Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ճանաչողական այց դեպի Թբիլիսի

2015թ. մայիսի 3-ին ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներն իրենց դասախոսների (Լևոն Լաճիկյան, Ջեննի Թամարյան, Ռուզաննա Ավետիսյան) ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեցին դեպի հարևան Վրաստանի մայրաքաղաք:

Ճանաչողական այց դեպի Թբիլիսի

Դա յուրատեսակ բաց դաս էր այդ մասնագիտության ուսանողների համար, ովքեր անցնում են «Հայկական սփյուռքի աշխարհագրություն» առարկան և առաջին քայլերն են անում տիրապետելու վրացերենի նրբություններին ու լեզվական առանձնահատկություններին:

Ուսանողներին հնարավորություն տրվեց մոտիկից ծանոթանալու մերձավոր սփյուռքի այդ համայնքի հետ, ինչպես նաև կիրառելու իրենց լեզվական հմտությունները:

Ուղևորության ընթացքում մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լ.Լաճիկյանը ներկայացրեց դասախոսություն` նվիրված վիրահայ համայնքի պատմությանն ու ներկային:

Ճանաչողական այց դեպի Թբիլիսի

Ապա ուսանողները մասնակցեցին Թբիլիսիի Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու կիրակնօրյա պատարագին, որին հաջորդեց հանդիպումը Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:

Ճանաչողական այց դեպի Թբիլիսի

Սրբազան հայրը ողջունեց ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակության այցը Վրաստան և հույս հայտնեց, որ այն լավ սկիզբ կնշանավորի երկու հարևան երկրների երիտասարդության միջև կապերն ամրապնդելու և զարգացնելու ճանապարհին:

Նա իր խոսքում հանգամանորեն անդրադարձավ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի անցյալին ու ներկա մարտահրավերներին: Թեմակալ առաջնորդը միաժամանակ հետաքրքրվեց մասնաճյուղում վիրահայության համար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություններով և հետագա համագործակցությունը խորացնելու հեռանկարով:

Ճանաչողական այց դեպի Թբիլիսի

Հիշարժան էր շրջայցը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի սրահներով, որտեղ հայկական շունչն ու ոգին էր տիրում:

Ճանաչողական այց դեպի Թբիլիսի

Իջևանի ուսանողների և թիֆլիսահայ երիտասարդների միջև այս հանդիպումը նախաձեռնելով` վրացերեն լեզվի դասախոս, Վրաստանում ծնված և իր բարձրագույն կրթությունը Թբիլիսիում ստացած Ջեննի Թամարյանը նպատակ ուներ այդ ծանոթությունը իմաստավորել հետագա ձեռնարկներով:

Ճանաչողական այց դեպի Թբիլիսի

«Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը և կրթական ծրագրերի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանը ուսանողներին պատմեցին «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի և կիրակնօրյա հայկական վարժարանի մասին, որտեղ ուսումնական երկամյա ծրագիր է նախատեսված ինչպես ոչ հայախոսների, այնպես էլ հայերենին տիրապետողների համար:

Ճանաչողական այց դեպի Թբիլիսի

Շատ հուզիչ էր հայ մշակույթի նվիրյալ Ռոզա Մանուկյանի սաների ելույթը, ովքեր բանաստեղծություններ ներկայացրին Ջավախքի անմահ զավակ Վահան Տերյանի պեոզիայից:

Այնուհետև «Հայարտուն» կենտրոնի երիտասարդների ուղեկցությամբ մեր ուսանողներն այցելեցին և խոնարհվեցին Խոջիվանքի պանթեոնում ամփոփված հայ գրողների ու հասարակական գործիչների շիրիմներին:

Ճանաչողական այց դեպի Թբիլիսի

Թե՛ ուսանողներին և թե՛ դասախոսներին տպավորեցին Թբիլիսիի Սամեբա երկնասույզ քրիստոնեական տաճարն ու մյուս նորակառույցները, որոնք Վրաստանի մայրաքաղաքին նոր փայլ ու շունչ են հաղորդել:

Ճանաչողական այց դեպի Թբիլիսի

Թբիլիսիից ուսանողները վերադարձան խորը տպավորություններով ու հույզերով:
Նշենք, որ մասնաճյուղի պատվիրակության այցի մասին Վիրահայոց թեմի մամլո դիվանը չորս լեզուներով (հայերեն, վրացերեն, ռուսերեն և անգլերեն) տեղեկատվություն է տարածել թեմի և «Հայարտան» կայքերում:

Տե՛ս armenianchurch.gerwww.facebook.com:

Մեր ուսանողները մասնակցեցին ամառային դպրոցի

2015թ. մայիսի 2-ին և 3-ին «Դիլիջան» ազգային պարկի այցելուների կենտրոնում անցկացվեց «Էկոտուրիզմի կազմակերպման և կայուն զարգացման հիմնահարցերը» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոց, որը կազմակերպել էր «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ-ն՝ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում:

Դպրոցի` ավելի քան 50 մասնակիցների թվում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ Ալբերտ Զուրաբյանը, Լիա Բլբուլյանը, Վաչե Ափինյանը, Անահիտ Ղալումյանը, Աննա Ղազարյանը, Արփինե Գասպարյանը, շրջանավարտներ Սլավիկ Ալավերդյանը և Մարիամ Պետրոսյանը:

Դասախոսություններով հանդես եկան ԵՊՀ-ից, ՀՊՀՄ-ից, ԳԱԱ-ից հրավիրված առաջատար մասնագետներ:

Բացման խոսքով հանդես եկան դպրոցի կազմկոմիտեի նախագահ Տիգրան Քեռյանը և «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ-ի նախագահ Կառլեն Խաչատրյանը:

Առաջին օրվա դասախոսություններն ունեին տեսական-ներածական բնույթ:

1. «Կայուն զարգացման համաշխարհային գործընթացը և Հայաստանի մասնակցությունը» թեմայով դասախոսություն ներկայացրեց ա.գ.թ., պրոֆեսոր Կարինե Դանիելյանը:

2. «Լանդշաֆտային պլանավորումը կայուն զբոսաշրջության զարգացման տեսանկյունից» թեմայով դասախոսություն ներկայացրեց ա.գ.թ., պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը:

3. «Կայուն զբոսաշրջության էությունն ու առանձնահատկությունները» և «Էկոզբոսաշրջության էությունն ու զարգացման արդի միտումները» թեմաներով դասախոսություններ ներկայացրեց ա.գ.թ., դոցենտ Տիգրան Սարգսյանը:

Երկրորդ օրվա դասախոսություններում շեշտը դրված էր գործնական հմտությունների զարգացման և փորձի փոխանակման վրա:

1. «Միջմշակութային հաղորդակցությունը զբոսաշրջության ոլորտում» դասախոսության մեջ ա.գ.թ. Գոռ Ալեքսանյանը ներկայացրեց զբոսավարության համար անհրաժեշտ բաղադրիչները և միջմշակութային հաղորդակցման ժամանակ առաջացող խնդիրները, նշեց տարբեր ազգերի ներկայացուցիչների մոտ նույն ժեստի տարբեր իմաստների մասին:

2. «Ազգային պարկերը, որպես էկոզբոսաշրջության զարգացման օբյեկտ. վերլուծություն «Դիլիջան» ԱՊ-ի օրինակով» թեմայով դասախոսության մեջ ՀՊՀՄ հայցորդ Տիգրան Քեռյանը ներկայացրեց «Դիլիջան» ազգային պարկի զբոսաշրջային պոտենցիալը, կիսվեց իր զբոսավարության փորձով:

3. «Ջրային ավազանները որպես էկոտուրիզմի զարգացման օբյեկտ» թեմայով դասախոսության մեջ կ.գ.թ. Վարդան Ասատրյանը ներկայացրեց ՀՀ ջրային ռեսուրսների զբոսաշրջային պոտենցիալը, դրանց օգտագործման միջազգային չափանիշները, տուրիզմի տարբեր ձևերի զարգացման հնարավորություններ ունեցող ջրային օբյեկտները, ՀՀ-ի հանքային ջրերի նմանությունը աշխարհում հայտնի հանքային ջրերին:

Դպրոցի մասնակիցներին տրվեցին հավաստագրեր, կազմակերպչական հարցերում աջակցածներին և դասախոսներին՝ շնորհակալագրեր:

 

Տեղի ունեցավ «Ինչպե՞ս կատարել գիտահետազոտական աշխատանք» թեմայով սեմինար

2015թ. մայիսի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում տեղի ունեցավ «Ինչպե՞ս կատարել գիտահետազոտական աշխատանք» թեմայով սեմինար, որը վարում էր ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Գուրգեն Հովհաննիսյանը:

Նա համառոտ ներկայացրեց գիտական հետազոտության ընթացքը, փուլերը, հետազոտության մեթոդները և աշխատանքի կառուցվածքը, խոսեց հղումների անհրաժեշտության և գրագողությունից խուսափելու մասին:

Գուրգեն Հովհաննիսյանը և ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախագահ Միքայել Մալխասյանը պատասխանեցին ուսանողների հարցերին, անդրադարձան մասնաճյուղի գրադարանում ներկայացված «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ձեռնարկին և նշեցին, որ գրքում կարող են գտնել գիտական աշխատանք կատարելու, ինչպես նաև ռեֆերատներ, կուրսային և ավարտական աշխատանքներ գրելու համար անհրաժեշտ հիմնական տեղեկատվությունը:

Ձեռնարկի օրինակներ կան մասնաճյուղի գրադարանում, էլեկտրոնային տարբերակով այն հասանելի է ԵՊՀ ՈՒԳԸ-ի հրատարակումների կայքում՝ http://ysu.am/ssspub:

Տեղի ունեցավ Գիտական խորհրդին կից որակի կառավարման հանձնաժողովի նիստ

2015թ. մայիսի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա.Մակարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Գիտական խորհրդին կից որակի կառավարման հանձնաժողովի նիստ` հետևյալ օրակարգով.

1. Որակի կառավարման հանձնաժողովի հիմնական խնդիրները և գործառույթները
Զեկուցողներ` Ս. Առաքելյան, Ա. Մակարյան

2. ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության կանոնակարգի քննարկում
Զեկուցող` Ա. Մակարյան

3. ԵՊՀ ԻՄ-ից ներքին շահակիցների բավարարվածության հարցման կանոնակարգի քննարկում
Զեկուցող` Ա. Մակարյան

4. Ընթացիկ հարցեր:

Նիստի ընթացքում Ս.Առաքելյանն ու Ա.Մակարյանը մասնակիցներին ներկայացրին Որակի կառավարման հանձնաժողովի հիմնական խնդիրները և գործառույթները:

Այնուհետև հանձնաժողովի անդամները քննարկեցին ՄԿՈԱ բաժնի կողմից մշակված երկու` «ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության» և ԵՊՀ ԻՄ-ից ներքին շահակիցների բավարարվածության հարցման» կանոնակարգերը:

Մասնաճյուղում ներկայացվեց «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ձեռնարկը

2015թ. մայիսի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ձեռնարկը ներկայացրին գրքի 4 համահեղինակներից ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Գուրգեն Հովհաննիսյանը և ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախագահ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ Միքայել Մալխասյանը:

Ներկա էին մասնաճյուղի ուսանողական կառույցների ղեկավարները, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Նախ ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախագահը համառոտ ներկայացրեց իր ղեկավարած կառույցի նպատակները և գործունեությունը, մասնաճյուղի գրադարանի համար բերած գիտական հոդվածների ժողովածուները և ՈՒԳԸ-ի հրատարակած այլ նյութերը:

Այնուհետև Միքայել Մալխասյանը խոսեց գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտությունների ուսուցման ծրագրի և դրա արդյունքում ստեղծված «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ձեռնարկի մասին:

Գրքի համահեղինակ, ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Գուրգեն Հովհաննիսյանն անդրադարձավ ձեռնարկի կառուցվածքին և բովանդակությանը:

Մեթոդական ձեռնարկի և հոդվածների ժողովածուների էլեկտրոնային տարբերակները հասանելի են ԵՊՀ ՈՒԳԸ-ի հրատարակումների կայքում՝ http://ysu.am/ssspub:

Հանդիպման վերջում ներկաներին միացավ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը: Նա շնորհավորեց Միքայել Մալխասյանին օրեր առաջ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվելու կապակցությամբ՝ նշելով նրա գիտական (40 գիտական հոդված, 4 մենագրություն) և կազմակերպչական ակտիվ գործունեությունը:

Տնօրենը շեշտեց, որ ուսանողական կառույցնեը դարբնոց են կյանքում ինքնահաստատվելու համար: Նշվեց նաև, որ օրերս Դիլիջանում ընթացող ամառային դպրոցի կազմակերպիչների և դասախոսների մեծ մասը ԵՊՀ ՈՒԳԸ-ի բովով անցած անձինք են:

Ս.Առաքելյանը ուսանողներին կոչ արեց լինել ակտիվ, մասնակցել երկրում տեղի ունեցող իրադարձություններին, կատարել գիտական աշխատանքներ, իսկ ուսանողական կառույցների ղեկավարներին հորդորեց խորացնել համագործակցությունը Մայր բուհի ուսանողական կառույցների հետ:

Մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը Միքայել Մալխասյանին նվիրեց Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը: