Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում կայացավ հերթական հանդիպումը ուսանողների հետ

1․ գլխավոր

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ. մարտի 30-ին կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) կրթական հիմնադրամի կարիերայի զարգացման համակարգող Արևիկ Պռազյանի հանդիպումը «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի չորրորդ կուրսերի ուսանողների հետ:

Հանդիպման սկզբում Ա. Պռազյանն ուսանողներին ներկայացրեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության ծրագիրը, կարիերայի հնարավորությունները հիմնադրամի հետ, դիմելու կարգը, ապա պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Ներկայացվեց, որ «Դասավանդիր Հայաստան»  ծրագիրը Հայաստանում գործում է 2015 թվականից և ունի առաքելություն բարելավելու Հայաստանի բոլոր երեխաների կրթության որակը՝ նախ ներգրավելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին՝ որպես ուսուցիչներ, ապա նրանց 2 տարով գործուղելով Հայաստանի մարզային դպրոցներ, որոնցում կա տվյալ մասնագիտությամբ ուսուցչի կարիք: Ծրագիրը միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը: Երիտասարդ մասնակիցներն, իրենց հետ բերելով նորարար մտքեր, նոր մեթոդներ, հասանելի են դարձնում ուսուցանվող նյութերն աշակերտների համար, ոգեշնչում են երեխաներին և նպաստում կրթության որակի բարելավմանը:

Նշվեց, որ ծրագրի մասնակիցները տեղաբաշխվում են Հայաստանի մարզերում, որտեղ կա ուսուցիչների պակաս:

«Դասավանդիր Հայաստան» ծրագրի մասնակիցները օգտվում են հետևյալ արտոնություններից.

  • ֆինանսական աջակցություն (ի հավելումն դպրոցի աշխատավարձի) և կրթաթոշակ,
  • դասավանդման վկայականի կամ մանկավարժության մագիստրոսի աստիճանի ձեռքբերման համար ուսումնական վարձի վճարում,
  • գործընկեր կազմակերպություններում մասնագիտական և մշակութային զարգացման հնարավորություններ,
  • առաջնորդական հմտությունների զարգացում և վերապատրաստող մասնագետի շարունակական աջակցություն:

Խոսվեց, այն մասին, որ ծրագրի մոդելն ունի 25 տարվա պատմություն և սոցիալական փոփոխության հասնելու հաջողված ծրագիր է: Կիրառվել է աշխարհի շուրջ 40 երկրի ազգային անկախ կազմակերպությունների կողմից, որոնք համախմբվել են “Teach For All” միջազգային ցանցի ներքո, որպեսզի ստեղծեն մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի փոխանցել լավագույն փորձը և գիտելիքները: Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ պարտադիր չէ մասնակիցը լինի մասնագիտությամբ մանկավարժ, միայն հարկավոր է դասավանդելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ցանկություն, մյուս խնդիրները, ինչպիսիք են՝ վերապատրաստումը, աշխատանքի տեղավորումը մարզային դպրոցներում, վարձատրությունը, հոգում է ծրագիրը:

Պատասխանելով ուսանողների հարցերին՝ Ա. Պռազյանը նշեց, որ ծրագրի պահանջներից մեկն այն է, որ բոլոր մասնակիցները ծրագրի ընթացքում բնակվեն իրենց դասավանդման համայնքներում, իրականացնեն լրացուցիչ պարապմունքներ աշակերտների հետ և աջակցեն նաև համայնքի զարգացմանը: Ներկայացվեց նաև, որ ծրագրի մասնակիցներն ունենում են մենթորներ, ովքեր հարկ եղած դեպքում ուղղորդում և օգնում են մասնակիցներին ցանկացած հարցում:  Ուսանողների այն հարցին, թե  կարող են արդյոք մասնակիցները ծրագրի ընթացքում հրաժարվել մասնակցությունից, ներկայացուցիչը նշեց, որ նման բացառիկ դեպքեր եղել են: Ուսանողներին նաև հետաքրքրեց այն հարցը, թե արդյոք իրենք կարող են ընտրել, թե որ մարզում են աշխատելու: Ա. Պռազյանը նշեց, որ ուսանողները կարող են բացառել 3 մարզ, բայց վերջնական ընտրություն կատարում են ծրագրի պատասխանատուները:

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը հետաքրքրեց ուսանողներին, և նրանք ցանկություն հայտնեցին մասնակցելու ծրագրին:

2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակառուները

Անվանական

 Սիրելի՛ համալսարանականներ, ձեզ ենք ներկայացնում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակում անվանական կրթաթոշակ ստացող ուսանողներին։

♦♦♦

«ՄՈՆԹԵ   ՄԵԼՔՈՆՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի երրորդ կուրսի ուսանող

Սահակ Գեղամի Գուլակյան

Sahak Gulakyan

♦♦♦

«ՎԱԶԳԵՆ  ՍԱՐԳՍՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության «Դիզայն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման վճարովի համակարգի երկրորդ կուրսի ուսանողուհի

Մելինե Մանվելի Բրուտյան

Meline Brutyan

♦♦♦

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության «Անգլերեն լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Լիլիա Սմբատի Իսկանդարյան

Lilia Iskandaryan

♦♦♦

«ՀԱՄԼԵՏ ԿԱՐԱՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի

Մերի Հրայրի Խուդավերդյան

Meri Xudaverdyan

♦♦♦

«ԱՐՏԱԿ ՑՈՒՑՈՒԼՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Իննա Հրայրի Հարությունյան

Inna Harutyunyan

♦♦♦

«ՇԱՎԱՐՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության «Ֆինանսներ(ըստ ոլորտի)» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Մարգարիտա Արմանի Առաքելյան

Margarita Araqelyan

♦♦♦

«ՍՊԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Կիրառական արվեստի ֆակուլտետի «Կիրառական արվեստ» մասնագիտության «Դեկորատիվ-կիրառական արվեստ» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանող

Ալիսա Էդգարի Ոսկանյան

Alisa Voskanyan

♦♦♦

«ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԼԵՆՏՈՒՇ ԳՅՈԶԱԼՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Սվետլանա Կարենի Մելիքբեկյան

Svetlana Meliqbekyan

♦♦♦

«ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հոգեբանություն» մասնագիտության «Հոգեբանություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Սյուզաննա Հայկի Ավետիսյան

Syuzanna Avetisyan

♦♦♦

«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության «Անգլերեն լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Լիլիա Արտավազդի Եղոյան

Lilia Yeghoyan

♦♦♦

«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության «Հայոց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Ռոզա Հովսեփի Բաղրամյան

Roza Baxramyan

♦♦♦

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության «Պատմություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Հասմիկ Կարենի Մարգարյան

Hasmik Margaryan

♦♦♦

«ՍԱՀԱԿ ՁՈՐԱՓՈՐԵՑԻ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Տնտեսագիտության ֆակուլտետի «Զբոսաշրջություն» մասնագիտության «Զբոսաշրջություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման  անվճար համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի

Լիլիթ Դավիթի Գասպարյան

Gasparyan Lilit

Անցկացվեց «Միասին ապրել, միասին սովորել» ինտելեկտուալ խաղ-մրցույթը

1․ գլխավոր

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա 2024 թ. մարտի 22-ին ԵՊՀ ԻՄ «Հոգեբանություն» մասնագիտության առկա ուսուցման 4-րդ կուրսի ուսանողները մասնագիտական պրակտիկայի շրջանակներում «Հույսի կամուրջ» կազմակերպության սոցիալական մանկավարժների հետ համատեղ «Լոֆթ Իջևան»-ում անցկացրին «Միասին ապրել, միասին սովորել» խորագրով համադպրոցական ինտելեկտուալ խաղ-մրցույթը:

Միջոցառումն իրականացնում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պատվիրակված ծառայությունների միջոցառումների շրջանակում «Լոֆթ Իջևան»-ի հետ համագործակցությամբ և միտված է հաշմանդամություն կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հավասար և ներառական սոցիալ-կրթական միջավայրի ստեղծմանը:

Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին 7-9-րդ դասարանների աշակերտներ՝ Իջևան խոշորացված համայնքի 8 դպրոցներից (Իջևանի՝ Սպ. Սարգսյանի անվան թիվ 1, Ակնաղբյուրի, Լուսաձորի հիմնական և Աչաջրի՝ Հր. Թամրազյանի անվան, Վազաշենի, Խաշթառակի, Սարիգյուղի, Սևքարի միջնակարգ դպրոցներից): Թիմերում ընդգրկված էին 5-ական մասնակիցներ:

Ժյուրիի կազմում էին «Լոֆթ Իջևան» կենտրոնի համակարգող Աննա Մարդանյանը, աշխատակից Սվետլանա Եղիկյանը, «Հույսի կամուրջ» կազմակերպության սոցիալական մանկավարժ, «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» ծրագրի օգնական Վահե Առուստամյանը, ԵՊՀ ԻՄ դասախոս Սվետա Սաֆարյանը և Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ալեքսանյանը:

Խաղից առաջ ջութակի կատարումով ներկայացան Ազատամուտի արվեստի դպրոցի սաները, իսկ ընթացքում երաժշտական այլ կատարումներով ու ասմունքով հանդես եկան Սարիգյուղի և Վազաշենի միջնակարգ դպրոցների թիմերը:

Ինտելեկտուալ խաղ-մրցույթում հաղթեց Աչաջրի՝ Հր. Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը:

Վերջում թիմերին տրվեցին մասնակցության հավաստագրեր, հաղթող թիմի անդամներին՝ նաև պատվոգրեր և գրքեր: 

Հանդիպում Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնի աշխատակիցների հետ

1. գլխավոր (2)

2024 թ. մարտի 21-ին ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի և Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնի համագործակցությամբ մասնաճյուղում կայացավ «Զբոսաշրջություն» մասնագիտության առկա և հեռակա ուսուցման տարբեր կուրսերի ուսանողների հետ Սոցիալական աշխատանքի զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Մ. Ճաղարյանի, նույն բաժնի գլխավոր մասնագետներ Ս. Ցուցուլյանի և Կ. Նազարյանի հանդիպումը:

Ներկա էին նաև Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա. Մարգարյանը, ՊԿՇՀ բաժնի վարիչ Լ. Բեգինյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Ս․ Սաֆարյանը:

Մ. Ճաղարյանը ուսանողներին ներկայացրեց Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերը: Նախ խոսվեց «Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց համար» ծրագրի մասին: Նշվեց, որ այն  հնարավորություն կտա Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ. սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց, ինչպես նաև 2020 թ. հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին ձեռք բերել մասնագիտական հմտություններ, աշխատանքային փորձառություն և աշխատանք:

Ապա ներկայացվեց «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման» ծրագիրը, որը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործազուրկ անձանց ձեռք բերել աշխատանքային փորձ:

Հաջորդիվ Սոցիալական աշխատանքի զբաղվածության ծրագրերի բաժնի աշխատակիցները մեր ուսանողներին ներկայացրին տարածաշրջանի տարբեր կազմակերպություններում առկա 97 թափուր հաստիքների մասին:

Այս հանդիպմանը ուսանողները ցուցաբերեցին մեծ հետաքրքրություն: Նախատեսվում է կազմակերպել նմանատիպ ևս մի քանի հանդիպում, որոնց շրջանակներում ուսանողներին կբացատրվեն գործատուին ճիշտ ներկայանալու, գրագետ և արդյունավետ ինքնակենսագրական կազմելու նրբությունները:

Գիտական խորհրդի նիստ

image_50398465ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ Գիտական խորհրդի նիստ, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի անդամները, այդ թվում՝ ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը:

Առաջարկված փոփոխություններով նիստում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի՝ 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի նիստերի ժամանակացույցը, նույն ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը, ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա ընդունելության ուսման վարձավճարների չափերը և դրանց չափաբաժիններն՝ ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և կրեդիտների, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և շահակից կառույցների համագործակցության ապահովման կանոնակարգը:

Քննարկվեցին ԵՊՀ ԻՄ զարգացման՝ 2022-2026 թթ․ ռազմավարական ծրագրի 2024 թ․ խնդիրներին, ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Արտակի Աբազյանին ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերության նախագահի պաշտոնում հաստատելուն, մասնաճյուղում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի ծրագրերին, ԵՊՀ ԻՄ-ում «Դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման կարգում փոփոխություններ կատարելուն վերաբերող հարցեր:

ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա ընդունելության ուսման վարձավճարների չափերի հետ կապված՝ ներկայացվեց, որ  ԵՊՀ ԻՄ տնօրենության՝ 2024 թ. հունվարի 31-ի նիստում քննարկվել է հարցը, և որոշվել է առաջարկել ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդին ոչ մեծ չափով փոփոխություններ իրականացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2024-2025 ուստարվա ուսման վճարների չափերում:

Գիտխորհրդի նիստում որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա ընդունելության ուսման վարձավճարների չափերի նախագիծը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և շահակից կառույցների համագործակցության ապահովման կանոնակարգը հաստատելու հարցի վերաբերյալ զեկուցեց Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ Մարիետա Ճաղարյանը: Զեկուցողը նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2022-26 թթ․ զարգացման ծրագրով պլանավորվել է մշակել ձեռնարկությունների հետ ԵՊՀ ԻՄ համագործակցության կարգ: Բաժինը մշակել է կանոնակարգ, որի նախագիծը նախապես քննարկվել է Գիտական խորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի նիստում (31․10․2023) և այժմ ներկայացված է Գիտխորհրդի հաստատմանը:

Կանոնակարգը սահմանում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ ՀՀ-ում գործող պետական, մասնավոր և միջազգային ձեռնարկությունների, ընկերությունների ու կազմակերպությունների կայուն համագործակցության  համակարգ ստեղծելու, ԵՊՀ ԻՄ ուսանողների ապագա կարիերայի զարգացմանն ու նրանց մասնագիտական գործունեությանն աջակցելու ձևերն ու մեխանիզմները, ձեռնարկությունների հետ համագործակցությունն ապահովող հանձնաժողովի աշխատակարգը:

Կանոնակարգի համաձայն՝ համագործակցության մեջ էական տեղ է հատկացվում մասնաճյուղի շրջանավարտներին: Առաջարկվում է ստեղծել «Շրջանավարտների միություն»՝ ձեռնարկությունների հետ համագործակցության ընդլայման, աշխատանքների հասցեականության բարձրացման համար:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի զարգացման՝ 2022-2026 թթ․ ռազմավարական ծրագրի 2024 թ․ խնդիրների մասին զեկուցեց Գիտխորհրդի նախագահ Անուշավան Մակարյանը՝ անդրադառնալով ռազմավարական 3 նպատակներից (Բարձրորակ կրթություն, Գիտություն և նորարարություն, Հանրային ներգրավում) բխող այն հիմնական խնդիրներին և գործողությունններին, որոնք առանձնացվել էին որպես առաջնահերթություններ՝ 2024 թվականին իրականացնելու համար:

Գիտական խորհրդի անդամները հաստատեցին ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Արտակի Աբազյանին ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերության նախագահի պաշտոնում, նրան մաղթեցին բեղուն և արդյունավետ գործունեություն:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի համակարգողներ Սյուզաննա Պետրոսյանը և Էդիտա Գրիգորյանը ներկայացրին կենտրոնի կողմից իրականացված աշխատանքները և առաջիկա ծրագրերը: Մասնավորապես նշեցին, որ «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի կողմից մասնաճյուղի ուսանողների, Իջևան քաղաքի և հարակից գյուղերի բնակիչների համար կազմակերպվել և անցկացվել են կրթական, մշակութային և տեղեկատվական միջոցառումներ, տարբեր թեմաների շուրջ ուսումնական կարճատև ծրագրեր և անգլերենի անվճար դասընթացներ, որոնց շնորհիվ զարգացել են մասնակիցների լեզվական, սոցիալական և տեխնիկական հմտությունները, նրանք ծանոթացել են ամերիկյան արժեքներին, պատմությանը և մշակույթին:

Անդրադարձ կատարվեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղի համատեղ ջանքերով 2024 թ. փետրվարից գործարկված «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախագծին, որի շրջանակներում ևս կիրականացվեն անվճար դասընթացներ և միջոցառումներ՝ ուղղված ուսանողների և դասախոսների, ինչպես նաև համայնքի երիտասարդների սոցիալական և տեխնիկական կարողությունների զարգացմանը, քաղաքացիական մասնակցության հնարավորությունների և երիտասարդական նախաձեռնությունների խթանմանը:

Մասնաճյուղի գիտխորհրդի՝ 63/3 որոշմամբ հաստատված ԵՊՀ ԻՄ-ում «Դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման կարգում փոփոխություններ կատարելու հարցի կապակցությամբ որոշվեց սահմանված ժամկետում հայտարարել մրցույթ, առաջարկված փոփոխություններով հաստատել կարգը՝ առանց գնահատման չափանիշների տոկոսային բաշխման, իսկ այդ բաշխումը լրացուցիչ քննարկումներից հետո սահմանել տնօրենի հրամանով: