Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բաց դաս «ԱԼԳ» մասնագիտության առաջին կուրսում

2017թ. նոյեմբերի 7-ին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, ՄԿԾ-ի պատասխանատու, բ.գ.թ. Աիդա Սարհատյանը «Հայոց լեզու և գրականություն» դասընթացի շրջանակներում բաց դաս անցկացրեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսում:

Բաց դաս «ԱԼԳ» մասնագիտության առաջին կուրսում

Դասին հրավիրված էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ներսիսյանը, դասախոսներ:

Բաց դասը բավականին հետաքրքիր էր և բովանդակալից:

Նախ Ա.Սարհատյանը ներկայացրեց դասի թեման («Բառապաշարի դասակարգման սկզբունքները»), նպատակը և խնդիրները (ըստ համապատասխան հատկանիշների՝ ժամանակակից հայոց լեզվի բառապաշարի դասակարգումը. բառային հիմնական ֆոնդ և բառային կազմ, փոխառություններ, հնաբանություններ, նորաբանություններ, դիպվածային բառեր, օտարաբանություններ, ժարգոնային բառեր, տերմիններ և այլն):

Բաց դաս «ԱԼԳ» մասնագիտության առաջին կուրսում

Ինչպես հայոց լեզվի և գրականության յուրաքանչյուր դասի, այնպես էլ այս բաց դասի համար տիկին Սարհատյանը մշակել էր համապատասխան մեթոդներ ու ձևեր, որոնք նպաստում են թե՛ ուսանողների գիտելիքների հարստացմանն ու գիտական նյութի յուրացմանը, թե՛  նրանց աշխարհայացքի ու մտահորիզոնի զարգացմանը, թե՛ բառապաշարի հարստացմանը, ստեղծագործական մտքի ու երևակայության շարունակական ձևավորմանը, թե՛ գեղագիտական ճաշակի բարձրացմանը:

Հայտնի է, որ հայոց լեզվի ուսումնասիրությունը` հիմնված  դպրոցում ձեռք բերած գիտելիքների և լեզվական կարողությունների վրա, նպաստում է օտար լեզուների իմացության խորացմանը, օտար լեզվամտածողության ընկալմանը, մայրենի և օտար լեզուների բառապաշարային, կառուց­վածքային ընդհանրությունների ու տարբերությունների ըմբռնմանը, մայրենի լեզվի և օտար լեզուների հաղորդակցական հնարավորու­թյունների համադրմանը:

Ըստ այդմ՝ բառապաշարի շերտերի մասին դպրոցում ձեռք բերված գիտելիքները ուսանողները բաց դասի ընթացքում խորացրին ու հարստացրին իրենց արդեն ծանոթ բառարանային ու հայ դասականների ստեղծագործությունների բառապաշարի քննությանը վերաբերող ինքնուրույն հանձնարարականներով: 

Ընթերցվեցին անգլերենից հայոց լեզու անցած տասնյակ բառեր` հայերեն համարժեքներով, նորաբանությունների, հնաբանությունների,  փոխառությունների ու ժողովրդախոսակցական բառերի շերտեր:

Բաց դաս «ԱԼԳ» մասնագիտության առաջին կուրսում

Կարևորվեցին նաև երկու (անգլերեն և հայերեն)  լեզուների միջառարկայական ու միջմշակութային կապերն ու  փոխազդեցությունները:

Ուսանողները խմբովին կատարեցին Կոմիտասի «Կաքավիկն» ու «Հո՛վ արեք, սարեր ջան»-ը, ապա անգլիական ժողովրդական թովիչ մի սիրերգ:

Երգերի կատարմանը հաջորդեց մեծ ներշնչումով գրված ստեղծագործական շարադրությունների ընթերցումը, որոնք իրենց հուզական խորունկ լիցքերով հաճելի տպավորություն թողեցին ներկաների վրա:

Բաց դասն անցավ բուռն ու հետաքրքիր քննարկումներով, որոնց ակտիվ մասնակցություն ունեցան նաև դասին հրավիրված պարոն Առաքելյանն ու Ներսիսյանը:

Բաց դաս «ԱԼԳ» մասնագիտության առաջին կուրսում

Տնօրենն ու ֆակուլտետի դեկանն իրենց գոհունակությունն արտահայտեցին բարձր մակարդակով կազմակերպված, հետաքրքիր ու բովանդակալից դասի համար՝ ևս մեկ անգամ ընդգծելով մայրենի և օտար լեզուների իմացության, նրանց հաղորդակցական հնարավորու­թյունների կիրառման, միջմշակութային կապերի կարևորությունը: