Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնակցություն հայաստանյան բուհերի ուսանողների շրջանում իրականացված հետազոտության արդյունքների ներկայացմանը

IMG_1289-24-12-18-10-21 2018թ. դեկտեմբերի 21-ին Ռադիոտանը տեղի ունեցավ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն»-ի կողմից ս.թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացված «Հայաստանի բուհերում սովորող ուսանողների շրջանում հանդուրժողականության և սոցիալական երևույթների հանդեպ դիրքորոշման չափում. Մեդիայի ազդեցությունը վերջիններիս ձևավորման վրա» հետազոտության արդյունքների ներկայացումը:

Կենտրոնը, կարևորելով երիտասարդության դերը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, նպատակ է ունեցել ժամանակակից զարգացումների համապատկերում ուսումնասիրել երիտասարդության ակտիվ խմբի՝ ուսանողների  դիրքորոշումը սոցիալական մի շարք երևույթների նկատմամբ, պարզաբանել երիտասարդության ձևավորման վրա մեդիայի դրական և բացասական ազդեցությունը:

Հետազոտության արդյուքների ներկայացմանը հրավիրվել էին կենտրոնի հետ արդյունավետ համագործակցած հայաստանյան բուհերի, այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներ: Մասնաճյուղից հանդիպմանը ներկայացել էր Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Է.Ղարայանը: Հանդիպումը ԵՊՀ ԻՄ-ի համար կարևոր էր այնքանով, որ հարցմանը մասնակցել են նաև մասնաճյուղի ուսանողներ, ու թեև արդյունքները ներկայացվել են ընդհանուր կերպով՝ չառանձնացնելով կոնկրետ բուհերը, այնուամենայնիվ այդ արդյունքները ներկայացնում են նաև մեր ուսանողության կարծիքը այդ կարևորագույն խնդրի՝ հասարակության մեջ հանդուրժողականության ընկալման ու դրսևորման ձևերի և ժամանակակից մեդիայում անհանդուրժողականություն արծարծող հաղորդումների  վերաբերյալ:

Հանդիպման կազմակերպիչները նշեցին, որ հարցմանը մասնակցել են հայաստանյան բուհերի (այդ թվում՝ մարզերում գտնվող) 17-25 տարեկան 713 ուսանողներ։ Հետազոտման համար ընտրվել են տարբեր մեթոդներ՝ քանակական, զույգերի համեմատման, մտացածին իրավիճակներում հնարավոր գործողությունների, դատողություններին համաձայնության և այլն:

Հարցման մասնակից ուսանողները տվել են հանդուրժողականության և անհանդուրժողականության իրենց սահմանումները, նշել են ներկայացված իրավիճակներում հանդուրժողականության դրսևորման իրենց գործողությունները, կատարել են դատողություններ երիտասարդության շրջանում տարածված մի շարք խնդիրների վերաբերյալ, արտահայտել են իրենց դիրքորոշումը՝ առաջադրված արժեքների միջև կատարելով ընտրություն, նշել են այն հաղորդումները և ֆիլմերը, որոնցում արծարծվում են հանդուրժողականության և անհանդուրժողականության հարցեր:

Հանդիպման վերջում ամփոփիչ հարցադրումների միջոցով տեղի ունեցավ ակտիվ քննարկում, նշվեցին հետազոտման արդյունքներով վեր հանված մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ արդյո՞ք արժեքները պետք է լինեն հստակ սահմանված, արդյո՞ք հանդուրժողականությունը և անհանդուրժողականությունը հասարակության մեջ միանշանակ են ընկալվում, արդյո՞ք մեդիայի անելիքները հստակ են, և այն իրականացնում է իրեն վերագրված կրթող, արժեհամակարգ ձևավորող ֆունկցիաները և այլն:

Որպես քննարկումների եզրակացություն՝ ներկաների կողմից արծարծվեց այն միտքը, որ ներկայացված խնդիրները մանրամասն հասկանալու համար թերևս նոր հետազոտության անհրաժեշտություն կա: Այնուամենայնիվ, անվիճարկելի համարվեց այն, որ ցանկացած բուհի գերակա խնդիրն է ուսանողներին տալ համակողմանի գի­տե­լիքներ, կա­րո­ղու­թյուններ և հմտություններ, նրանց դաստիարակել բարոյական, ազգային և հա­մա­մարդ­կային արժեքների ոգով:

Հանդիպման ուղիղ հեռարձակումը տե՛ս այստեղ: