Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հայկական էսքիզներ» ներկայացման հրավեր

պլակատ.cdr Հարգելի՛ համալսարանականներ, 2019թ. ապրիլի 2-ին՝ ժամը 15:00-ին, սիրով հրավիրում ենք ձեզ Իջևանի մշակույթի տուն՝ դիտելու Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ի հիման վրա ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից բեմադրված ներկայացումը:

Պիեսի համահեղինակներն են ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և «Անկախության սերնդի ձայնը» մրցույթ-փառատոնի գրական մրցույթում «Անդին»-ի մրցանակը շահած Անի Միքայելյանը, հագուստների ձևավորումն իրականացրել է «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը, կերպարները մարմնավորել են ԵՊՀ ուսանողները, ովքեր ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդայի սաներն են: Անդրանիկ Օզանյանի կերպարը մարմնավորելու համար հրավիրվել է մեկ պրոֆեսիոնալ դերասան՝ Սամվել Բաղինյանը:

Վ.Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» էսսե-վիպակը, ինչպես հայտնի է, պատմում է հայ ժողովրդի անցած ճանապարհի, նրա դժվարությունների, հեղափոխությունների ու պատերազմների, դրանց հետևանքների, աշխարհասփյուռ հայության և այդ ամենի մեջ իսկական հայի կերպարի մասին: Տվյալ ներկայացման հեղինակների կողմից կատարվել են խմբագրական աշխատանքներ, ինչպես նաև ավելացումներ վերջին Արցախյան ու Ապրիլյան քառօրյա պատերազմների և նրանց հերոսների մասին:

Անդրադառնալով այդ ամենին՝ ներկայացման հեղինակները ստեղծել են հայրենասիրական թեմատիկայով արված նոր ձևաչափով ներկայացում, որը նպատակ ունի այսօրվա սերնդի մտածողության մեջ սերմանելու այնպիսի հայրենասիրական գաղափարներ, որոնցում կարևորություն է տրված ոչ թե ողբին ու կորուստներին, այլ սեփական երկրի համար պայքարող, արարող և նրա համար ապրող տեսակին: