Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ընդլայնված նիստը

2017թ. հոկտեմբերի 31-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ընդլայնված նիստը, որին հրավիրված էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ա.Ներսիսյանը, մասնակցում էին ամբիոնի անդամները:

Ընդլայնված նիստում ներկայացվեցին ուսումնական խորհրդատուի (կուրատոր/կուրսղեկ), կրթական ծրագրի պատասխանատուի, ամբիոնի վարիչի հաշվետվությունները՝ 2017-18 ուստարվա առաջին կիսամյակում (սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին) իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Կայացավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ընդլայնված նիստը

Ներկայացվեց, որ հաշվետու ժամանակահատվածում «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 1 կուրսի ուսումնական խորհրդատու, բ.գ.թ., ասիստենտ Լ.Թումանյանն իրականացրել է հետևյալ աշխատանքները.

  • Ուսումնական տարվա սկզբին 1-ին կուրսի ուսանողներին է ներկայացվել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդհանուր կառուցվածքը և ուսումնական գործընթացի կանոնակարգը, ԵՊՀ ԻՄ-ի կայքից, դասատախտակից, գրադարանից օգտվելու կարգը:
  • Ուսանողներին տրվել է համապատասխան կանոնակարգ, որտեղ նշված են նրանց իրավունքներն ու պարտականությունները:
  • Նրանց ներկայացվել է ուսումնառության կրեդիտային համակարգի սկզբունքները, ինչպես նաև բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների համար հրատարակված «Կրեդիտային համակարգով ուսումնառության ուղեցույց և դասընթացների տեղեկագրքից» օգտվելու կարգը:
  • Հաշվետու ժամանակահատվածում, ըստ ժամանակացույցի և ժամանակացույցից դուրս, հանդիպումներ են կազմակերպվել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների հետ:
  • Կիսամյակի ընթացքում մշտադիտարկվում են ուսանողների գիտելիքների ձեռքբերման և գնահատման գործընթացները (գործնական և սեմինար պարապմունքներ, ընթացիկ ստուգումներ և քննություններ):

Ամբիոնի ընդլայնված նիստում «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու, բ.գ.թ., դոցենտ Ա.Սարհատյանը ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում (սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին) իր կողմից իրականացված աշխատանքները:

Կայացավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ընդլայնված նիստը

Ներկայացվեց, որ հաճախակի կազմակերպվել են հանդիպումներ «ՀԼԳ» մասնագիտության բոլոր կուրսերի ուսանողների հետ, հաշվի են առնվել ուսումնական գործընթացին վերաբերող նրանց առաջարկություններն ու կարծիքները:

Մասնաճյուղի բոլոր ֆակուլտետների առաջին կուրսերում  տրվել են  թելադրություններ, որոնց արդյունքները քննարկվել են ամբիոնում և համապատասխան կուրսերում, ուսանողներին տրվել հանձնարարականներ: Դրանց վերացման ուղղությամբ ամբիոնում մշակվել են համապատասխան ծրագրեր և հետևողականորեն իրականացվում են:

Ուսանողների ստեղծագործական մտքի, բանավոր և գրավոր խոսքի զարգացման նպատակով մշակվել է պլան, նրանց տրվել են բազմաբնութ առաջադրանքներ` մասնագիտական կարողությունները զարգացնելու, աշխարհայացքն ու մտահորիզոնը լայնացնելու, խոսքային էթիկան կատարելագործելու համար:

Հայտարարվել է ստեղծագործական լավագույն աշխատանքի համահամալսարանական մրցույթ` «Աշխարհն իմ աչքերով», «Տու՛ն դարձեք, հայե՛ր», «Սիրո գույները» թեմաներով:

Պատրաստ են ամբիոնի բոլոր դասախոսների մասնագիտական առարկաների փաթեթները: Ստուգվում է ծրագրերի կատարողականների ընթացքը:

Ամբիոնում մշակվել և դասախոսների կողմից իրականացվում են նաև այլ միջոցառումներ, որոնք  միտված են հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու ուսանողների առօրյան:

Գրականության դերի ու նշանակության նկատմամբ ուսանողների հետաքրքրության մեծացմանն է նպատակաուղղված գրադարանին կից ստեղծված գրական ակումբը, որը ղեկավարում է ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ա.Հասանյանը, որի կազմակերպած առաջին իսկ միջոցառումները մեծ տպավորություն են գործել ուսանողների վրա:

Իրականացվել են դասալսումներ ամբիոնի դասախոսների մոտ (Գ.Մկրտչյան, «Ընդհանուր լեզվաբանություն» /3-րդ կուրս/, Կ.Պողոսյան, «Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանություն» /2-րդ կուրս/, Լ.Թումանյան, «Հնչյունաբանություն», «Բառագիտություն» /1-ին կուրս/) և վերլուծվել դրանք: 

Ապա ներկայացվեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանի հաշվետվությունը` 2017-2018 ուստարվա սեպտեմբերից հոկտեմբեր ամիսներին ամբիոնի կողմից իրականացված ուսումնագիտական և կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ:

Մասնավորապես նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում կազմվել և հաստատվել է ամբիոնի՝ 2017-2018 ուստարվա ուսումնական պլանը, որտեղ հստակ ցույց է տրված, թե ամբիոնը ուստարվա ընթացքում կազմակերպչական, ուսումնական, մեթոդական, գիտական ինչ ծրագրեր ունի, ինչ խնդիրներ է դրել իր առջև և դրանց լուծման համար ինչ ժամանակ սահմանել: Ըստ այդմ՝ հիշյալ երկու ամիսների ընթացքում վերանայվել են մասնագիտական առարկաների ուսումնական ծրագրերը, թարմացվել և համապատասխանեցվել են ուսումնական պլանին, դասընթացների փաթեթներում կատարվել են փոփոխություններ: Ամբիոնային քննարկումներից հետո այդ ամենը ներկայացվել է ֆակուլտետի դեկանին՝ պ. Ներսիսյանին: Առանձին հարցերի կապակցությամբ նրա տեղին միջամտություններից հետո հիշյալ փաստաթղթերը ամբիոնի նիստերում դրվել են հաստատման:

Նշվեց, որ առարկայական փաթեթների ծանրակշիռ մասը պատրաստ է, միայն երկուսը («19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գրականության պատմություն», «Քննադատության տեսություն») դեռ խմբագրման ընթացքի մեջ են, ունեն ամբողջացման կարիք:

Վերանայվել են նաև հարցաշարերը՝ թե՛ ընթացիկ և թե՛ ամփոփիչ-եզրափակիչ քննություններին վերաբերող, յուրաքանչյուր առարկայից, ըստ սահմանված գրաֆիկի, հարցաշարերը տրամադրվել են ուսանողներին: Որոշակի փոփոխության են ենթարկել ամփոփիչ ատեստավորման քննությունների հարցաշարերը:

Գրեթե բոլոր մասնագիտական առարկաների համար փոխվել են դասընթացի գնահատման գործիքներն ու ընթացակարգերը: Փորձ է արվել հնարավորինս հրաժարվել թեստային եղանակով ուսանողների գիտելիքների ստուգման տարբերակից՝ նախընտրությունը տալով գրավոր կամ բանավոր քննության տարբերակներին: Գնահատման ռազմավարության մեջ կարևոր տեղ է հատկացրել ուսանողի կատարած ինքնուրույն աշխատանքին, դասընթացների ժամանակ նրա դրսևորած ակտիվությանը:  

Ամբիոնի կողմից սպասարկվող մասնագիտական առարկաների դասընթացների փաթեթները տրվել են մասնաճյուղի այլ ամբիոններին, կազմվել է ընթացիկ ստուգումների ու քննությունների հանձնաժողովների կազմը: 

Տարեսկզբին վերջնական հաստատվել են ավարտական և կուրսային աշխատանքների թեմաները, նշանակվել են ղեկավարները: Սահմանվել է գրաֆիկ կուրսային և ավարտական աշխատանքների ղեկավարների և ուսանողների հանդիպումների համար:

Հաստատվել են 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնական խորհրդատուի  ժամանակացույցը, փոխադարձ և բաց դասալսումների գրաֆիկը:

Ընդլայնված նիստի ընթացքում 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակում (սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին) Հայոց լեզվի և գրականության ամբիոնի կողմից իրականացված աշխատանքները գնահատվեցին լավ: