Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի ընդլայնված նիստը

2017թ. հոկտեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի ընդլայնված նիստը, որին հրավիրված էր մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, մասնակցում էին ամբիոնի անդամները՝ ամբիոնի վարիչի ԺՊ, ասիստենտ Ա.Մարդանյանի գլխավորությամբ:

Կայացավ Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի ընդլայնված նիստը

Ընդլայնված նիստում ներկայացվեց 2017-18 ուստարվա առաջին կիսամյակում   (սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին) ամբիոնում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:

Մասնավորապես նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում ամբիոնը գործունեություն է ծավալել ըստ հաստատված աշխատանքային պլանի, որտեղ նախանշված են ամբիոնի անելիքներն ու խնդիրները:

Դեռևս 2017թ. օգոստոս ամսին վերափոխվել կամ կազմվել են դասընթացների փաթեթները՝ բոլոր մասնագիտությունների գծով: Սեպտեմբերի 4-ին ամբիոնի առաջին նիստում քննարկվել, վերանայվել և հաստատվել են առարկայական ծրագրերը առկա և հեռակա ուսուցման համակարգում դասավանդվող առարկաների համար: Նույն նիստում վերանայվել և հաստատվել են ավարտական և կուրսային աշխատանքների թեմաները և ղեկավարները, ամփոփիչ ավարտական քննության հարցաշարերը:

Ուսումնական պլանի համաձայն՝ 3-րդ կուրսի կուրսային աշխատանքները և 4-րդ կուրսի ավարտական աշխատանքների թեմաները լեզվաբանությունից են, իսկ 4-րդ կուրսի կուրսային աշխատանքները  ֆրանսիական գրականությունից: Հստակեցվել են խորհրդատվության օրերը և ժամերը:

Ուսումնական տարվա առաջին շաբաթում ուսանողները ստացել են ընթացիկ և հանրագումարային քննությունների հարցաշարերը: Որոշում է կայացվել ամբողջական թեստային համակարգից անցում կատարել մասնակի թեստային կարգի` ավելի արդարացի և արդյունավետ դարձնելու գնահատումը: Կազմվել են փոխադարձ դասալսումների և անհրաժեշտության դեպքում բացակա դասախոսներին փոխարինելու գրաֆիկները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օտար լեզուն, մասնագիտություն լինելուց բացի, դարձել է միջոց այլ մասնագիտությունների համար, խնդիր է դրվել մեծ ուշադրություն դարձնել ոչ մասնագիտական բաժիններում ֆրանսերենի ուսուցման արդյունավետության բարձրացմանը:

Կայացավ Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի ընդլայնված նիստը

Ամբիոնի 3 աշխատակիցներ հոդվածներ են ուղարկել «Ակունքում» տպագրելու համար: Ամբիոնը ավարտին է հասցրել 2018-22 թվականների կրթական չափորոշիչները, 2016-17 թվականների ուսումնական պլանները: Դասախոս Ս.Օհանյանը պատրաստում է «Ֆրանսահայ մեծերը» խորագրով միջոցառում:

Հոկտեմբերի 17-ին ամբիոնը կազմակերպել է հանդիպում ՀՀ արտգործնախարարի` ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Վահագն Աթաբեկյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների տարբեր կուրսերի ուսանողներ, Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները: ՀՀ արտգործնախարարի խորհրդականի հետ հանդիպման նպատակն էր մասնաճյուղի ուսանողներին ծանոթացնել Ֆրանսիա-Հայաստան միջազգային կապերին, Վալանս-Իջևան բարեկամության պատմությանը, ուսանողների փոխանակման ծրագրերին, ինչպես նաև քննարկելու 2018թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովին վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում ուսանողները ցանկություն հայտնեցին որպես կամավորներ աշխատել հաջորդ տարի Երևանում անցկացվելիք գագաթնաժողովի շրջանակներում: Համագործակցությունը խորացնելու նպատակով որոշվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ստեղծել Ֆրանկոֆոնիայի երիտասարդական կենտրոն:

2017-18 ուստարվա առաջին կիսամյակում (սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին) Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի կողմից իրականացված աշխատանքները գնահատվեցին բավարար: