Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ում բացվել է մասնաճյուղի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Շիրակ Գասպարյանի անվան լսարան

1 - գլխավոր

2021թ. հունիսի 5-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացան ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոս Շիրակ Գասպարյանի հիշատակին նվիրված միջոցառումներ՝ հուշցերեկույթ, գրքի շնորհանդեսի և նրա անվամբ լսարանի բացում:

Հիշատակի և մեծարման միջոցառումներին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ և շրջանավարտներ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, Իջևանի քաղաքապետի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը, այլ պաշտոնատար անձինք, պատվավոր հյուրեր՝ «Հայ ասպետ» հաղորդաշարի հեղինակ և վարող Կարին Տոնոյանը, հայ ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը Շիրակ Գասպարյանի ընտանիքի անդամներ, ընկերներ և ուրիշներ:

Նախ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում կայացավ Շիրակ Գասպարյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ, որի ընթացքում ելույթ ունեցան նրա դասախոսները, ուսուցիչները, հարազատները:

Գնահատանքի, հիշատակի և օրհնության խոսքով հանդես եկան մասնավորապես ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ, Շիրակ Գասպարյանի դասախոս Վլադիմիր Պողոսյանը, ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, Շիրակի գրքի խմբագիր բ.գ.թ., դոցենտ Վաչագան Ավագյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի հարազատ դպրոցի վարչական և ուսուցչական կազմի ներկայացուցիչները, «Հայ ասպետ» հաղորդաշարի հեղինակ և վարող Կարին Տոնոյանը, Շիրակի քույրը:

Ապա տեղի ունեցավ Շիրակ Գասպարյանի՝ ԵՊՀ ԻՄ-ի նախաձեռնությամբ լույս տեսած «Ցիրուցան իղձեր» գրքի շնորհանդեսը, որի ընթացքում Շիրակի ոգեշնչող ու հուզիչ բանաստեղծություններից ներկայացրին «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները:

Շիրակը ստեղծագործել է նույնիսկ կռվի թեժ պահին: Ահա այդ ընթացքում գրված մի բանաստեղծություն, որից էլ ժողովածուն ստացել է իր անվանումը.

Ցիրուցան եղան իղձերս, մայրի՜կ,
Արկերի ձայնից հօդս ցնդեցին:
Արյան գետեր են հոսում սարերից,
Սարսափ ներշնչում մատաղ իմ սրտին:
Արհավիրք է, մա՜մ, կոտորած անգութ,
Ու կարծես սրտիս զարկերն են մարում:
Մա՜մ, դու ինձ ներիր,
Թե տուն չդառնամ,
Թե քեզ չգրկեմ, համբույր չստանաս:
Չարտասվես, մա՜յր իմ, հերոս է որդիդ,
Ու քեզ պահապան կլինի վերից՝
Որպես հրեշտակ, որպես լույս-ճրագ երկնի կամարից:

Շիրակ Գասպարյանի գրքի շնորհանդեսին հաջորդեց նրա անվամբ լսարանի բացման արարողությունը: ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության՝ 2021թ. հունիսի 1-ի նիստում որոշվել էր ԵՊՀ ԻՄ-ի զոհված շրջանավարտ Շիրակ Գասպարյանի անվան լսարանի բացումն իրականացնել Շիրակի ծննդյան տարեդարձի նախօրեին՝ հունիսի 5-ին: Լսարանի ընտրությունը պատահական չէր. ընտրվել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 52 լսարանը, որտեղ Շիրակն անցկացրել էր իր ուսումնառության 4 տարիները: Ուսանողական տարիներին զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ, նախագահել ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, ապա եղել է կառույցի փոխնախագահը։ Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և բարձր պատվով ներկայացրել համալսարանը։

ԵՊՀ ԻՄ-ում ստանալով «Պատմություն» մասնագիտությամբ բակալավրի որակավորում՝ Շիրակ Գասպարյանը 2020թ. հուլիսի 29-ին զորակոչվել է բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության: Վիճակահանության արդյունքում ծառայության է անցել ԼՂՀ-ում: Ելնելով համաճարակային պայմաններից՝ մինչև օգոստոսի 18-ը ծառայությունն անցկացրել է Մարտունի 2-ում, ապա տեղափոխվել է հիմնական ծառայության զորամաս՝ Ջրական: Ծառայել է 5-րդ ուսումնական գումարտակում՝ «Առանձիններում», ականանետի վրա (D1-D2): Պատասխանատու ծառայության շնորհիվ մեկ ամիս անց ամբողջությամբ տիրապետել է զենքին: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին մասնակցել է հենց առաջին օրից՝ լինելով առաջնագծում: Մինչև հոկտեմբերի 5-ը հրետանավոր ընկերների հետ պաշտպանել է Ջրականի դիրքերը, ապա նահանջել է Հադրութ: Հոկտեմբերի 8-ին, ստանալով հատուկ առաջադրանք, «Առանձինները» տեղափոխվել են Ահար լեռան լանջ, որպեսզի օգնեն զինակիցներին՝ ծուղակից դուրս գալու: Հոկտեմբերի 9-ին հակառակորդի վարձկան-ահաբեկիչների բազմահազարանոց զորքի հարձակումից հետո, կրելով մեծ թվով կորուստներ, Թաղասեռ գյուղում ընկել է շրջափակման մեջ: Մնալով առանց հրամանատար՝ ստանձնել է հրամանատարի պարտականությունները: Կապի դուրս գալով հրամկազմի հետ՝ օգնություն են խնդրել, սակայն թշնամու զորքը ճեղքել չի հաջողվել: Թշնամու համար աննկատ մնալու համար հրամկազմի ցուցումով բաժանվել են 5-6 հոգանոց խմբերի և անընդհատ փոխել են թաքստոցները՝ տեղափոխվելով Վանք գյուղ, հարակից անտառ, բնակելի տների նկուղներ։ Խմբերն անընդհատ միացել և բաժանվել են: Տղաները, երբ վերջին անգամ կապի են դուրս եկել, տեղեկացրել են, որ հակառակորդից թաքնվելու համար անտառ են մտնում: Հակառակորդը շուտով հայտնաբերել է տղաներին՝ փորձելով գերեվարել: Հակառակորդի պահանջներին չենթարկվելով և հրաժարվելով գերության մտքից՝ ստացել է հրազենի կրակոց և տեղում մահացել: 2021 թվականի ապրիլի 10-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

Շ.Գասպարյանի կենսագրական տվյալներին և ստեղծագործություններին կարելի է ծանոթանալ ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքի նորաստեղծ «Մեր քաջ զինվորականները» էջում հետևյալ հղումով՝ http://ijevan.ysu.am/shirakgasparyan/:

Շիրակ Գասպարյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթի, գրքի շնորհանդեսի և նրա անվամբ ԵՊՀ ԻՄում լսարանի բացման մասին տեսանյութը հասանելի է Տավուշ հեռուստաընկերության էջում հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/watch/live/?v=804762493358934&ref=watch_permalink:    

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Երևանի «Գլաձոր» համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

1. գլխավոր. IMG_6859

2021թ. մայիսի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Երևանի «Գլաձոր» համալսարանի ներկայացուցիչները՝ ռեկտոր, ի.գ.դ., պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, դոցենտ Ամալյա Խառատյանը, տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր, տ.գ.թ., դոցենտ Դանիել Ջհանգիրյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լիլիթ Սահակյանը, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար, իրավագիտության մագիստրոս Ռիմա Այդինյանը, Արտաքին կապերի և միջազգայնացման բաժնի ղեկավար, տ.գ.թ. Արման Տոնիկյանը, Կարիերայի կենտրոնի ղեկավար Էլիզա Հովհաննիսյանը:

Այցելության նպատակն էր տեղում ծանոթանալ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությանը, զարգացնել և խորացնել երկու բուհերի միջև համագործակցությունը:

Նախ կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշավան Մակարյանի, վարչական համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների/պատասխանատուների և Գլաձորի համալսարանի պատվիրակության անդամների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, ապա կնքվեց համագործակցության հուշագիր:

Կնքված հուշագրով կողմերն ամրագրեցին իրենց պատրաստակամությունը համագործակցելու կրթական ու գիտահետազոտական ոլորտներում, մասնավորապես՝

 

  • իրականացնել կրթական շարունակականությանն ուղղված ծրագրեր,
  • կազմակերպել հանդիպում-քննարկումներ՝ կողմերի առաջատար մասնագետների մասնակցությամբ,
  • իրականացնել փոխադարձ այցեր՝ բենչմարքինգ անցկացնելու նպատակով,
  • համագործակցել ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի փոխհամաձայնեցման և բարելավման աշխատանքների շուրջ,
  • անցկացնել գիտական և գործնական, ինչպես նաև գիտական և մեթոդաբանական գիտաժողովներ,
  • ապահովել ուսանողների և դասախոսների շարժունությունը սույն հուշագրի շրջանակներում ծավալվող միջոցառումներին (այդ թվում նաև վիրտուալ-առցանց), ինչպիսիք են՝ վերապատրաստումներ, սեմինարներ, խորհրդակցություններ, կլոր-սեղան քննարկումներ, հանրային դասախոսություններ, գիտաժողովներ և այլն,
  • իրականացնել համատեղ հետազոտական նախագծեր,
  • համատեղ կազմակերպել և իրականացնել միջբուհական մշակութային միջոցառումներ,
  • համագործակցել դասագրքերի, ուղեցույցների և այլ կրթական և ուսումնամեթոդական գրականության հրատարակման հետ կապված հարցերում,
  • որպես գործընկերներ մասնակցել եվրոպական ծրագրերին,
  • կազմակերպել կողմերի ուսանողների գիտահետազոտական, գիտամանկավարժական, ուսումնական, արտադրական պրակտիկաներ և այլն:

Հուշագրի կնքումից հետո տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը մասնաճյուղի անունից նվիրեց Գլաձորի համալսարանի պատվիրակությանը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար «Արդյունավետ հաղորդակցման հմտություններ» թեմայով վարպետության դաս անցկացրեց ԵԳՀ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր, տ.գ.թ., դոցենտ Դանիել Ջհանգիրյանը:

Ապա կազմակերպվեց շրջայց մասնաճյուղում, որի ընթացքում հյուրերը տեղում ծանոթացան բուհի վարչական ստորաբաժանումների, գործող կենտրոնների և ամբիոնների գործունեությանը, մասնագիտություններին, գրադարանային ֆոնդին, երկու բուհերի ներկայացուցիչներն իրար փոխանցեցին իրենց առաջավոր փորձը:

Գլաձորի համալսարանի պատվիրակությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հեռացավ փոխադարձ այցի ակնկալիքով և համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամությամբ:

ԵՊՀ ԻՄ-ը հաղթել է ուսուցիչներին վերապատրաստելու վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած մրցույթում

ԿԳՄՍՆ նյութի նկ.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի՝ 2021 թ. մայիսի 18-ի N 780-Ա/2 հրամանով հաստատվել է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկը, որում առաջին անգամ ընդգրկվել է նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:

Սահմանվել է, որ դասընթացներն իրականացվելու են ՀՀ կառավարության՝ 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1667-Ն որոշման 14-րդ կետի պահանջին համապատասխան՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը:

Համաձայն հրամանի` ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը երաշխավորել է 42 կազմակերպության և 14 դասընթաց, որոնցից յուրաքանչյուրն անցնելու համար սահմանվել են համապատասխան կրեդիտներ:

2021թ. ապրիլի 2-ին հայտարարված մրցույթում ԵՊՀ ԻՄ-ը ներկայացրել է հայտադիմումի փաթեթ, որի կազմման աշխատանքները ստանձնել է «Տավուշ» հետազոտական կենտրոնը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հաղթել է հայտարարված մրցույթում և հնարավորություն է ստացել իրականացնելու Տավուշի մարզի ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները բոլոր բաղադրիչներով հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, պատմություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, տեխնոլոգիա և ՆԶՊ առարկաների համար:

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

1. գլխավոր

2021թ. մայիսի 18-ին պաշտոնական այցով Տավուշի մարզում էր Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նախ Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում մարզպետ Հայկ Ղալումյանը և դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկեցին Տավուշի մարզի ընթացիկ վիճակն ու համագործակցության ընդլայնման հեռանկարները, գյուղատնտեսության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Մարզպետարանում կայացած ընդունելությունից հետո Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

Մասնաճյուղում կայացած հանդիպման ընթացքում տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը համառոտ ներկայացրեց բուհի պատմությունը, կառուցվածքը, իրականացվող մասնագիտությունները և մասնաճյուղի շրջանավարտների կարևոր դերը տարածաշրջանի զարգացման գործում: Նշվեց նաև ՌԴ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցության մասին, որի շնորհիվ մասնաճյուղում հիմնադրվել է երկու կենտրոն՝ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտման, Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց օգտագործել Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ներուժը, որի հետ մասնաճյուղն ունի համագործակցության հուշագիր՝ բարձրագույն կրթության, գիտության և մշակույթի ոլորտում ռուսական բուհերի հետ համագործակցության խորացման ուղղությամբ:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի, Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թ. Մ.Զուրաբյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյողում գործող Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոն, որտեղ պարբերաբար իրականացվում են ռուս գրականությանն ու մշակույթին առնչվող հոբելյանական ու հիշատակի միջոցառումներ, գիտական ընթերցումներ, ցուցադրություններ և այլն:

Հանդիպման վերջում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը ստացավ նվեր:

Շիրակի պետական համալսարանի ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

glxavor

2021թ. ապրիլի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ներկայացուցիչները՝ ռեկտորի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Երվանդ Սերոբյանը, Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ, բ.գ.թ., դոցենտ Նազելի Ավետիսյանը, Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի  կենտրոնի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ Հովիկ Մելքոնյանը, Արվեստի ամբիոնի վարիչ, մ.գ.թ. Օֆելյա Կուրազյանը, այլ աշխատակիցներ, ուսանողներ:

Այցելության նպատակն էր մոտիկից ծանոթանալ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությանը, խորացնել և զարգացնել երկու բուհերի միջև համագործակցությունը, համատեղ ծրագրերի իրականացումը:

Հյուրերի պատվին ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների վառ ու հետաքրքիր աշխատանքները:

Նախքան ցուցահանդեսի դիտումը համալսարանական հյուրերին իրենց ոգեշնչող ու գեղեցիկ կատարումներով ողջունեցին Իջևանի «Ավանդույթ» թիվ 2 երաժշտական դպրոցի սաները և ուսուցիչները:

Ցուցադրված աշխատանքները դիտելուց հետո ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և դասախոսների համար 19-րդ դարի ռուս գեղանկարչության վերաբերյալ հետաքրքիր ակնարկային դասախոսությամբ հանդես եկավ Շիրակի պետական համալսարանի արվեստի ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Արաքս Մարգարյանը:

Այնուհետև կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշավան Մակարյանի հետ ՇՊՀ-ի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի) և Շիրակի պետական համալսարանի (ի դեմս ռեկտորի պաշտոնակատար Ե.Սերոբյանի) միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով ամրագրվեց կողմերի պատրաստակամությունը համագործակցելու կրթական ու գիտահետազոտական ոլորտներում, մասնավորապես՝ իրականացնելու ակադեմիական շարժունության ծրագրեր, կազմակերպելու համատեղ վարպետության դասեր, ճանաչողական այցեր, պրակտիկաներ, գիտաժողովներ:

Հետևելով օրվա խորհրդին (1995թ. Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակել է որպես Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր)՝ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման բաժնի վարիչ, Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թՄարատ Զուրաբյանը Շիրակի պետական համլսարանին նվիրեց հեղինակային, մասնագիտական գրքեր:

Հաջորդիվ երկու համալսարանների վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները և ուսանողները այցելեցին Իջևանի պատմաերկրագիտական թանգարան և դիտեցին պատմական արժեք ներկայացնող ցուցանմուշները, Իջևանի և Տավուշի մարզի տարածքից հայտնաբերված գտածոները:

Այնուհետև խումբը ապրիլի 24-ի նախօրեին այցելեց Իջևանում տեղադրված` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին, ծաղիկներ դնելու հուշարձանին:

Հյուրերը ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելեցին նաև Իջևանի դենդրոպարկ, որտեղ ծանոթացան աշխարհի տարբեր երկրներից բերված յուրօրինակ ծառերի ու թփերի տեսականուն:

Շիրակի պետական համալսարանի պատվիրակությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հեռացավ ջերմ տպավորություններով, փոխադարձ այցի ակնկալիքով և համագործակցության ծրագրերի իրականացման պատրաստակամությամբ: