Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Մեր չսպիացող վերքը» խորագրով գրական-երաժշտական միջոցառում

2015թ. ապրիլի 22-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Մեր չսպիացող վերքը» խորագրով գրական-երաժշտական միջոցառում, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այս միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ:

Միջոցառմանը մասնակցող «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության շնորհալի ուսանողները հանդես եկան Հայոց ցեղասպանության վերաբերյալ ոգեկոչող խոսքերով, բանաստեղծություններով, երգ ու պարով:

Անդրադառնալով 1915թ. ապրիլի 24-ին կատարված ոճրագործությանը` մասնակիցներն ընդգծեցին ապրիլի 24-ի խորհուրդը, երբ ամեն տարի հայ ժողովուրդը գնում է Ծիծեռնակաբերդ, որտեղ նրա աղոթքը երկինք է հառնում ձեռքերի պես դեպի Բարձրյալը կարկառած քարացած հուշասյան միջոցով:

Նշվեց, որ Հայոց եղեռնի ականատեսը մի սերունդ չի եղել, հայ ժողովրդի միայն մի` արևմտահայ հատվածը չի եղել, եղեռնի ականատեսն այս և բոլոր հարյուրամյակներում ապրող հայերի բոլոր սերունդներն են եղել ու լինելու են միշտ:
Հնչեց կոտորածի սարսափներից խելագարված մեծն Կոմիտասի երգը` որպես թախծամրմունջ, ցավոտ շարական:

«Ղողանջ եղեռնական»-ի վշտամորմոք խոսքերին հաջորդեցին «Դլե՜ յաման», «Ադանայի ողբը» երգերը` ուսանողների կատարմամբ:

«Հայոց դանթեականը», «Անլռելի զանգակատուն», «Եռաձայն պատարագ» պոեմներից համապատասխան հատվածներով, «Ես հայ եմ», «Հայոց ճակատագիրը» և այլ բանաստեղծություններով գծագրվեց մեր ժողովրդի ցավոտ անցյալը, բայց և այդ ցավից հպարտորեն ոտքի կանգնած հայի դիմագիծը («…Եղեռնազարկ էլ եղանք, բայց նորեն հայերն ապրե՛լ են, ապրու՛մ են, կապրե՛ն…»):

Հաստատվեց այն գաղափարը, որ հայ ժողովուրդը, որից ուզում էին ընդամենը մի հայ թողնել և այն էլ` թանգարանի համար, այսօր ապրում է և դեպի հավերժը գնում, օրըստօրե շենացնում անկախության իր մայր հանգրվանը` պահանջելով և հավատալով արդարության հաղթանակին:

Եզրափակող խոսքով հանդես եկավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը` շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին ու կազմակերպիչներին, փաստելով, որ նման միջոցառումներով բարձրաձայնվող փոխհատուցումն անհրաժեշտ է, որ չկրկնվեն այսպիսի ոճիրներն աշխարհում. «Եթե թուրքերին թվում էր, թե կկատարեն ոճիրը, և չի լինի պատիժը, ապա չարաչար սխալվում էին: Մեր տրամադրվածությունը պիտի լինի պայքարի, մարտական տրամադրվածություն, և մեր արդար դատի պահանջով ուշ թե շուտ կլուծվի այս խնդիրը»:

Ներկայացվեցին ուսանողական գիտական զեկուցումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

2015թ. ապրիլի 21-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում ներկայացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ուսանողական գիտական զեկուցումների շարք, որը նախաձեռնել և կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը:

Ներկա էին մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վարդան Ալեքսանյանը, գրադարանի աշխատակազմը, դասախոսներ, ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՈՒԳԸ-ի նախագահ Ալբերտ Զուրաբյանը և ներկայացրեց Ուսանողական գիտական ընկերության կողմից անցկացվելիք միջոցառումների նախնական ծրագրերը:

Ուսանողներին ողջունեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը և կարևորություն տվեց նման միջոցառումների կազմակերպմանը: Նա հայտնեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մասնաճյուղում անցկացվող միջոցառումների մասին, ուսանողներին կոչ արեց լիարժեքորեն ընդգրկվել նրանցում:

Հայոց մեծ եղեռնի պատմաիրավական նշանակության և հոգեբանական ու տնտեսական հետևանքների վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողները:
«Հայասպանությունը Ադանայում» թեմայով զեկուցում կարդաց «Պատմություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Թագուհի Այվազյանը:

«Հայ ժողովրդի տնտեսական կորուստները» թեմայով զեկուցում ներկայացրեց «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Նաիրա Թիրաբյանը:

«Ցեղասպանության ճանաչման գործընթացը» թեմայով զեկուցեց «Պատմություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Մանյա Շահինյանը:

 

 

«Հիշում եմ և պահանջում» խորագրով դաս-միջոցառում

2015թ. ապրիլի 21-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ «Հիշում եմ և պահանջում» խորագրով դաս-միջոցառում, որը վարում էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկնածու Ալիսա Հասանյանը:

Դաս-միջոցառմանը մասնակցում էին «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները, ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Մասնակիցները շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացրին համապատասխան թեմատիկայով բանաստեղծություններ ու երգեր, հուզիչ շարադրություններ, ընթերցեցին ականատեսների վկայություններից:

Ցուցադրվեցին Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմերից («Գինի լից», «Մահվան քարավանները», «1915թ. ապրիլի 24», «Նահապետ», «Կարոտ») կադրեր:

«Հիշում եմ և պահանջում» խորագրով դաս-միջոցառումը Հայոց եղեռնին վերաբերող գաղափարական երկու հիմնադրույթների (Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք և հատուցման պահանջ) արտահայտություն էր:

Հանրապետական գիտական նստաշրջան՝ նվիրված Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակին

 

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը հրավիրում է մասնակցելու 2015թ. հոկտեմբերի 14-15-ը կայանալիք հանրապետական գիտական նստաշրջանին՝ նվիրված ակա­նավոր հայագետ Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակին:

Սույն գիտաժողովը առաջինը կլինի «Աբեղյանական ընթերցումներ» խորագիրը կրող ամենամյա գիտական նստաշրջանների շարքում, որ կազմակերպում են ԵՊՀ հայոց լեզվի և հայոց լեզվի պատմության ամբիոնները:

Զեկուցումների վերնագրերն ուղարկելու վերջին ժամկետն է 2015 թ. հունիսի 20-ը, հիմնադրույթներ ուղարկելու վերջին ժամկետը՝ 2015 թ. հուլիսի 20-ը:

Հիմնադրույթները (1-2 էջ) ուղարկել hlpambion@mail.ru և lezu2014@mail.ru էլեկտրոնային փոս­տերին File Attachment-ով. համակարգը՝  Microsoft Word, տառատեսակը՝  Sylfaen, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1,5:

Զեկուցումները կհրատարակվեն: