Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Արվեստաբան-գծանկարիչ Լ.Լաչիկյանի նվերը մասնաճյուղին

1. գլխավոր Անվանի գեղագետ, արվեստաբան-գծանկարիչ, ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լ.Լաչիկյանի ստեղծագործությունները հայտնի են արվեստասեր լայն շրջանակներին: Նա ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր է, 17 անհատական ցուցահանդեսների հեղինակ՝ կազմակերպված հայրենիքում և արտերկրում: Վերջերս նրա «Հայկական եկեղեցիներ» բացիկաշար-ալբոմը պատվավոր մրցանակի արժանացավ Ալմաթիում կայացած ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցույթի «Գիտություն և կրթություն» անվանակարգում:

2021թ. հոկտեմբերի 26-ին Լ.Լաչիկյանը մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանին նվիրեց իր նոր աշխատանքը՝ ԵՊՀ ԻՄ-ի գլխավոր մասնաշենքի գծանկարը:

Ինչպես իր խոսքում նկատեց պարոն Մակարյանը, նման նկար ունենալու գաղափարն ինքն արտահայտել էր ամիսներ առաջ՝ ի նկատի ունենալով, որ Լ.Լաչիկյանն է Մայր բուհի 100-ամյակին նվիրված հոբելյանական նամականիշի էսքիզի հեղինակը: Պարոն Լաչիկյանն իր հերթին հավելեց, որ այդ առաջարկը համընկել է իր ներքին ցանկության հետ՝ մանավանդ որ կար լավ առիթ. ս.թ. հոկտեմբերի 23-ին լրացավ Իջևանում քոլեջ-համալսարանի հիմնադրման 30-ամյակը: Վերջինիս բազայի վրա է 1994թ. հիմնադրվել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:

Ուրախալի է, որ արդեն ունենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի իմիջը ներկայացնող, նուրբ գծերով ու զուսպ երանգավորմամբ առանձնացող գծանկար: