Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին

2014թ. ապրիլի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում վաղ առավոտից հնչում էր Հայոց ցեղասպանության թեմայով երաժշտություն (Արա Գևորգյան, Դանիել Դեքքեր, Լուսինե Զաքարյան):

Այնուհետև մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, ուսանողներ, Իջևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, տարբեր կազմակերպությունների ղեկավարներ այցելեցին Իջևանում տեղադրված Հայոց ցեղասպության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ծաղիկներ դրեցին հուշարձանին:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ հայ վրիժառուների նկարներով պաստառներ էին տեղադրվել մասնաճյուղից դեպի հուշարձան տանող ճանապարհին:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին

 

Հուշահամալիրի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն:

Պայմանականորեն Հայոց Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915թ. ապրիլի 24-ը. այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը ՝ 600 հայազգի մտավորականներ, որոնք հետագայում սպանվեցին աքսորի ճանապարհին. Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Ռուբեն Սևակ,  Երվանդ Սըրմաքեշհանլյան, Ատոմ Յարջանյան, Հովհաննես Հարությունյան և այլք: Սակայն հայ պատմագիության մեջ որպես Հայոց Ցեղասպանության տարեթվեր ընդունված է համարել 1892-1923թթ. որպես Թուրքիայի կառավարող շրջանների՝ Համիդյան Թուրքիայի, ապա Երիտթուրքերի կառավարության կողմից կազմակերպված ցեղասպանություն,որի հետևանքով  զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Հուշարձանի 12 քարակոթողները` խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում: Երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է՝ հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում և երազելի «Մեծ Թուրանի »-ի ստեղծում՝ Բոսֆորից մինչև Ալթայ։ Այս համատեքստում Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին, իսկ չկային հայերը՝ չկար նաև Հայկական հարցը։ Երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Ծրագրի հեղինակներն էին Թալեաթը (ներքին գործերի նախարար), էնվերը (ռազմական գործերի նախարար), Ջեմալը (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ Հայոց ցեղասպանությունը նախատեսված էր իրականացնել երեք փուլով, որի առաջին փուլը ապրիլի 24 էր, իսկ երկրորդ փուլը՝ շուրջ 60.000 հայ տղամարդկանց զորակոչը թուրքական բանակ: Բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդի ավելի ուշ, զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։ Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։ Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։ Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը՝1998, 2001թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002, և 2005թթ. ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն։ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր և որոշումներ ունեն Շվեդիայի խորհրդարանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Չիլի և Արգենտինայի Սենատները, Լիտվայի Ասամբլեան, ԵՎրապառլամենտը, Վենեսուելայի Ազգային Ասամբլեան, Լեհաստանի և Նեիդերլանդների խորհրդարանները, Կանադայի համայնքների, Իտալիայի դեպուտատների պալատը և այլն: Ֆրանսիայում և Ուրագվայում օրենքների տեսքով, իսկ Շվեյցարիայում՝ նաև այն ժխտելը դատապարտվում է քրեորեն: