Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների համար իրականացվում է «Անգլերենը ակադեմիական միջավայրում» որակավորման բարձրացման դասընթացը

32018-2019 ուստարվա II կիսամյակում մասնաճյուղում իրականացվում  է ԵՊՀ   ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական  կազմի   որակավորման   բարձրացման  կրթագիտական ծրագրով նախատեսված «Անգլերենը ակադեմիական   միջավայրում» դասընթացը, որը վարում են ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության  ամբիոնի  դոցենտ, բ.գ.թ. Նարինե Գասպարյանը և նույն ամբիոնի ասիստենտ Զարուհի Անտոնյանը:

Սույն դասընթացի նպատակն  է զարգացնել սովորողների (ունկնդիր դասախոսների) անգլերեն գրավոր և բանավոր խոսքի հմտությունները, հիմք  ստեղծել ակադեմիական և գիտական ասպարեզներում հաղորդակցվելու, որը հնարավորություն կտա, ըստ իրադրության, անգլերենով արտահայտվել նախատեսված  թեմաների  շուրջ   և  լեզվական  նյութի   սահմաններում  հասկանալ  ընթերցած կամ լսած խոսքը:

«Այսօր անգլերեն սովորելու բազմաթիվ պատճառներ կան: Օրինակ՝ անգլերենը միջազգային լեզու է: Աշխարհի 5 ամենամեծ լրատվական կենտրոնների լեզուն անգլերենն է: Անգլերենի իմացությունը թույլ է  տալիս  սովորել արտասահմանում և բարձրացնել կրթության որակը: Հայաստանի ռազմավարական ծրագրերից է տուրիզմի զարգացումը, սակայն Հայաստանը, փոքր երկիր լինելով, չի կարող զարգացնել տուրիզմը իր լեզվով (հայերենով). դա հնարավոր է իրականացնել  միայն անգլերենի միջոցով… ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների մեծ մասը չի տերապետում անգլերենին, քանի որ տարածաշրջանում երկար ժամանակ որպես օտար լեզու լայն տարածում է ունեցել ֆրանսերենը: Հաշվի առնելով վերը նշված և բազմաթիվ այլ հանգամանքներ՝ ԵՊՀ ԻՄ-ն իր դասախոսների համար իրականացնում է «Անգլերենը ակադեմիական միջավայրում» որակավորման բարձրացման դասընթացը», – անդրադառնալով դասընթացի նպատակին՝ ընդգծեց Զ.Անտոնյանը:

Դասընթացը միտված  է  սովորողների   հաղորդակցական  կարողությունները   զարգացնելու 4 հիմնական ուղղություններով (լսել, խոսել, կարդալ, գրել), քանի  որ  լեզվական  գործունեության  այս  4 տեսակների համադրությամբ  է  հնարավոր  դառնում  բնական  լեզվական  միջավայրի  մոդելի և շփման  համար  անհրաժեշտ  պայմանների ստեղծումը։

 Այն նախատեսված է իրականացնել ուսուցման 6 մակարդակներով (A1, A2, B1, B2, C1, C2), որոնց  լիարժեք յուրացման արդյունքում սովորողը  հնարավորություն  կունենա անգլերենով օգտվել մասնագիտական գրականությունից, ընկալել  գրավոր   և բանավոր գիտական  խոսքը, ինչպես  նաև  հաղորդակցվել  մասնագիտական  հարցերի  շուրջ:

ԵՊՀ ԻՄ-ի դասախոսական կազմը խմբավորվել է ըստ անգլերենի   իմացության  մակարդակների, և  այժմ   իրականացվում  է    անգլերենի   A1  մակարդակի  ուսուցման  դասընթացը, որում ընդգրկված են մասնաճյուղի 29 դասախոսներ:

Այս դասընթացի շրջանակներում դասախոսներին մատուցվում են սկզբնական գիտելիքներ անգլերենի հնչյունաբանությունից, քերականությունից և բառապաշարից: Ընդհանուր առմամբ անգլերենի A1 մակարդակը  նպատակաուղղված է ավանդական և ինտենսիվ  մեթոդների զուգակցմամբ հիմք  դնել սովորողների  լսելու, կարդալու, թարգմանելու, պատմելու  կարողությունների  ձևավորմանը:

Դասընթացի  ընդհանուր   տևողությունը  10  շաբաթ   է (60 ժամ ժամաքանակով) և կավարտվի հունիսի 28-ին՝ քննությամբ (անգլերենի համապատասխան մակարդակի տիրապետման  թեստի  հանձնում):

Դասախոսները բավականին ակտիվ են դասերի ժամանակ և մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դասընթացի նկատմամբ: