Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սուրբ Խաչի մասունքի բերման արարողությանը մասնակցելու հրավեր

42724873_1894450517531545_5168748881650909184_nՀարգելի՛ համալսարանականներ, 2018թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-14:00-ին, հրավիրում ենք ձեզ Իջևանի շատրվանների հրապարակ՝ ձեր մասնակցությունն ունենալու Մայր աթոռ Ս. Էջիմիածնից Վարագա վանք Սուրբ Խաչի մասունքի բերման արարողությանը, որի ընթացքում հնարավորություն կունենաք օրհնություն ստանալու և հաղորդվելու:

Արդեն 3 տարի է, ինչ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջարկությամբ Ս. Խաչի մասունքը տարվում է Դիլիջանից Իջևան-Նոյեմբերյան-Բերդ-Վարագա, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան մոտենալու և հաղորդվելու:

Խաչին նվիրված տոներից բացի՝ Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:

Այս տարի այն կտոնվի սեպտեմբերի 30-ին, իսկ սեպտեմբերի 29-ի առավոտյան Քրիստոսի Խաչափայտի մասունքը հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի աշխարհասփյուռ հայության սրբազան ուխտատեղի Սուրբ Էջմիածնից, և Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ու հոգևոր դասի ուղեկցությամբ այն պտույտ կկատարի Տավուշի թեմի ողջ տարածքով: Սուրբ մասունքը կհասնի Դիլիջան (11:00-13:00), ապա Իջևան (13:00-14:00), Նոյեմբերյան (15:00-17:00), Բերդ (19:00) և երեկոյան՝ Նոր Վարագավանք (Գտնվում է Տավուշի մարզի Շամշադինի շրջանի Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք, բարձր ժայռի վրա), որտեղ կկատարվի գիշերային հսկում:

Սեպտեմբերի 30-ին` Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը՝ առավոտյան ժամը 10:00-ին, Վարագավանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի կողմից: