Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հաջողության բանաձև». հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Նարեկ Չատյանի հետ

  3. Նարեկ Չատյան

 2019թ. հունվարի 29-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2008թ. շրջանավարտ, «Ապագա տուր» ՍՊԸ մենեջեր Նարեկ Լևոնի Չատյանի հետ:

-Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

-Ծնվել եմ 1988 թվականի հունվարի 17-ին Իջևան քաղաքում:

-Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի (ծնողների, կնոջ, զավակների) մասին:

-Ես մանկավարժների ընտանիքի զավակ եմ: Հայրս՝ Լևոն Չատյանը, կյանքից հեռացել է, մայրս՝ Հասմիկ Աբազյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է: Ունեմ քույր և եղբայր. քույրս աշխատում է Մատենադարանում, եղբայրս՝ «Յելլ էքստրիմ պարկ»-ում:

-Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

-Երազանքներս անընդհատ փոփոխվում էին. ամենատպավորվածները օդաչու և ճարտարապետ դառնալու երազանքներն էին:

-Ի՞նչ կրթություն եք ստացել:

– 2008 թվականին ավարտել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Սոցիալ-մշակութային ծառայություն և զբոսաշրջություն» մասնագիտության բակալավրիատը: 2010թ. ավարտել եմ ԵՊՀ մագիստրատուրան՝ ստանալով մշակութաբանության մագիստրոսի աստիճան:

Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

– ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը հիմնական դեր է խաղացել իմ կյանքում և կարիերայում: Դասախոսական անձնակազմի (մեծապես՝ Պ.Ասիլբեկյանի), իմ ուսանող ընկերների՝ կրթության հանդեպ վերաբերմունքն ու սերը դրդեցին ինձ, չնայած սուղ պայմաններին, աշխատելու այն բնագավառում, որը կապված է իմ մասնագիտության հետ:

Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

– Իմ աշխատանքային գործունեությունն ամբողջվին կապված է «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտու հետ: 2009-ից «Ապագա ռեզորթ»-ում աշխատել եմ որպես ձիավար-ուղեկցող, 2012-ից՝ ադմինիստրատոր, 2015-ից աշխատում եմ որպես մենեջեր:     

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

– Հայ գրականությունից՝ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը, արտասահմանյան գրականությունից՝ Պաուլո Կոելյոյի (Կոելիոյի) «Ալքիմիկոսը» գիրքը:

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

– Ես մեծ գրքասեր եմ և ափսոսում եմ, որ վերջին տարիներին շատ չեմ հասցնում կարդալ: Վերջերս կարդացել եմ Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը:

Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

– Երաժշտության հանդեպ տարատեսակ մոտեցում ունեմ. ռաբիզ երաժշտություն այնքան էլ չեմ սիրում, ընդհանրապես, տրամադրությունից կախված, տարբեր ոճերի երաժշտություն եմ լսում, բայց առավել նախընտրում եմ ուրախ տրամադրություն ստեղծող երաժշտություն:

Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

– Սիրում եմ «Միլիոնատերը ետնախորշերից», «Մենք ենք, մեր սարերը», Ս.Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմերը, որոնք կարող եմ մի քանի անգամ դիտել:

Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

– Ֆուտբոլն է իմ նախընտրած մարզաձևը. թե՛ ֆուտբոլ խաղալը, թե՛ դիտելը հոբբի է ինձ համար:

Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

– Հայաստանում իմ սիրած վայրը Մակարավանքն է՝ այն վայրը, որը տեսնելու առիթը երբեք բաց չեմ թողնի: Արտասահմանում շատ չեմ եղել. հավանել եմ Սոչիի “Красная Поляна” հանգստյան գոտին:

Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

– Ազնվությունը, անկեղծությունը, հավատարմությունը և իհարկե ինտելեկտը:

Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

– Առաջնորդող կարգախոս կամ ասույթ չունեմ:

Ի՞նչ երբեք չեք անի:

– Չեմ դավաճանի, անազնիվ չեմ վարվի:

Ինչի՞ց եք վախենում:

– Վախենում եմ հարազատ մարդկանց կորցնելուց:

Ինչի՞ համար եք ափսոսում:

– Եթե լիներ այնպիսի մի երևույթ, որի համար առանձնապես ափսոսայի, կնշեի. երևի իմ կյանքում ամեն ինչ եղել է այնպես, ինչպես պետք է լիներ, թեև ամեն օր էլ կարելի է ափսոսալ արածների և չարածների համար:

Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

– Ներքին ձայնիս հետևելը, ինտուիցիայի նկատմամբ հավատն ինձ օգնում է տարբեր իրավիճակներում որոշումներ կայացնելիս:

Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

– Կարծում եմ՝ իմ ամենամեծ ձեռքբերումը դեռ առջևում է. մինչև հիմա բոլոր ձեռքբերումներս կապված են իմ աշխատանքային ոլորտի և ընկերների հետ…

Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

– Հավատամքը, կամքի ուժը, նպատակասլացությունը, ուղղությունից չշեղվելու հատկությունը:

Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

– Ամենակարևոր խորհուրդները ստացել եմ իմ պապերից: Այդ խորհուրդները մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա և շատ են օգնել ինձ կյանքում, բայց հիմա դրանցից որևէ մեկը չեմ առանձնացնի:

Ո՞րն է այն հիմնական խորհուրդպատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄի ուսանողներին):

– Մեր երիտասարդներին խորհուրդ կտամ մասնագիտություն ընտրելիս հենց այնպես չընտրել, անպայման հաշվի առնել տվյալ մասնագիտության հանդեպ սերը և, ինչու չէ, ապագա աշխատանքը: Նրանց կմաղթեմ մեծ կամք և նպատակասլացություն իրենց մասնագիտությամբ աշխատելու համար:

Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար:  

  

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը: