Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ – 2014»

«ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն հայտարարվել է «Լավագույն ուսանող-2014» մրցույթը:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվում և անցկացվում է տարին մեկ անգամ:

Նպատակն է խրախուսել Երևանի պետական համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների առաջադիմությունը և խթանել նրանց գիտական ու հասարակական ակտիվությունը:

Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կենտրոնների կամ այլ ստորաբաժանումների այն ուսանողները, ովքեր առնվազն 4 կիսամյակ հանդիսացել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակների ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև ունեն մրցանակաբաշխության կանոնակարգում նշված «ԵՊՀ լավագույն ուսանողին» բնութագրող ձեռքբերումները:

Մասնակցության (որպես թեկնածու առաջադրվելու) համար ուսանողը, սահմանված կարգի համաձայն, պետք է ներկայացնի համապատասխան հայտ և անհրաժեշտ կից փաստաթղթերը:

Հայտերը պետք է լրացվեն առցանց՝beststudent.ysu.am էլեկտրոնային հասցեով:

Նշված ինտերնետային գործիքի միջոցով անհրաժեշտ է ստեղծված հայտը տպել, ստորագրել, կցել պահանջվող այլ փաստաթղթեր և մինչև 2014թ. հոկտեմբերի 28-ը՝ ժամը 16:00-ը, ներկայացնել ԵՊՀ ընդհանուր բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 1-ին հարկ):

«ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգը տեղադրված է ԵՊՀ պաշտոնական կայքում:

Մրցանակաբաշխության մասնակիցը պետք է ծանոթանա նշված կարգին, որպեսզի ապահովվի համապատասխան փաստաթղթերի առկայությունը (պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների բնութագիր (առավելագույնը երկու բնութագիր), ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախագահի բնութագրերը, տպագրված գիտական աշխատանքների պատճենները կամ դրանք հավաստող այլ փաստաթղթեր, ներհամալսարանական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան) և այլն):

«Լավագույն ուսանող-2014» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները կհայտարարվեն 2014թ. նոյեմբերի 17-ին կայանալիք «Լավագույն ուսանող-2014» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ:

Մրցույթին մասնակցելու հետ կապված ցանկացած հարցով ուսանողները կարող են դիմել ֆակուլտետի դեկանատ կամ «Լավագույն ուսանող-2014» ամենամյա մրցանակաբաշխության հանձնաժողովին:

Աղբյուրը՝   ysu.am