Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Առողջության ապահովագրության շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները կարող են օգտվել մի շարք անվճար բժշկական ծառայություններից

Առողջութ. ապահովագր. նորութ. նկար

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի) և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության (ի դեմս տնօրեն Մանե Մարտիրոսյանի) միջև 2021թ. մարտի 11-ին կնքված պայմանագրի համաձայն՝ ԵՊՀ ԻՄի հիմնական աշխատակիցները կարող են օգտվել առողջության ապահովագրությունից

Պայմանագիրը գործում է մինչև 2021թ. դեկտեմբերի 30-ը, և այդ ժամանակահատվածում մասնաճյուղի աշխատակիցները կարող են օգտվել մի շարք անվճար բժշկական ծառայություններից: 

Նախօրոք զանգահարելով «Նաիրի ինշուրանս» ընկերություն (հեռ. 098 277 277, 098 277 288, 060 50 00 60)՝ ընկերության աշխատակցի կողմից նրանք կստանան անհրաժեշտ ուղղորդում, թե որ բուժհաստատություն կարելի է դիմել համապատասխան բժշկական ծառայությունից օգտվելու համար: Որոշ ծառայությունների իրականացումը կհամակարգվի ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կողմից, որոնց մասին աշխատակիցները կտեղեկացվեն առանձին:

Պայմանագրով նախատեսված են հետևյալ բժշկական ծառայությունները.

  1. Տարեկան պարտադիր հետազոտություններ՝մասնաճյուղի կողմից ընտրված բժշկական հաստատությունում մեկանգամյա ֆլյուրոգրաֆիա և թերապևտիկ զննում:
  2. Տարեկան կանխարգելիչ հետազոտություն՝մասնաճյուղի կողմից ընտրված բժշկական հաստատությունում (առնվազն 4 բժշկական կենտրոններում)՝
  • PAP թեստ 35-ից բարձր տարիքի կանանց համար,
  • Կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն, բժշկի նշանակման դեպքում մամոգրաֆիական հետազոտություն 35-ից բարձր տարիքի կանանց համար,
  • PSA թեստ 45-ից բարձր տարիքի տղամարդկանց համար,
  • Որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն,
  • Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),
  • Տեսողության ստուգում,
  • Արյան ընդհանուր քննություն լեյկոբանաձևով,
  • Կանանց համար գինեկոլոգի խորհրդատվություն կամ տղամարդկանց համար ուռոլոգի խորհրդատվություն:
  1. Շտապ և անհետաձգելի բուժօգնություն.
  • Շտապօգնության խմբի այց, այդ թվում՝ մասնագիտացված,
  • Անհետաձգելի ախտորոշիչ-բուժական միջոցառումների իրականացում,
  • Անհետաձգելի բուժման դեղորայքի ապահովում:
  1. Ամբուլատոր բուժօգնություն.
  • Թերապևտի և նեղ-մասնագետների խորհրդատվություն, բուժման նշանակում,
  • Թերապևտիկ և վիրաբուժական հիվանդությունների բուժում ամբուլատոր պայմաններում,
  • Լաբորատոր ախտորոշում՝ ըստ բժշկի նշանակման,
  • Գործիքային ախտորոշում՝ ըստ բժշկի նշանակման:
  1. Ստացիոնար բժշկական օգնություն.
  • Դժբախտ պատահարների հետևանքով հոսպիտալացում և բուժում,
  • Թերապևտիկ և վիրաբուժական հիվանդությունների բուժում,
  • Ստացիոնար պայմաններում բուժում պահանջող հիվանդությունների բուժում (այրվածք, վնասվածք, թունավորու մ և այլն),
  • Ինտենսիվ թերապիա և ռեանիմացիոն միջոցառումներ պահանջող անհետաձգելի վիճակների բուժում,
  • Լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում: Անգիոգրաֆիկ հետազոտությունները, այդ թվում` կորոնարոգրաֆիա հետազոտության, հատուցում նույնիսկ այն դեպքում, երբ այդ հետազոտությանը չի հաջորդում ծրագրով նախատեսված վիրահատական միջամտություն,
  • Վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաների հատուցում,
  • Սրտանոթային վիրահատություններ և միջամտություններ,
  • Անոթային և նյարդավիրաբուժական վիրահատություններ և միջամտություններ,
  • Չարորակ ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժում,
  • Անհատական հիվանդասենյակի արժեքի հատուցում օրական 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ՝ անկախ օրերի քանակից:
  1. Քրոնիկ հիվանդությունների բուժում.
  • Ամբուլատոր բուժում պահանջող յուրաքանչյուր քրոնիկ հիվանդության սրացման անսահմանափակ քանակի բուժում,
  • Ստացիոնար բուժում պահանջող յուրաքանչյուր քրոնիկ հիվանդության սրացման սահմանակ բուժում,
  • Պլանային բուժում պահանջող հիվանդությունների վիրաբուժություն և/կամ միջամտություն:
  1. Հղիության հսկողություն:
  2. Ակնաբուժություն.
  • Ախտորոշում,
  • Աչքի տարատեսակ վնասվածքների և հիվանդությունների բուժում թերապևտիկ և վիրաբուժական եղանակներով:
  1. Դեղորայք.
  • Նշանակված ղեղորայքի ձեռքբերման ծախսերի հատուցում,
  • Համագործակցող դեղատներից նշանակված դեղորայքը անվճար/ուղեգրով ձեռք բերելու հնարավորություն:
  1. Պլանային վիրաբուժություն՝ պլանային բուժում պահանջող հիվանդությունների վիրաբուժություն և/կամ միջամտություն:

Պայմանագրի ներքո կարող են ապահովագրվել միայն ԵՊՀ ԻՄ-ի հիմնական աշխատողները և պայմանագրով ապահովագրված աշխատողների ընտանիքի անմիջական անդամները` մինչև 65 տարեկան ամուսին/կին, մինչև 18 տարեկան զավակ: Ընտանիքի անդամների համար, ըստ տարիքային խմբերի (0-17, 18-40, 41-65), սահմանված են ապահովագրավճարներ:

Յուրաքանչյուր ապահովագրված անձի համար որպես ապահովագրական գումար է սահմանվում 6,000,000 (վեց միլիոն) ՀՀ դրամը:

Ոչ պայմանական չփոխհատուցվող գումար չի կիրառվում:

Ապահովագրված անձ-աշխատողների նկատմամբ տարիքային սահմանափակում չի կիրառվում:

Ապահովագրությունը գործում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:

Նշանակված դեղորայքը կամ ախտորոշիչ հետազոտությունները հատուցվում են միայն այն հիվանդությունների կապակցությամբ, որոնք ներառված են ծրագրում:

Այլ մանրամասներ կարող եք ձեռք բերել «Նաիրի ինշուրանս» ընկերության աշխատակիցներից:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր

1. գլխավոր

2021թ. մարտի 5-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի) և «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության (ի դեմս «Հույսի կամուրջ» ՀԿ ԻՄ-ի տնօրեն Արմինե Ներսիսյանի) միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր:

 

Կնքված հուշագրով ամրագրվեց կողմերի պատրաստակամությունը օժանդակելու Տավուշի մարզում համընդհանուր ներառական կրթության զարգացմանը կրթության բոլոր մակարդակներում և ստեղծելու ընդհանուր հարթակ ուսանողների համար մանկավարժական և հոգեբանական տեսական գիտելիքներ ձեռքբերելու և դրանք «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի կենտրոնում գործնականում կիրառելու համար:

 

Հուշագիրը նպատակաուղղված է բարձրացնելու քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ ուսանողների իրազեկվածությունը ներառական սկզբունքների (հավասար հնարավորություններ, միջավայրային մատչելիություն, կրթության հասանելիություն) վերաբերյալ:

 

Համագործակցության շրջանակներում կողմերի պատասխանատվությամբ կիրականացվեն մի շարք աշխատանքներ:

 

Մասնավորապես «Հույսի կամուրջ»-ը պատասխանատու է՝

  1. մշակել և անցկացնել լրացուցիչ 5-օրյա դասընթաց մանկավարժի որակավորում ստացող ուսանողների համար՝ «Ներառական կրթության տեսություն և պրակտիկա» թեմայով,
  2. համալրել ԵՊՀ ԻՄ-ի գրադարանը ներառական կրթության և մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման վերաբերյալ գրքերով և ձեռնարկներով,
  3. «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի կենտրոնում ստեղծել հարթակ, որը կարող է գործել նաև առցանց՝ ապահովելու ներառական կրթության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման վերաբերյալ գործնական պարապմունքների, կլոր-սեղան քննարկումների, փորձի փոխանակման միջոցառումներ,
  4. Համագործակցելով ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի հետ՝ խթանել «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներառական դպրոցների և համալսարանի միջև սերտ համագործակցություն՝ համատեղ քարոզարշավների, սեմինարների և հանրային միջոցառումների միջոցով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պատասխանատու է՝

  1. Ապահովել արդյունավետ համագործակցությունը ԵՊՀ ԻՄ-ի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև,
  2. Մանկավարժի որակավորում ստացող ուսանողների համար նրանց համաձայնությամբ թույլատրել իրականացնել «Ներառական կրթության տեսություն և պրակտիկա» լրացուցիչ դասընթացը,
  3. Որոշել ԵՊՀ ԻՄ-ում պատասխանատու անձ, ով սերտ կհամագործակցի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության աշխատակիցների հետ հուշագրի շրջանակներում:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը տե՛ս այստեղ:

Մեր ուսանողը՝ ՀՀ սամբոյի պատանեկան առաջնության չեմպիոն

1. գլխավոր

2021թ. փետրվարի 27-28-ը «Դինամո» մարզադահլիճում կայացավ սամբոյի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում էին ՀՀ մարզերի, Արցախի, Երևանի լավագույն մարզիկները:

 

+98 կգ քաշային կարգում հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Գրիգոր Բեկնազարյանը և դարձավ առաջնության հաղթող՝ նվաճելով Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցելու ուղեգիր և պարգևատրվելով ոսկե մեդալով ու պատվոգրով:

 

Մինչև ՀՀ սամբոյի պատանեկան առաջնության չեմպիոն դառնալը Գրիգոր Բեկնազարյանը 2019թ. դեկտեմբերի 5-8-ը մասնակցել է դպրոցականների՝ Եվրոպայի սամբոյի առաջնությանը՝ 11 հոգանոց խմբում գրավելով 5-րդ տեղը:

 

2020թ. ՀՀ սամբոյի պատանիների առաջնությունում 87+ կգ քաշային կարգում    գրավել է առաջին տեղը՝ դառնալով ՀՀ չեմպիոն:

 

2020թ. ապրիլի 7-ին ՀՀ սամբոյի պատանիների հավաքականը պիտի մեկներ Բուլղարիա, սակայն կորոնավիրուսով պայմանավորված՝ մեկնումը չեղարկվեց:

 

Նույն թվականի նոյեմբերի 5-ին Սերբիայում կայացավ սամբոյի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի թիմը Արցախյան երկրորդ պատերազմի պատճառով չմասնակցեց:

 

2021թ. մարտի կեսից կկայանան ՀՀ սամբոյի հավաքականի մարզումները Ծաղկաձորում, իսկ ապրիլի 10-15-ը Գրիգոր Բեկնազարյանը հավաքականի կազմում Կիպրոսում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մեր ուսանողին՝ ՀՀ սամբոյի պատանեկան առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճելու առթիվ,  և առաջիկա առաջնություններում մաղթում ենք փայլուն հաղթանակներ:

 

 

Գիտության և մշակույթի Երևանի ռուսական կենտրոնի սահմանած «Տարվա լավագույն ուսանող» մրցանակ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողուհուն

1. գլխավոր

2021թ. հունվարի 25-ին, համաձայն հաստատված ավանդույթի, Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որը կազմակերպել էր Գիտության և մշակույթի Երևանի ռուսական կենտրոնը` Հայաստանում Ռուսաստանի համալսարանների ուսանողների ասոցիացիայի հետ համատեղ:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում մրցանակաբաշխության ավանդական արարողությունը, որի ընթացքում Հայաստանում գործող համալսարանների ռուսական բանասիրության ֆակուլտետի 2020 թվականին իրենց ուսումնառությամբ առանձնացած ուսանողները ստացան հավաստագրեր և խրախուսական մրցանակներ:  

Մասնակիցներին ուղղված շնորհավորական խոսքերով և բարեմաղթանքներով հանդես եկան Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը, Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ացամազ Բիչենովը, Մ. Վ. Լոմոնոսովի Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսեյ Ռեյմերսը, Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը:

Լավագույն ուսանող ընտրելու առաջարկ էր ուղարկվել նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին: Հաշվի առնելով «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների մեջ իր ցուցաբերած բարձր առաջադիմությունը, կարգապահությունը և ակտիվությունը՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կողմից լավագույն ուսանողի թեկնածու էր առաջադրվել 2-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Կարենի Կարապետյանը

Ուսանողների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում Լիանա Կարապետյանին շնորհվեց հավաստագիր և խրախուսական մրցանակ:

ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Լիանա Կարապետյանին՝ նրան մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ուսման մեջ և կյանքում:

Միջոցառման վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին կտրամադրվեն «Ռեստարտ Իջևան» կազմակերպության անվանական կրթաթոշակներ

Ռեստարտի հետ հուշագրի նկարը

2020թ. դեկտեմբերի 25-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի) և «Ռեստարտ Իջևան» գիտակրթական հասարակական կազմակերպության (ի դեմս գործադիր տնօրեն Մելինե Գևորգյանի) միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

 

Հուշագիրը նպատակաուղղված է աջակցելու ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին՝ նրանց տրամադրելով անվանական կրթաթոշակներ:

 

Երկկողմ համագործակցությունը կիրականացվի հետևյալ հարցերի շուրջ.

  1. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ փոխհամագործակցային կապերի ձևավորում,
  2. աշխատանքային քննարկումների կազմակերպում՝ ըստ անհրաժեշտության,
  3. անվանական կրթաթոշակների տրամադրման հարցում չափանիշների սահմանում,
  4. ուսանողների նախնական/վերջնական ընտրության կազմակերպում,
  5. անվանական կրթաթոշակների փոխանցման կազմակերպում:

Համագործակցության շրջանակներում ներկա պահին նախատեսվում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բարձր առաջադիմություն ունեցող, սակայն սոցիալապես անապահով 15 ուսանողի տրամադրել ամենամսյա ֆինանսական աջակցություն:

 

Մասնաճյուղի կողմից ներկայացված անվանական կրթաթոշակի հավակնորդների ցանկից «Ռեստարտ Իջևան» կազմակերպությունը կիրականացնի ուսանողների վերջնական ընտրություն և կկազմակերպի սահմանված գումարի փոխանցում:

 

ԵՊՀ ԻՄի և «Ռեստարտ Իջևան»-ի միջև կնքված համագործակցության հուշագիրը տե՛ս այստեղ: