Մեկնարկում է «Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադրամի կրթաթոշակը

Կրթաթոշակի հայտ. նկ. «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակ Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի` Հայաստանի Հանրապետության մարզաբնակ (Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր)  և Արցախի ուսանողներին՝ ամբողջապես փոխհատուցելով չորս տարիների ուսման վարձը:

Կրթաթոշակի նպատակն է աջակցել և ոգևորել սոցիալական ակտիվություն ունեցող ուսանողներին, որոնք կարող են զարգացնել և ակտիվացնել համայնքային կյանքը:

Կրթաթոշակին դիմելու համար ուսանողը պետք է ներկայացնի, թե ինչպես են իր ուսումն ու հետազոտական նախագծերը նպաստելու համայնքային կյանքի բարելավմանն ու բարգավաճմանը:

Կրթաթոշակ ստացած ուսանողները հետագայում պետք է կյանքի կոչեն ներկայացված կարողությունների զարգացման ծրագրերը:

«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի առաջին կրթաթոշակակիրները  կընտրվեն արդեն 2023 թվականի գարնանը:

Կրթաթոշակին դիմելու համար պետք է ներկայացնել մոտիվացիոն նամակ՝ հիմնավորելով առաջարկվող ծրագրի օգտակարությունը համայնքի զարգացման համար, ֆակուլտետից տեղեկանք՝  ներառելով ՄՈԳ-ը, և անձնագրի գրանցման էջի պատճեն:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2022 թվականի դեկտեմբերի 5-ը:

Դիմումները կարող եք ուղարկել հետևյալ երկու էլ. հասցեներին՝ amarkarov@ysu.am, alen@aua.am:

Կրթաթոշակի մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://asbarez.com/aua-announces-the-kenn-kakosian-family-scholarship-fund/:

Հավելյալ հարցերը կարող եք գրել այս էլ. հասցեին՝ ani.poghosyan@ysu.am:

Պատվոգրեր և հավաստագրեր՝ ուսանողների տոնի առթիվ

1. գլխավոր ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում ս.թ. նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ «Ուսանողության միջազգային օր. տոնի պատմությունն ու ավանդույթը» թեմայով միջոցառում` «Ռուսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների մասնակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դասախոսներ բ.գ.թ., դոցենտ Մ.Զուրաբյանը, ասիստենտ Ե.Պետրոսյանը և ուսանողներ:

Մ.Զուրաբյանը ներկայացրեց տոնի նախապատմությունը, թե ինչպես դեռևս 1939 թվականին՝ հոկտեմբերի 28-ին, Պրահայում տեղի է ունեցել ցույց՝ ի պատիվ Չեխոսլովակիայի պետության կազմավորման տասնամյակի: Դրան մասնակցել են Պրահայի համալսարանների ուսանողներ: Այդ ժամանակ Չեխոսլովակիան արդեն օկուպացված էր գերմանական զորքերի կողմից: Ցույցը ցրելու ժամանակ գնդակահարվեց ուսանող Յան Օպլետալը: Հուղարկավորության օրը ուսանողներն ու համալսարանի դասախոսները վերածեցին զանգվածային ակցիայի՝ ընդդեմ այս դաժան սպանության: Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան հարյուրավոր ցուցարարներ ձերբակալվեցին և գնդակահարվեցին: Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը:

Միջոցառման հանդիսավոր հատվածում Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Կ.Պողոսյանը շնորհավորեց ուսանողներին տոնի առթիվ՝ մաղթելով նրանց անմոռանալի իրադարձություններով ու հիմնարար գիտելիքներով հագեցած վառ և դրական ուսանողական կյանք:

Ռուսաստանի գրողների միության և Հայաստանի գրողների միության անդամ, միջազգային գրական մրցույթների դափնեկիր, Երևանի Ռուսական տան ազգագրական նախագծերի համակարգման առաջատար մասնագետ Ելենա Շուվաևա-Պետրոսյանն էլ ուսանողների համար կարդաց հեղինակային բանաստեղծություններ:

Ուսանողուհի Մարիամ Դարբինյանը ևս հանդես եկավ հեղինակային ոգեշունչ բանաստեղծությամբ:

Միջոցառման ընթացքում տիրում էր բարձր տրամադրություն, ուսանողները ստացան նվերներ, պատվոգրեր, իսկ Մեծ ազգագրական թելադրության մասնակիցները՝ հավաստագրեր:

«Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրին մասնակցելու հրավեր

Կատարինե - հայտ. նկ.

 ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակը հայտարարում է «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի նոր ընդունելություն: Արդեն իսկ գրեթե 100 ակտիվ կատարինեներ գրանցել են բազմաթիվ հաջողություններ` ընտրվելով որպես ավագանու անդամներ, հիմնելով հասարակական կազմակերպություններ, դրական փոփոխություններ բերելով իրենց համայնքներում, և ոգևորված նրանց հաջողություններով` NDI-ը շարունակում է հզորանալու հնարավորություն տալ այլ ակտիվ և նախաձեռնող կանանց` հայտարարելով ընդունելություն 2023թ. դիմորդների համար:

«Կատարինե» ծրագրի նպատակն է բացահայտել Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի առաջնորդ կանանց՝ առանց տարիքային սահմանափակման, և կարողությունների զարգացման ու կապերի հաստատման շնորհիվ նպաստել նրանց առաջնորդությանը՝ հատկապես քաղաքական առաջնորդության բարեհաջող ընթացքին: Ծրագիրն անվճար է, և ընտրվելու դեպքում NDI-ը կհոգա մասնակիցների՝ ծրագրին առնչվող բոլոր ծախսերը: 

Ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ ֆեյսբուքյան էջից:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. նոյեմբերի 21-ը:

Ծրագրին կարող եք դիմել՝ անցնելով հետևյալ հղումով՝  https://forms.gle/uChxeyeJYEucG8xSA:

 

Ուսանողների տոնին նվիրված միջոցառում մասնաճյուղում

1. գլխավոր 2022թ. նոյեմբերի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված գրական-երաժշական միջոցառում, որը նախաձեռնել էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը:

Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներ:

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ ընդգծելով, որ ուսանողական տարիները մարդու՝ որպես մասնագետի ձևավորման ամենակարևոր տարիներն են, մաղթեց, որ դրանք լինեն նրանց կյանքի լավագույն ու հիշարժան, հարուստ գիտելիքների ամբարման, մեծ գաղափարների, լուսավոր երազանքների ու նպատակների ձևավորման և իրականացման տարիներ:

Միջոցառման ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները հանդես եկան գրական-երաժշտական, պարային, թատերական հետաքրքիր և գեղեցիկ կատարումներով:

Տրվեց տոնի նախապատմությունը, թե ինչպես է այն ծագել, տարբեր երկրներում ուսանողներն ինչպես են նշում իրենց տոնը:

Ներկայացվեցին աշխարհի համալսարանների վերաբերյալ հետաքրքիր փաստեր, ցուցադրվեցին ուսանողական առօրյային, բուհական միջավայրին վերաբերող երգիծական իրավիճակներ:

Ուսանողների տոնի առթիվ ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի մի շարք ուսանողներ ուսումնական պարապմունքների և պրակտիկայի ընթացքում իրականացրած ստեղծագործական աշխատանքների համար տնօրենության կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով, որոնք հանձնեց ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վահան Աղաբաբյանը:

Միջոցառման վերջում մասնակիցներն առանձնակի շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ ԻՄ-ի թատերական խմբակին և նրա գեղարվեստական ղեկավար Արմինե Զարգարյանին՝ միջոցառմանը յուրահատուկ երանգ հաղորդելու համար:

 

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Ուսանողների ուղերձի նկարը - Ա. Մ.  Սիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, մաղթում նշանակալի ձեռքբերումներ ուսման մեջ և կյանքում, անսպառ եռանդ և նպատակասլացություն՝ իրականացնելու նորարար և հետաքրքիր նախաձեռնություններ, ձեր գիտելիքները, կարողություններն ու հմտությունները ի սպաս դնելու մեր երկրի առաջընթացին:

Հիրավի, ցանկացած պետության զարգացման և բարգավաճման գրավականը կրթված և ստեղծագործ երիտասարդությունն է: Դուք եք մեր հասարակության շարժիչ ուժը, ազգային արժեքների կրողն ու պահապանը, հայրենի հողի և ազգային շահերի տերն ու պաշտպանը….   

Մասնաճյուղի ողջ անձնակազմը ջանք ու եռանդ չի խնայում իր տրամադրած կրթության որակի շարունակական բարելավման և աշխատաշուկայում պահանջված և մրցունակ մասնագետներ պատրաստելու համար: Դուք էլ եղեք պահանջատեր, նախաձեռնող, պրպտող, ներդրեք բոլոր ջանքերը կրթվելու և պիտանի մարդ դառնալու գործում: Այսօրվա ուսանողի ձգտումով, հաստատակամությամբ ու երազանքով է պայմանավորված մեր պետության վաղվա օրը:

Ի վերջո, յուրաքանչյուրս պիտի քաջ գիտակցենք և կյանքում առաջնորդվենք այն պարզ ու անվիճելի ճշմարտությամբ, որ, այո՛, կրթությունն է այն հզոր զենքը, որով կարելի է բարեփոխել, ավելի լավը դարձնել մեր հայրենիքը… Եվ յուրաքանչյուրս պիտի մեր ներդրումն ունենանք այդ կարևոր գործում, ուստի, ևս մեկ անգամ շնորհավորելով ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ, մաղթում եմ հաջողություններ ուսման մեջ, մասնագիտական և անձնական մեծ ձեռքբերումներ, նպատակների իրականացում…

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար,

ֆիզ.մաթգիտթեկն., դոցենտ Անուշավան Մակարյան