուրս է:

Ուսումնական պրակտիկան մեծապես նպաստեց ուսանողների տեսական գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացմանը: