Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Էրազմուս+ միջազգային կրեդիտային փոխանակման ծրագրի շրջանակներում մեր ուսանողը կրթություն է ստացել Լեհաստանում

IMG-20240110-WA0046

Էրազմուս+ միջազգային կրեդիտային փոխանակման ծրագրի շրջանակներում 2023 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թ. փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Վիկա Մելիքբեկյանը ակադեմիական կրթություն է ստացել Լեհաստանի Պոմերանիայի համալսարանում (ք. Սլուպսկ):

Մեկնումը Լեհաստանի Սլուպսկ քաղաք կազմակերպվել է սեպտեմբերի 27-ին: Լեհաստան ժամանելուց հետո կապ է հաստատվել Սլուպսկ քաղաքի էրազմուսի գրասենյակի, ապա գրասենյակի աշխատակիցների աջակցությամբ՝ համալսարանի կոորդինատորների հետ: Ծրագրով ուսումնառողները կոորդինատորների օգնությամբ ստացել են տվյալ կիսամյակում ուսուցանվող վերջնական հստակեցված առարկայացանկը, որից հետո կազմել են նոր ուսումնառության համաձայնագիր` ըստ առկա առարկաների: Համաձայնագրի վերջնական հաստատումից հետո նրանք անցել են ուսումնառության բնականոն ընթացքին: Միևնույն ժամանակ ծրագրի մասնակիցները Էրազմուսի գրասենյակի և իրենց կցված ավագ ուսանողների օգնությամբ զբաղվել են ժամանակավոր կացության, ուսանողական քարտերի, կրթաթոշակի և փաստաթղթաբանության այլ հարցերով:

2023-2024 ուստարվա առաջին կիսամյակում Լեհաստանի Պոմերանիայի համալսարանում Վիկա Մելիքբեկյանն ուսանել է հետևյալ առարկաները՝ «Գործնական անգլերեն»,  «Խոսակցական անգլերեն», «Անգլերեն դասավանդման մեթոդներ», «Հանրային խոսք», «Լեհերեն», «Գերմաներեն»:

«Հանրային խոսք» առարկայի համար հատուկ խումբ է ձևավորվել Էրազմուս և փոխանակման ծրագրերի ուսանողների համար: Դասերի ընթացքում ուսումնասիրել են հանրային խոսքը տեսականորեն, լավագույն խոսնակների օրինակները, պրակտիկ խաղերի և մեթոդների օգնությամբ հիմնավորել են ստացած գիտելիքները: Յուրաքանչյուր շաբաթ ուսանողները հանդես են եկել հանրային խոսքով` նախապես պայմանավորված թեմաների շուրջ:

Գործնական անգլերենի դասերն անցել են շատ պրակտիկ՝ համեմված ամենատարբեր լսողական և խոսակցական մեթոդներով: Խոսակցական անգլերենի դասերի ընթացքում շեշտը դրվել է յուրաքանչյուր ուսանողին դասերի ընթացքում խոսելու հնարավորություն տալու վրա:

«Դասախոսներից մեկի հիմնական մեթոդը նախապես արդի խնդրահարույց թեմա ընտրելն էր և դասի ընթացքում դրա շուրջ ընդգրկուն քննարկում կազմակերպելը: Մյուս դասախոսը շատ էր օգտագործում նկարի նկարագրման մեթոդը: Ստանում էինք նկար և պետք է տեղում 3 րոպե նկարագրեինք նկարը: Երբեմն բաժանվում էինք 2-ական խմբերի, և ուսանողներից մեկը պետք է նկարը մյուսին նկարագրեր այնպես, որ վերջինս կարողանար նկարել այն: Որոշ դասերի ընթացքում միացվում էր երաժշտություն, և պետք է խոսեինք, թե ինչ մտքեր, հիշողություններ, պատկերացումներ ենք ունենում երաժշտությունը լսելու ընթացքում: Ստանում էինք թեմատիկ բառապաշար և յուրաքանչյուր շաբաթ ունենում էինք թեստեր», – մանրամասնում է Վ. Մելիքբեկյանը:

Անգլերեն դասավանդման մեթոդների ուսումնասիրման ժամանակ  ուսանողներն անցել են լեզու դասավանդելու գործընթացում թեստավորման տարբեր մեթոդները և օգտագործվող թեստերի բոլոր տեսակները, տարբեր ուսանողներին մոտեցման տարբեր մեթոդները, լսարանի կառավարման մեթոդները և այլն: Ունեցել են գործնական առաջադրանքներ, ինքնուրույն պատրաստել են տարբեր տեսակի թեստեր ուսանողների և աշակերտների համար: Իրավիճակային սիմուլյացիաներ են ունեցել, թե ինչպես պետք է վարվել խնդրահարույց լսարանների հետ առնչվելիս: Ուսումնասիրել են լավագույն փորձը:

Ուսանողները լեհերեն և գերմաներեն անցել են սկսնակ մակարդակից համակարգչային լսարաններում` հագեցած լսողական, վիրտուալ առաջադրանքների բոլոր հարմարություններով, ունեցել են խմբային խաղեր, առաջադրանքներ` տեսական գիտելիքներն ամրապնդելու նպատակով:

Կիսամյակի ընթացքում ուսանողները մասնակցել են համալսարանում կազմակերպված իրենց տեղական տոներին, Էրազմուս ծրագրով կազմակերպված թատրոնի՝ տարբեր երկրներից ժամանած մասնակիցների ներգրավմամբ: Ժամանակ առ ժամանակ ուսանողների համար կազմակերպվել են համերգներ և՛ համալսարանի, և՛ Էրազմուսի գրասենյակի կողմից:

«Լեհաստանում սովորելու ընթացքում ծանոթացել ենք ոչ միայն լեհական, այլև շատ այլ եվրոպական երկրների մշակույթին՝ շփվելով տարբեր երկրներից եկած և Լեհաստանում սովորող ուսանողների հետ: Ձեռք եմ բերել միջազգային ընկերներ, ինչը շատ եմ կարևորում: Այս փորձառության ընթացքում, բացի մասնագիտական գիտելիքներից, զարգացրել եմ նաև անձնային շատ հատկանիշներ` ինքնուրույնություն, նախաձեռնողականություն, պատասխանատվության բարձր զգացում, շփման, արագ կողմնորոշման, հարմարվողականության հմտություններ և այլն: Ազգային տոների համար նախատեսված արձակուրդների ժամանակ հասցրել եմ ճանապարհորդել մի քանի եվրոպական երկրներում», – ծրագրի տված հնարավորություններն է թվարկում Վիկան:

 

Հայտնի են ԵՊՀ ԻՄ-ի «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթին հայտագրված ուսանողները

ԵՊՀ ԻՄ (31)

Սիրելի՛ համալսարանականներ, ս.թ. ապրիլի 1-ին ավարտվեց ԵՊՀ ԻՄ-ի «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի հայտերի ընդունման գործընթացը:

Մրցույթին հայտագրվել են հետևալ ուսանողները.

  • Նազելի Գարիկի Եսայան («Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիր, 3-րդ կուրս),
  • Սահակ Գեղամի Գուլակյան («Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագիր, 3-րդ կուրս),
  • Մարգարիտա Արմանի Առաքելյան («Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագիր, 4-րդ կուրս)։

Մրցույթի մանրամասները՝ «ԵՊՀ ԻՄ «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգում։

Տնօրենության նիստ

1. գլխավորԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ տնօրենության նիստ, որի ընթացքում քննարկվեցին 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումների և քննությունների նախապատրաստման ընթացքին, մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի կազմակերպմանը, 2-րդ կիսամյակում հետազոտական աշխատանքների կազմակերպման ընթացքին, կամընտրական դասընթացների կազմակերպման խնդիրներին, 2023-24 ուստարվա առկա ուսուցման 1-ին կիսամյակի լուծարքային շրջանի ամփոփմանը, մասնաճյուղից ուսանողների հեռացմանը, ուսանողի իրավունքների վերականգնմանը վերաբերող հարցեր:

Առաջին հարցի մասին նշվեց, որ 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումները և քննությունները կազմակերպվել են՝ համաձայն ժամանակացույցի: Քննաշրջանը կիրականացվի 2024 թ. ապրիլի 3-10-ն ընկած ժամանակահատվածում: Ամբիոններում քննարկումներից հետո ֆակուլտետների դեկանները Ուսումնամեթոդական վարչություն են ներկայացրել ընթացիկ ստուգումների և քննությունների կազմակերպման ժամանակացույցները: Դրանք տեղադրվել են ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքում, և դրանց մասին իրազեկվել են դասախոսները և ուսանողները: Ֆակուլտետներին են տրամադրվել քննությունների համար նախատեսված տետրերը: Իրականացվել են նախապատրաստական այլ աշխատանքներ, և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պատրաստ է քննաշրջանի իրականացմանը:

Երկրորդ հարցի կապակցությամբ նշվեց, որ մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացին մասնակցել է հեռակա ուսուցման 11 ուսանող, որոնցից դրական է ստացել 10-ը: 2023-2024 ուստարում ունեցել ենք դասընթացը կրկնող 7 ուսանող (6-ը՝ Բնական գիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման համակարգից, 1-ը՝ Տնտեսագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգից), ովքեր ստացել են դրական:

2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակում հետազոտական աշխատանքների կազմակերպման ընթացքի վերաբերյալ նշվեց, որ հաշվետու կիսամյակում առկա ուսուցման համակարգում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների ընդհանուր թիվը 31 է, հեռակա ուսուցման համակարգում՝ 15: Ըստ կարգի՝ ամբիոններում երրորդ շաբաթվա ընթացքում հաստատվել են հետազոտական աշխատանքների թեմաները, և դրանք ներկայացվել են ուսանողներին:

Ապա ներկայացվեց, որ 2024-2025 ուսումնական տարվա կամընտրական դասընթացների ընտրությունն ուսանողների կողմից իրականացվելու  է էլեկտրոնային կառավարման համակարգով՝ «Registrar»-ով: Դասընթացների ընտրության գործընթացը կավարտվի ս.թ. ապրիլի 6-ին, որից հետո, ըստ նորմատիվների, կձևավորվեն խմբերը:

Մյուս հարցի վերաբերյալ նշվեց, որ 2023-24 ուստարվա առկա ուսուցման 1-ին կիսամյակի քննաշրջանի արդյունքներից ելնելով՝ ունենք հեռացման ենթակա 3 ուսանող և մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր կուտակած 4 ուսանող:

Նույն ուստարվա 1-ին կիսամյակի հեռակա ուսուցման քննաշրջանի արդյունքներն ամփոփելով՝ ունենք հեռացման ենթակա 10 ուսանող, մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր  կուտակած 12 ուսանող (2-ը՝ մագիտրատուրայից, 10-ը՝ բակալավրիատից) և դասընթացը կրկնող 21 ուսանող (1-ը՝ մագիտրատուրայից, 20-ը՝ բակալավրիատից):

Ըստ այդմ՝ 13 ուսանող (3-ը՝ առկա ուսուցման, 10-ը՝ հեռակա) հեռացվեց մասնաճյուղից ակադեմիական անբավարար առաջադիմության (նաև ուսման վարձը չվճարելու), 120 ժամ և ավելի անհարգելի բացակայության պատճառներով:

Հաջորդիվ ներկայացվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա ուսուցման համակարգի «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բակալավրի կրթական ծրագրի II կուրսի 1 նախկին ուսանողուհի դիմել է իր ուսանողական իրավունքները վերականգնելու նույն կրթական ծրագրի հեռակա ուսուցման համակարգում: Որոշվեց ԵՊՀ ԻՄ նախկին ուսանողուհուն թույլատրել վերականգնելու իր ուսանողական իրավունքները:

Տնօրենության նիստերի որոշումների կատարողականի ներկայացման ժամանակ անդրադարձ կատարվեց մասնավորապես 2023-24 ուստարվա ընթացքում «E-learning» և «Registrar» համակարգերում ծագած խնդիրների լուծման ընթացքին և ավարտական աշխատանքների կատարման ընթացքի մասին ամբիոններում առկա մատյանները ղեկավարների և ուսանողների կողմից լրացվելուն, և արձանագրվեց, որ դրանք իրականացվում են:

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում կայացավ հերթական հանդիպումը ուսանողների հետ

1․ գլխավոր

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ. մարտի 30-ին կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) կրթական հիմնադրամի կարիերայի զարգացման համակարգող Արևիկ Պռազյանի հանդիպումը «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի չորրորդ կուրսերի ուսանողների հետ:

Հանդիպման սկզբում Ա. Պռազյանն ուսանողներին ներկայացրեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության ծրագիրը, կարիերայի հնարավորությունները հիմնադրամի հետ, դիմելու կարգը, ապա պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Ներկայացվեց, որ «Դասավանդիր Հայաստան»  ծրագիրը Հայաստանում գործում է 2015 թվականից և ունի առաքելություն բարելավելու Հայաստանի բոլոր երեխաների կրթության որակը՝ նախ ներգրավելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին՝ որպես ուսուցիչներ, ապա նրանց 2 տարով գործուղելով Հայաստանի մարզային դպրոցներ, որոնցում կա տվյալ մասնագիտությամբ ուսուցչի կարիք: Ծրագիրը միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը: Երիտասարդ մասնակիցներն, իրենց հետ բերելով նորարար մտքեր, նոր մեթոդներ, հասանելի են դարձնում ուսուցանվող նյութերն աշակերտների համար, ոգեշնչում են երեխաներին և նպաստում կրթության որակի բարելավմանը:

Նշվեց, որ ծրագրի մասնակիցները տեղաբաշխվում են Հայաստանի մարզերում, որտեղ կա ուսուցիչների պակաս:

«Դասավանդիր Հայաստան» ծրագրի մասնակիցները օգտվում են հետևյալ արտոնություններից.

  • ֆինանսական աջակցություն (ի հավելումն դպրոցի աշխատավարձի) և կրթաթոշակ,
  • դասավանդման վկայականի կամ մանկավարժության մագիստրոսի աստիճանի ձեռքբերման համար ուսումնական վարձի վճարում,
  • գործընկեր կազմակերպություններում մասնագիտական և մշակութային զարգացման հնարավորություններ,
  • առաջնորդական հմտությունների զարգացում և վերապատրաստող մասնագետի շարունակական աջակցություն:

Խոսվեց, այն մասին, որ ծրագրի մոդելն ունի 25 տարվա պատմություն և սոցիալական փոփոխության հասնելու հաջողված ծրագիր է: Կիրառվել է աշխարհի շուրջ 40 երկրի ազգային անկախ կազմակերպությունների կողմից, որոնք համախմբվել են “Teach For All” միջազգային ցանցի ներքո, որպեսզի ստեղծեն մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի փոխանցել լավագույն փորձը և գիտելիքները: Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ պարտադիր չէ մասնակիցը լինի մասնագիտությամբ մանկավարժ, միայն հարկավոր է դասավանդելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ցանկություն, մյուս խնդիրները, ինչպիսիք են՝ վերապատրաստումը, աշխատանքի տեղավորումը մարզային դպրոցներում, վարձատրությունը, հոգում է ծրագիրը:

Պատասխանելով ուսանողների հարցերին՝ Ա. Պռազյանը նշեց, որ ծրագրի պահանջներից մեկն այն է, որ բոլոր մասնակիցները ծրագրի ընթացքում բնակվեն իրենց դասավանդման համայնքներում, իրականացնեն լրացուցիչ պարապմունքներ աշակերտների հետ և աջակցեն նաև համայնքի զարգացմանը: Ներկայացվեց նաև, որ ծրագրի մասնակիցներն ունենում են մենթորներ, ովքեր հարկ եղած դեպքում ուղղորդում և օգնում են մասնակիցներին ցանկացած հարցում:  Ուսանողների այն հարցին, թե  կարող են արդյոք մասնակիցները ծրագրի ընթացքում հրաժարվել մասնակցությունից, ներկայացուցիչը նշեց, որ նման բացառիկ դեպքեր եղել են: Ուսանողներին նաև հետաքրքրեց այն հարցը, թե արդյոք իրենք կարող են ընտրել, թե որ մարզում են աշխատելու: Ա. Պռազյանը նշեց, որ ուսանողները կարող են բացառել 3 մարզ, բայց վերջնական ընտրություն կատարում են ծրագրի պատասխանատուները:

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը հետաքրքրեց ուսանողներին, և նրանք ցանկություն հայտնեցին մասնակցելու ծրագրին:

ԵՊՀ ԻՄ-ը կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ

նախապատրաստական-դասընթացներ (1)ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը 2024-2025 ուստարվա դիմորդների համար կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ հանրակրթական «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն) և ներբուհական «Գծանկար», «Կոմպոզիցիա» առարկաներից: Դասընթացները վարելու են համալսարանի առաջնակարգ և փորձառու դասախոսները:

Համապատասխան խմբերի ձևավորման դեպքում սահմանամերձ գյուղերի դիմորդների համար դասընթացները կկազմակերպվեն առցանց եղանակով:

Դասընթացները կմեկնարկեն ապրիլի 11-ից և կավարտվեն հունիսի 5-ին:

Մասնակցելու համար անհրաժեշտ է 2024 թ. մարտի 30-ից մինչև ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում MKPKIB@ysu.am էլեկտրոնային հասցեին ուղարկել լրացված դիմում-հայտը, 1 լուսանկար (3×4 չափի)  և ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճենը:

Յուրաքանչյուր առարկայի դասընթացի արժեքը 40 000 ՀՀ դրամ է:

Արցախից բռնի տեղահանված դիմորդների համար նախապատրաստական դասընթացներն անվճար են:

Միաժամանակ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կիրականացվեն հանրակրթական «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն) և ներբուհական «Գծանկար», «Կոմպոզիցիա» առարկաներից գիտելիքների անվճար ստուգում և գնահատում: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 31-ը դիմել ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժին (հեռ.՝ (+374 94) 03 21 12):