Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ակնկալվում է ընդլայնել և խորացնել Մայր բուհ-մասնաճյուղ համագործակցությունը

1. գլխավոր Աշխատանքային այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում էր Մայր բուհի ներկայացուցչական խումբը՝ ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ԵՊՀ ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը, Ռազմավարական պլանավորման կենտրոնի տնօրեն Աննա Բաբաջանյանը, Ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Ռուբեն Աբրահամյանը, ԵՊՀ բակալավրիատի բաժնի վարիչ Մարինե Ստեփանյանը, Դասախոսների որակավորման բարձրացման բաժնի համակարգող Անուշ Ստեփանյանը:

Այցելության նպատակն էր քննարկել Մայր բուհ–մասնաճյուղ համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, որոնք առնչվում են ԵՊՀ ԻՄ-ի զարգացման տեսլականին, գործունեության ռազմավարական պլանավորմանը, տարբեր ոլորտներում համագործակցային նախագծերի մշակման հնարավորություններին, կրթական գործընթացների արդյունավետության բարձրացմանը, արտաքին և ներքին հաղորդակցման գործընթացներին:

Համալսարանականները ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի ուղեկցությամբ նախ շրջայց կատարեցին մասնաճյուղում, դիտարկեցին ուսումնական ռեսուրսները, տեղում ծանոթացան աշխատակազմի անդամների հետ, ֆակուլտետների և ամբիոնների, վարչական ստորաբաժանումների, ուսումնագիտական կենտրոնների, լաբորատորիաների և արվեստանոցների գործունեությանը:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի և ըստ ոլորտների ձևավորված առանձին խմբերի հետ անցկացվեցին հանդիպումներ:

Անձնակազմի անդամների հետ հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Մ. Հովհաննիսյանը, Ռ.Բարխուդարյանը և Ա.Մակարյանը:

Աշխատանքային այցի նպատակները ներկայացրեց Ա.Բաբաջանյանը՝ անդրադառնալով քննարկվելիք հարցերի շրջանակին, Մայր բուհ-մասնաճյուղ կապի ամրապնդման հնարավորություններին և ԵՊՀ ԻՄ-ի զարգացման տեսլականին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ներկա վիճակի մասին հաղորդեց տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը՝ ներկայացնելով ԵՊՀ ԻՄ-ի առաքելությունը, ռազմավարական նպատակները և զարգացման խնդիրները, անդրադարձավ բակալավրի և մագիստրոսական գործող կրթական ծրագրերին, մարդկային, մտավոր, նյութատեխնիկական ռեսուրսներին:

Ստորաբաժանումների հետ իրականացված թիրախային հանդիպումների ընթացքում քննարկվեցին կրթական ծառայությունների որակին, ֆինանսական գործունեության արդյունավետ պլանավորմանը, համայնքի հետ աշխատանքներին, շարունակական կրթության հնարավորություններին, թվայնացմանը և տվյալների հետ աշխատանքին, արտաքին և ներքին հաղորդակցությանը, գիտական գործունեությանը, համագործակցային նախագծերին վերաբերող հարցեր:

Հանդիպումներն ուղեկցվեցին արծարծված հարցերի շուրջ ակտիվ ու արդյունավետ քննարկումներով և ամփոփվեցին Մայր բուհ–մասնաճյուղ կապի հզորացման, մասնաճյուղի ներկա վիճակի գնահատման, այցի արդյունքների վերաբերյալ պրոռեկտորներ Մ.Հովհաննիսյանի և Ռ.Բարխուդարյանի ելույթներով:

Վերջում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ-ի պատվիրակությանը աշխատանքային այցի, իրականացված ադյունավետ քննարկումների համար՝ վստահեցնելով, որ Մայր բուհի դրական փորձի կիրառումը և համագործակցության խորացմանն ուղղված քայլերը միարժեքորեն կնպաստեն մասնաճյուղի գործունեության արդյունավետության աճին:  

Սիրով շնորհավորում ենք…

Միրա Կարապետյան

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության, անձնակազմի և ուսանողների անունից սիրով շնորհավորում ենք Օտար լեզուների ամբիոնի ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի ասիստենտ, ԵՊՀ ԻՄ-ի բազմամյա հմուտ և պատասխանատու աշխատակից, սիրված դասախոս Միրա Զավենի Կարապետյանին ծննդյան հոբելյանի առթիվ:

Մաղթում ենք երջանկություն, առողջություն, անձնական և մասնագիտական նորանոր ձեռքբերումներով ու հաջողություններով, շարունակական վերելքներով լի երկար տարիների հետաքրքիր և բովանդակալից կյանք, ամենալավն ու բարին…

Սիրով և երախտագիտությամբ շնորհավորում ենք…

Աիդա Մարդանյան

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության, անձնակազմի և ուսանողների անունից սիրով շնորհավորում ենք Օտար լեզուների ամբիոնի ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի պատասխանատու, կրթական ծրագրի ղեկավար, ԵՊՀ ԻՄ-ի բազմամյա հմուտ և առաջատար մասնագետ, սիրելի դասախոս Աիդա Սերոժի Մարդանյանին՝ ծննդյան հոբելյանի կապակցությամբ:

Հարգարժա՛ն տիկին Մարդանյան, մաղթում ենք Ձեզ երջանկություն, նշանակալի ձեռքբերումներ ու հաջողություններ անձնական կյանքում և գիտամանկավարժական գործունեության մեջ, Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար տարիներ մատաղ սերնդին փոխանցելու վճռական կամք, անսպառ եռանդ և ամենայն բարիք…

Այսօր ՀՀ անկախության 32-րդ տարեդարձն է

Blue and Gold Education Management Corporate Virtual Background (3)

 2023թ․ սեպտեմբերի 21-ին՝ այսօր, լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 32-ամյակը:

32 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1991 թ. մարտի 1-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար (99 % ձայների մեծամասնությամբ) «Այո» ասաց անկախությանը:

Հայաստանի պատմության մեջ հաստատվեց երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Որպես հանրապետության դրոշ հաստատվեց եռագույնը, այնուհետև ընդունվեց զինանշանը:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան էր, որը մինչև անկախության հռչակումը՝ դեռևս 1991 թ. օգոստոսի 14-ին, ճանաչել էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ արդեն հռչակագրի ընդունումից հետո՝ 1991 թվականի ընթացքում, ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության անունից շնորհավորում ենք համայն հայությանը ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի առթիվ՝ մեր ազգին և ժողովրդին մաղթելով համազգային միասնություն, դժվարությունները հաղթահարելու ուժեղ կամք և տոկունություն, խաղաղ և ստեղծագործ աշխատանք, մեր պետությանը՝ հզորացում, առաջընթաց և զարգացում… 

«Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության հետ համագործակցությունը շարունակվում է

1. գլխավոր

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ․ սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ հանդիպում տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանի, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Ա.Մարդանյանի, «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության անդամ Վ.Նուեի և Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի պատասխանատու Մ.Գասպարյանի մասնակցությամբ:

Հանդիպման նպատակը 2023-2024 ուստարվա համար մասնաճյուղի և միության միջև համագործակցության շարունակման համաձայնագիր ստորագրելն էր:

Տնօրենի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցությանը վերաբերող հարցեր, և կնքվեց համաձայնագիր, որով կողմերն ամրագրեցին իրենց պատրաստակամությունը նպաստելու մասնաճյուղում և մարզում ֆրանսերենի զարգացմանը, ֆրանկոֆոնիայի տարածմանը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցելու մասնավորապես հետևյալ ուղղություններով.

  • 2023-2024 ուստարում «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միությունը կտրամադրի կրթաթոշակ՝ ուսման վճարի փոխանցման և ֆրանսերեն ուսումնասիրող ուսանողների շրջանում ֆրանկոֆոնիայի տարածման նպատակով:
  • Կրթաթոշակ ստացող ուսանողները պարտավորվում են մասնակցել Իջևանի՝ Պատրիկ Տևեճյանի անվան գյուղատնտեսական տարածաշրջանային քոլեջում տեղակայված՝ Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի և միջնակարգ հաստատությունների գործունեությանը ամսական 2 անգամ՝ պրն․ Ջոսեֆ Միլեների հանձնարարությամբ: Ամսական մեկ անգամ կատարված աշխատանքների մասին մանրամասն հաշվետվություն կներկայացվի կազմակերպությանը: Ուսանողները Իջևանի շրջանի բնակչությանը՝ հատկապես ծնողներին, կտեղեկացնեն ֆրանկոֆոն կենտրոնի և Պատրիկ Տևեճյանի անվան գյուղատնտեսական տարածաշրջանային քոլեջի գործունեության մասին, ակտիվորոն կմասնակցեն կազմակերպվող միջոցառումներին, հատկապես մարտ-ապրիլ ամիսներին կազմակերպվող ֆրանկոֆոնիայի օրերին:
  • Ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի պատասխանատու տ. Աիդա Մարդանյանը կտեղեկացնի կրթաթոշակ ստացող ուսանողների՝ դպրոցներում ծավալած գործունեության, իսկ տ․ Մերի Գասպարյանը՝ Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնում նրանց կատարած աշխատանքների մասին:
  • Համաձայնագրով կրթաթոշակները կփոխանցվեն ուսանողներին՝ ըստ իրենց կատարած աշխատանքի՝ 250-ից 500 եվրո գումարի չափով:

Պարոն Մակարյանը տիկին Նուեին խնդրեց ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի և ուսանողների շնորհակալական խոսքը փոխանցել «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միությանը և առանձնապես տիկին Պոլետ Կուտանին՝ հայրենանվեր գործունեության, մասնաճյուղի հետ երկարատև և ամուր համագործակցության համար: