Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

“Art EXPO”-2013

2013թ. սեպտեմբերի 20-ին Գյումրիում իրականացվեց ցուցահանդես, որը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Ցուցահանդեսում ընդգրկված էին հանրապետության բոլոր մարզերը:

Տավուշի մարզից ցուցահանդեսին ներկայացան մարզի կրթության, սպորտի, երիտասարդության հետ հարցերի վարչության պետ Աշոտ Փաշինյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կամո Այվազյանը, դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի ասիստենտ Անուշ Չիբուխչյանը, ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Ալբերտ Գաբրիելյանը, բակալավրի 4-րդ կուրսի ուսանող Անգին Մամյանը:

Մարզի տաղավարը ձևավորվեց ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների ավարտական բազմաժանր աշխատանքներով (գոբելեն, մետաքսանկարչություն, կերամիկական աշխատանք, փայտի գեղարվեստական մշակում, ասեղնագործություն և այլն):

Ցուցադրված աշխատանքների մեծ մասը ղարաբաղյան թեմայով էր:

 Ցուցահանդեսն ունեցավ բազմաթիվ այցելուներ`պետական գործիչներ, սփյուռքահայեր, քաղաքի բնակիչներ, ուսանողներ և այլք:

Ցուցահանդես այցելեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և շրջեց բոլոր տաղավարներով: Կամո Այվազյանը  և Անուշ Չիբուխչյանը նախագահին ներկայացրին ցուցադրված աշխատանքների թեմատիկան, մարզում գործող արվեստի ճյուղերը և կիրառական արվեստի ֆակուլտետում իրականացվող աշխատանքները:

Նախագահն իր գոհունակությունն արտահայտեց մասնաճյուղի ներկայացրած աշխատանքների կապակցությամբ: ՀՀ մարզերում գործող արվեստի տարբեր ճյուղերի բացահայտման իմաստով  ցուցահանդեսն ունեցավ ճանաչողական մեծ նշանակություն: