Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀՀ արտգործնախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2017թ. սեպտեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց ՀՀ արտգործնախարարի` ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Վահագն Աթաբեկյանը:

ՀՀ արտգործնախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանի այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Այցելության նպատակը 2018թ. Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի վերաբերյալ մասնաճյուղի ուսանողների հետ քննարկում անցկացնելն էր: 

Նախ՝ պարոն Աթաբեկյանը ուսանողներին հաղորդեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն:

Մասնավորապես նշվեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ/Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնադրվել է 1970 թ.-ին։ Կազմակերպությունում ընդգրկված են 54 լիիրավ, 4 ասոցացված և 26 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն: ՖՄԿ-ում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է 900 մլն., որից 274 մլն. ֆրանկոֆոն են։ ՖՄԿ-ում ներգրավված երկրները սփռված են աշխարհի հինգ մայրցամաքներում։ Նշվեց, որ ՄԱԿ-ի անդամ երկրների մեկ երրորդից ավելին անդամակցում է այս կազմակերպությանը (պաշտոնական կայքի հասցեն` www.francophonie.org

ՀՀ արտգործնախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանի այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Ներկայացվեց, որ ՖՄԿ-ն իր առաջնային առաքելությունն է համարում աշխատանքները՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների, ֆրանսերեն լեզվի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության առաջխաղացման, կրթության և վերապատրաստման խթանման, տևական զարգացման գրասենյակի հետ համագործակցության խրախուսման, մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության ակտիվացման, անդամ-երկրների և կառավարությունների միջև համերաշխության ուժեղացման՝ նրանց տնտեսական աճն ամրապնդելուն ուղղված բազմակողմանի համագործակցության գործողություններով:

Ֆրանկոֆոնիայի ատյաններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ 2003թ. Հայաստանը Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) գագաթնաժողովում ձեռք է բերել ՖՄԿ-ում դիտորդի կարգավիճակ, իսկ այնուհետև` 2008թ. հոկտեմբերին, Քվեբեկ-Կանադայի գագաթնաժողովում դարձել է ՖՄԿ-ի ասոցացված անդամ։ Հայաստանի և ՖՄԿ-ի միջև հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր էր 2010թ. ապրիլին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի պաշտոնական այցը Հայաստան: 2012թ. հոկտեմբերին Քինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ, որին մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանը ձեռք է բերում ՖՄԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ՝ դառնալով ՖՄԿ-ի 54-րդ անդամ-երկիրը:

ՀՀ արտգործնախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանի այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Այնուհետև ՀՀ արտգործնախարարի խորհրդական Վ.Աթաբեկյանը մասնաճյուղի ուսանողներին ներկայացրեց 2018թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի մասին, թե ինչպես  2016թ. նոյեմբերի 27-ին Անտանանարիվուում (Մադագասկար) ընթացող Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթնաժողովը միաձայն որոշում ընդունեց 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովն անցկացնել Հայաստանում: Պարոն Աթաբեկյանը հանգամանորեն բացատրեց, թե ինչ հեռանկարներ կարող է բացել միջազգային գագաթնաժողովը Հայաստանի առջև՝ քաղաքական, մշակութային և տնտեսական առումներով:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները ՀՀ արտգործնախարարի խորհրդականին տվեցին թեմայի վերաբերյալ իրենց հետաքրքող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ:

ՀՀ արտգործնախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանի այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Պարոն Աթաբեկյանը պատրաստակամություն արտահայտեց մասնաճյուղի ուսանողներին ևս հրավիրել ներկա գտնվելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովին: