Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Պարգևատրվեց մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը

        Ս.թ. դեկտեմբերի 28-ին Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունն ամփոփեց 2012-2013 ուստարվա առաջին կիսամյակի գործունեությունը:

        ՈՒԳԸ-ի ընդլայնված նիստին ներկա էին ընկերության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, բազմաթիվ ակտիվ անդամներ, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը և ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆֆի Քարամյանը:

            ՈՒԳԸ-ի նախագահ Միքայել Մալխասյանը ներկայացրեց կիսամյակի գործունեությունը: Այս կիսամյակի ընթացքում ՈՒԳԸ-ն կազմակերպել է 19 գիտաժողով, որոնցից 7-ը՝ միջբուհական, 8 օլիմպիադա, 40 արտահամալսարանական միջոցառում, սեմինարներ, ֆիլմի դիտումներ, քննարկումներ և այլ բնույթի ավելի քան 140 միջոցառում:

   Ապա կայացավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված հանրապետական երիտասարդական գիտաժողովի հոդվածների ժողովածուի շնորհանդեսը:

Պատվոգրեր հանձնեցին երկու ֆակուլտետների ՈՒԳԸ-ների կազմակերպած վերջին գիտաժողովների մասնակիցներին, որոնց թվում էին մեր մասնաճյուղի ուսանողներ Մերի Սահակյանը և Սլավիկ Ալավերդյանը:

           Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողությանը: Պարգևների արժանացան «գերազանց» և «գերազանց վերապահումով» գնահատականներ ստացած ֆակուլտետների ՈՒԳԸ-ները: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ-ն ընդհանուր հաշվարկով զբաղեցրել էր 5-րդ տեղը (նախորդ կիսամյակի համեմատ բարելավել է ցուցանիշը երկու տեղով) և արժանացել «գերազանց վերապահումով» գնահատականի: Պարգևն ստացավ մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանը:

            Պարգևատրվեցին նաև յուրաքանչյուր ՈՒԳԸ-ի մեկական ակտիվ անդամ. մեր մասնաճյուղից պարգևատրվեց «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Ադամյանը:

          ՈՒԳԸ-ի նախագահը, Ռ. Մարկոսյանը, Վ. Վարագյանը և Ռ. Քարամյանը շնորհավորեցին բոլորի գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով գիտական ակտիվության և նորանոր ձեռքբերումների տարի: