Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնօրենության նիստ

1. գլխավոր 2023 թ. դեկտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը:

Նիստում քննարկվեցին 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի դասալսումների արդյունքներին, առկա ուսուցման 2-րդ և հեռակա ուսուցման 1-ին ընթացիկ քննությունների և ստուգումների, քննաշրջանի նախապատրաստմանը և անցկացմանը, վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողների վարձավճարների զեղչերի արդյունքներին, ավագ դպրոցներում և քոլեջներում սովորողների համար մասնաճյուղում ամենամյա «Բաց դռների օրեր» և ճանաչողական այցեր կազմակերպելուն, դասախոսներին հանրակրթական ուսումնա­կան հաստատությունների հետ աշխատանքներում առավելագույնս ներգրավելուն, տնօրենության նախորդ նիստի որոշումների կատարողականին և մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերը 2023-24 ուստարվա առաջին կիսամյակում վերահանձնելու գործընթացին վերաբերող հարցեր:

Առաջին հարցի մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները և Ուսումնամեթոդական վարչության պետը՝ ներկայացնելով 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում մասնագիտական ամբիոնների վարիչների իրականացրած դասալսումների և դասախոսների կատարած փոխադարձ դասալսումների արդյունքները: Մասնավորապես նշվեց, որ դասալսումներն իրականացվել են համաձայն ԵՊՀ ԻՄ-ում դասալսումների անցկացման կարգի և ֆակուլտետների կողմից հաստատված ժամանակացույցների:

Ամբիոնների վարիչների և դասախոսների կողմից վերլուծվել են իրականացված դասալսումների արդյունքները, մասնավորապես՝ նշվել են դասավանդողի մանկավարժական ու մեթոդական ուժեղ և թույլ կողմերը, առանձնացվել նրա կիրառած նորարարական մեթոդները, գրվել են դիտողություններ, կատարվել բարելավման առաջարկներ, և վերլուծությունն ամփոփվել է եզրակացությամբ:

Արդյունքները քննարկվել են ամբիոնների նիստերում, և արձանագրությունների համապատասխան քաղվածքներն ուղարկվել են Ուսումնամեթոդական վարչությանը:

Հաջորդիվ ներկայացվեց, որ 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի առկա ուսուցման 2-րդ, հեռակա ուսուցման 1-ին ընթացիկ քննությունների և ստուգումների, ինչպես նաև 2023-24 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանի անցկացման համար իրականացվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:

Մասնավորապես նշվեց, որ առկա ուսուցման 1-ին կիսամյակի 2-րդ ընթացիկ ստուգումները, քննությունները և ստուգարքները, ըստ հաստատված ժամանակացույցի, կանցկացվեն 2023 թ. դեկտեմբերի 22-29-ն ընկած ժամանակահատվածում:

Հեռակա ուսուցման 1-ին ընթացիկ քննությունները և ստուգումները, ժամանակացուցի համաձայն, նախատեսված է իրականացնել ս.թ. դեկտեմբերի 19-29-ն ընկած ժամանակահատվածում:

2023-24 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանը կմեկնարկի 2024 թ. հունվարի 10-ին և կտևի մինչև հունվարի 30-ը:

Ֆակուլտետների դեկանները ամբիոններում քննարկումներից հետո հաստատման են ներկայացրել ընթացիկ ստուգումների և քննությունների կազմակերպման ժամանակացույցները, դրանք հասանելի են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պաշտոնական կայքում, իրազեկվել են դասախոսները և ուսանողները: Իրականացվել են նախապատրաստական այլ աշխատանքներ:

Վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողների վարձավճարների զեղչերի արդյունքների ամփոփման հարցի վերաբերյալ զեկուցեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի փոխտնօրեն Մ. Օթարյանը: Մասնավորապես նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում՝ 2023-24 ուստարվա առաջին կիսամյակում, 2-4-րդ կուրսի 143 ուսանողի տրամադրվել է ուսման վարձի լրիվ փոխհատուցում (ուսուցման անվճար համակարգ): 13 ուսանողի տրվել է ուսման վարձավճարի 100% փոխհատուցում: 27 ուսանող անվճար ուսուցման համակարգից անցել է վճարովի ուսուցման համակարգ:

Ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում է տրվել 138 (առկա ուսուցման 61 և հեռակա ուսուցման 77) ուսանողի: 2-4-րդ կուրսի 114 ուսանողի նշանակվել է պետական կրթաթոշակ:

2023-2024 ուստարվա առաջին կիսամյակում ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժինը նախապես մշակված ժամանակացույցով հոկտեմբերին Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում իրականացրել է 34 հանդիպում: Դպրոցներն առաջարկել են իրենց նախաձեռնությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ ճանաչողական այցեր կազմակերպել գարնանը: ՊԿՇՀ բաժնի նախաձեռնությամբ մինչև դեկտեմբերի 22-ը ճանաչողական այց կկազմակերպվի Աչաջրի միջնակարգ դպրոցի աշակերտների համար:

Դասախոսներին հանրակրթական ուսումնա­կան հաստատությունների հետ աշխատանքներում առավելագույնս ներգրավելու վերաբերյալ նշվեց, որ ՊԿՇՀ բաժնի կողմից 2023-24 ուստարվա 1-ին կիսամյակում մարզի դպրոցներում կազմակերպվել է յոթ դասախոսություն:

Բաժինը Իջևանի և Դիլիջանի տարածաշրջանների 22 դպրոցների ուղարկել է գրություն հանրակրթական հայոց պատմություն, հայոց լեզու և գրակա­նություն, ռուսաց լեզու, անգլերեն, ֆրանսերեն, մաթեմատիկա, ֆիզիկա առարկաներից ներկայացնելու դասախոսությունների՝ իրենց կողմից նախընտրելի թեմաները: Գրությանն արձագանքել են Ազատամուտի և Աչաջրի միջնակարգ դպրոցները: Ազատամուտի միջնակարգ դպրոցի կողմից ըստ դասարանների առաջարկվել է հինգ թեմա, որոնք ուղարկվել են համապատասխան ամբիոններին՝ դասախոսներ առաջարկելու: Աչաջրի միջնակարգ դպրոցն առաջարկել է ուսուցիչների համար իրականացնել դասախոսություն՝ «Տարիքային հոգեբանություն» թեմայով: Ամբիոնների և դեկանի կողմից առաջարկված դասախոսների բեռնվածու­թյունից ելնելով՝ ս.թ. դեկտեմբերի 22-ին Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Ազատյանը դասախոսություն կանցկացնի Ազատամուտի միջնակարգ դպրոցում, մյուսները կիրականացվեն հունվարին:

Դպրոցների հետ համագործակցության շրջանակներում ՊԿՇՀ բաժինը Ուսանողական գիտական ընկերության հետ 2023-2024 ուսումնական տարվա ընթացում պլանավորել է 4 դպրոցում (Իջևանի ավագ դպրոց, Իջևանի վարժարան, Գանձաքարի միջնակարգ դպրոց, Աչաջրի միջնակարգ դպրոց) իրականացնել «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը: Առաջին կիսամյակում խաղն իրականացվել է Իջևանի վարժարանում:

Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնին հանձնարարվեց առավել ակտիվացնել դպրոց-համալսարան համագործակցության խորացմանն ուղղված աշխատանքները թե՛ «Բաց դռների օրեր»-ի, ճանաչողական այցերի և թե՛ ակ­նար­կային ու բովան­դակային դասախոսությունների, թե­մա­տիկ քննարկում­ների միջոցով:

Տնօրենության նախորդ նիստի որոշումների կատարողականին անդրադառնալիս նշվեց, որ դրանք իրականացվել են: Որոշումները վերաբերում էին մասնավորապես դպրոցներից ԵՊՀ ԻՄ դիմորդների հոսքի ավելացման ուղղությամբ  դպրոց-բուհ կապի ամրապնդմանը, իր դիմումի համաձայն՝ ԵՊՀ ԻՄ շրջանավարտի դիպլոմն անվավեր ճանաչելուն և կրկնօրինակը տրամադրելուն. մյուսներում էլ քննարկված հարցերի վերաբերյալ հաղորդումներն ընդունվել էին ի գիտություն:

Վերջին հարցի մասին նշվեց, որ մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերը 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում՝ ս.թ. նոյեմբերի 21-27-ը, վերահանձնելու համար դիմել էր 19 ուսանող, որից 2-ը՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետից (առկա), 10-ը՝ Բնական գիտությունների ֆակուլտետից (առկա՝ 2, հեռակա՝ 8), 7-ը՝ Տնտեսագիտության ֆակուլտետից (հեռակա): 19 ուսանողից 14-ը ստացել է դրական, իսկ Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման չորրորդ կուրսի 8 ուսանողից 5-ը «Մաթեմատիկական մոդելավորում և թվային մեթոդներ» դասընթացից ստացել է անբավարար: Ակադեմիական պարտքերը չվերահանձնած 5 ուսանողները 2024 թ. հունվարի 24-31-ը ևս մեկ անգամ վերահանձնելու հնարավորություն ունեն:

 

Կայացավ «Ներառական և հավասարապես որակյալ կրթություն բոլորի համար» աշխատաժողովը

1․ գլխավոր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում 2023 թ. դեկտեմբերի 19-ին մասնաճյուղում կայացավ «Ներառական և հավասարապես որակյալ կրթություն բոլորի համար» աշխատաժողովը, որը կազմակերպվել էր «Հույսի կամուրջ» ՀԿ «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ ՀՀ Տավուշի մարզում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ:

Աշխատաժողովի նպատակն էր ՀՀ Տավուշի մարզի նախադպրոցական, միջնակարգ, նախնական և միջին մասնագիտական ներառական և հավասարապես որակյալ կրթության խթանման գործում կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների լավագույն փորձի, ձեռքբերումների, մարտահրավերների և քաղած դասերի ներկայացումը:

Ներկա էին «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը, կենտրոնի աշխատակիցներ, շահագրգիռ կառույցների այլ անդամներ, մասնակցում էին Տավուշի մարզի կրթական հաստատությունների ավելի քան 200 ներկայացուցիչ:

Նախ մասնակիցներին ողջունեցին «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Ս. Թադևոսյանը և Տավուշի մարզպետի տեղակալ Ն. Ղուշչյանը:

Այնուհետև ներկայացվեցին ՀՀ Տավուշի մարզի նախադպրոցական, միջնակարգ, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ներառական և հավասարապես որակյալ կրթություն ստանալու իրավունքի իրացումը, ձեռքբերումները, մարտահրավերները և քաղած դասերը:

Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցան նաև պանելային քննարկումներ:

Այն ամփոփվեց խմբերի կողմից առաջարկությունների ներկայացմամբ:

Վերջում «Հույսի կամուրջ» ՀԿ ներկայացուցիչները համագործակցության և օժանդակության համար հատուկ շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ ԻՄ ղեկավարությանը, աշխատաժողովի տեխնիկական հարցերի կարգավորման գործում կամավորական ներգրավվածության համար՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներ Լուսինե Բաղմանյանին, Ամալյա Գյոզալյանին և Լիլիթ Թորոսյանին:

Ամանորին և Սուրբ Ծննդին նվիրված միջոցառում մասնաճյուղում

1․ գլխավոր ԵՊՀ ԻՄ-ում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում 2023 թ. դեկտեմբերի 16-ին Օտար լեզուների ամբիոնն անցկացրեց արդեն ավանդույթ դարձած տարեվերջյան միջոցառումը՝ նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդին: Այն կազմակերպվել էր ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ. դոցենտ Ք. Հարությունյանի և բ.գ.թ., ասիստենտ Ա. Կարապետյանի կողմից:

Միջոցառմանը մասնակցում էին «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերի առաջին կուրսի ուսանողները:

Տոնական միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրին Ամանորի և Սուրբ Ծննդի ավանդույթները տարբեր երկրներում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն, Չինաստան, Հարավային Կորեա, Բրազիլիա, Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հայաստան և այլն):

Ուսանողները անգլերենով և ֆրանսերենով ներկայացրին նաև տոնի ծագումը, ամանորյա խորհրդանիշները և նվերների տեսակները: Նրանք ստացան անակնկալ մաղթանքներ և խորհուրդներ գալիք տարվա համար և խոստացան հետևել դրանց:

Հնչեցին անգլերեն և ֆրանսերեն ամանորյա տոնական երգեր՝ ուսանողների կատարմամբ:

Միջոցառման մասնակիցները նաև խաղացին «Գաղտնի Սանտան» ամանորյա խաղը, որի ընթացքում իրար տվեցին նվերներ:

«Ուսումնառության համընդհանուր ձևավորում» թեմայով բաց դաս

1․ գլխավոր 2023 թ. դեկտեմբերի 12-ին «Կրթության հոգեբանություն» դասընթացի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվեց բաց դաս՝ «Ուսումնառության համընդհանուր ձևավորում» թեմայով:

Բաց դասը վարում էր ԵՊՀ ԻՄ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Անուշ Մարտիրոսյանը, մասնակցում էին «Հոգեբանություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի, «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողները, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լ. Հարությունյանը:

Դասի նպատակն էր ուսանողներին ներկայացնել ուսումնառության համընդհանուր ձևավորման (ՈՒՀՁ) էությունը, սկզբունքները և դասը ՈՒՀՁ եղանակով պլանավորելու ռազմավարությունները:

Բաց դասին ներկայացվեցին և քննարկվեցին հետևյալ խնդիրներն ու հարցերը՝ «Ի՞նչ է ուսումնառության համընդհանուր ձևավորումը», «Որո՞նք են խթանող կրթական միջավայրի սկզբունքներն ու չափանիշները», «Ինչու՞ են կարևոր կրթության գործընթացի խելամիտ հարմարեցումները», «Աշակերտների կողմից նյութի ընկալման եղանակները», «Հոգեբանի դերն ու գործառույթները դասը ՈՒՀՁ սկզբունքներով պլանավորելու և խելամիտ հարմարեցումներ առաջարկելու գործընթացում», «Համատեղ դասավանդման էությունը», «Համատեղ դասավանդման մոդելները», «Հոգեբանը որպես համատեղ դասավանդման մասնակից»:

«Ուսումնառության համընդհանուր ձևավորում» թեմայով դասի ընթացքում իրականացվեցին գործնական աշխատանքներ, ինչն ավելի արդյունավետ դարձրեց ուսանողների կողմից դասի յուրացումն ու ամրապնդումը: Ուսանողները բավականին ակտիվ մասնակցեցին առաջադրված հարցերի քննարկմանը՝ արտահայտելով հետաքրքիր ու ստեղծարար մտքեր և գաղափարներ:

Գիտական խորհրդի նիստ

1. գլխավոր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ. դեկտեմբերի 9-ին առցանց միանալու հնարավորությամբ տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ՝ 4 օրակարգային և 3 ընթացիկ հարցերով: Նիստը նախագահում էր տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը:

Գիտխորհրդի անդամների կողմից առաջարկված որոշակի փոփոխություններով հանդերձ՝ նիստում հաստատվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շահակիցների կարիքների վերհանման և գնահատման, ԵՊՀ ԻՄ մասնագիտության կրթական ծրագրերի բենչմարքինգի իրականացման կարգերը:

Նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ 2023 թ. ընդունելության արդյունքներին (առկա և հեռակա ուսուցում), 2023 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի 11 ամսվա (2023 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ը) կատարողականին և 2024 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվին (բյուջե), ԵՊՀ ԻՄ շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների՝ 2022-2023 թթ. կարծիքների ուսումնասիրությանը, ԵՊՀ ԻՄ 2018-2023 թթ․ գործունեության արդյունքային ցուցանիշներին, ԵՊՀ ԻՄ ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ․մ․գ․թ․ Սերգեյ Ամիրխանի Ազարյանի հեղինակած «Օպտիմիզացիայի մեթոդներ» ուսումնական ձեռնարկը հրատարակման երաշխավորելուն վերաբերող հարցեր:

Ըստ մասնագիտությունների կրթական ծրագրերի՝ հանգամանորեն ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ 2023 թ. ընդունելության արդյունքները (առկա և հեռակա ուսուցում) և նախորդ երեք տարվա արդյունքների համեմատական վերլուծությունը:

Ներկայացված արդյունքների համաձայն՝ 2023-2024 ուստարում նկատելի է դիմորդների ընդհանուր թվի նվազում, ինչպես նաև ընդունելության քննությունների նվազագույն շեմը հաղթահարած դիմորդների թվի որոշակի նվազում՝ նախորդ երեք ուստարիների (2020-2021, 2021-2022, 2022-2023)  համեմատությամբ: Առկա ուսուցման համակարգում ավելի է խորանում դպրոցների շրջանավարտների գիտելիքների և ընդունելության քննությունների համար նախատեսված պահանջների միջև տարբերությունը, իջնում է դիմորդների գիտելիքների մակարդակը: Այդ ամենի հետևանքով ավելի մեծ թվով դիմորդներ չեն հաղթահարում նվազագույն շեմը: Հեռակա ուսուցման համակարգում իրավիճակը պայմանավորված է ընդունելության քննությունների կազմակերպման ձևի փոփոխությամբ ու Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հանձնարարվող քննական առաջադրանքների բարդությամբ: Ավելի մեծ վնաս են հասցնում նաև ոչ պետական բուհերի հետ անհավասար և անազնիվ մրցակցային պայմանները, որոնք իրականացնում են առանց քննությունների ընդունելություն՝ դրանով գրավելով մեծաքանակ դիմորդներ:

ԵՊՀ ԻՄ 2023թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի 11 ամսվա (2023 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ը) կատարողականի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ հաշվետու ֆինանսական տարվա մուտքերը (եկամուտները) կազմում են 404.160,6 մլն. ՀՀ դրամ, իսկ ելքերը (ծախսերը) կազմում են 438.992,3 մլն. ՀՀ դրամ: Նախորդ ֆինանսական տարվանից մնացորդը կազմել է 43.170,8 մլն. ՀՀ դրամ:

Մուտքերի 58%-ը (234.498,0 մլն. ՀՀ դրամ) վճարովի ուսուցման ծառայություններից է, 27%-ը (109.340,0 մլն. ՀՀ դրամ) պետական ֆինանսավորումից է: Ելքերի 79.3%-ը (348.054,0 մլն. ՀՀ դրամ) «Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ և դրան հավասարեցված վճարումներ»-ն են: Ելքերի 2.2%-ը (9.860,0 մլն. ՀՀ դրամ) ուղղվել է ուսանողների կրթաթոշակներին, 7.1%-ը (31.500 մլն. ՀՀ դրամ)՝ Երևանից ժամանող դասախոսներին տեղափոխելու համար նոր միկրոավտոբուսի ձեռքբերմանը:

ԵՊՀ ԻՄ 2024 թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը (բյուջե) ներկայացնելիս նշվեց, որ վերջինիս հոդվածների ցուցանիշները կազմվել են 2023 թ. նախահաշվի կատարողականի ցուցանիշների, ինչպես նաև կանխատեսումների և պլանավորման վրա: Նոր բյուջեով նախատեսվում է պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձի որոշակի բարձրացում, աշխատակիցների առողջության ապահովագրության փաթեթով նախատեսվող ծառայությունների կտրուկ ավելացում, Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների մասնաշենքի վերանորոգման պետական սուբվենցիոն ծրագրին մասնակցություն, կենտրոնական մասնաշենքի ջեռուցման համակարգի արմատական վերափոխում և բակային տարածքի հիմնանորոգում, Կիրառական արվեստի ֆակուլտետի գույքի համալրում և այլ գործողությունների ֆինանսավորում: Նշված ծրագրերի իրականացմանը ֆինանսական աջակցություն կցուցաբերի Մայր բուհը:   

Մասնաճյուղի գիտխորհրդի անդամների կողմից 2024 թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը (բյուջե) արժանացավ հավանության, և որոշվեց այն ներկայացնել Երևանի պետական համալսարան՝ հաստատման:

Հաջորդիվ ներկայացվեց ԵՊՀ ԻՄ շրջանավարտների մասնագիտական հմտությունների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության՝ 2022-2023 թթ. հարցման արդյունքների և 2020-2022 թթ. հարցման արդյունքների համեմատական վերլուծությունը:

Նշվեց, որ ուսումնասիրության նպատակն է պարզել արտաքին շահակիցների կարծիքը մասնաճյուղի շրջանավարտների մասնագիտական և անձնային որակների վերաբերյալ: 5-բալային սանդղակով գործատուները գնահատել են մասնաճյուղի շրջանավարտների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, կազմակերպչական ու հաղորդակցական կարողությունները, անձնային-բարոյական որակները, ինքնակատարելագործման դրսևորումը, թիմային աշխատանք կատարելու ունակությունները և այլն:

Հարցման արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացնող են, ինչը փաստում է, որ մասնաճյուղը կատարել է և շարունակում է զարգացնել իր առջև դրված գլխավոր ռազմավարական խնդիրներից մեկը, այն է՝ աշխատաշուկային տալ մրցունակ մասնագետներ։

Վերջին 3 տարվա համեմատ այս տարվա հարցումների՝ շահակիցների կողմից տրված գնահատականների միջինը զգալիորեն աճել է: Օրինակ, մեր շրջանավարտների տեսական գիտելիքների իմացությանը 4 և 5 գնահատականներ է տվել հարցմանը մասնակցած 63 շահակիցներից 55-ը (87.30%- ը), մասնագիտական պատրաստվածությանը՝ 53-ը (84.12%-ը), և մասնագիտական խոսքին՝ 52-ը (82.53%-ը), որը բավականին բարձր ցուցանիշ է:

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների հաղորդակցվելու (միջին գնահատականը՝ 4․30), կազմակերպչական որակների (միջին գնահատականը՝ 4.22), քննադատական-վերլուծական  (միջին  գնահատականը՝  4.01) և տարբեր իրավիճակներում  արագ  և  ճիշտ  կողմնորոշվելու  կարողությունների  (միջին գնահատականը՝ 4.01)՝ 2023 թ․ հարցման արդյունքները նախորդ տարիների համեմատ աճել են:

Մեր գործատուներն ընդհանուր առմամբ բավարարված են մասնաճյուղի շրջանավարտների մարդկային և անձնային որակներից և դա արտահայտել են հիմնականում 4 և 5 գնահատականներով:

Հարցմանը մասնակցած 63 գործատուներից 63-ը (100%-ը) իրենց կազմակերպությունում մասնաճյուղի հեղինակությունը գնահատել է 4 և 5 գնահատակններով: Այդ ցուցանիշը վերջին տարիների համեմատ էականորեն աճել է, մասնավորապես նախորդ տարվա համեմատ միջին գնահատականը աճել է 0.36 միավորով: Այն հարցին, թե խորհուրդ կտան մեր շահակիցներն իրենց մերձավորներին և ընկերներին դիմել ԵՊՀ ԻՄ, դրական է պատասխանել հարցման մասնակիցներից 59-ը (93.65%-ը). այս ցուցանիշը ևս աճել է նախորդ տարիների համեմատ:

Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժինը 2022-2023 և 2020-2022 թթ. հարցման արդյունքների համեմատական վերլուծությունը կտրամադրի ֆակուլտետներին, մասնագիտական ամբիոններին և ուսանողներին (ՈՒԳԸ և ՈՒԽ)՝ ներկա գործընթացներում քննության առարկա դարձնելու արտաքին շահակիցների առաջարկները և կարծիք-գնահատականները՝ ուղղված կրթական ծրագրերի կատարելագործմանը:

Գիտխորհրդի անդամներին ներկայացվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2018-2023 թթ․ գործունեության արդյունքային ցուցանիշների լրակազմը, որն ընդգրկում է մասնաճյուղի՝ վերջին 5 տարիներին գրանցած արդյունքները և դրանց դինամիկան, փաստում է մասնաճյուղի ձեռքբերումների և խնդիրների մասին: ԳԱՑ-ում յուրաքանչյուր ցուցանիշի համար գրված վերլուծությունում ներկայացված են ձեռքբերված արդյունքները, նրանց հիմնավորումները, իսկ խնդիրների դեպքում՝ պատճառները:

Վերջին 2 տարիների ԳԱՑ-երի (ԳԱՑ 2017-2022 և ԳԱՑ 2018-23) լրակազմը տարբերվում է նախորդ ԳԱՑ-երից: Մասնաճյուղի՝ 2022-26 թթ․ զարգացման ռազմավարական ծրագրի կատարողականի գնահատման պահանջները բավարարելու և մասնաճյուղի նախանշած ձեռքբերումները մանրամասն ներկայացնելու համար ՄԿՈԱ բաժնի կողմից վերանայվել և նոր արդյունքներով համալրվել են գործունեության բոլոր 6 ոլորտները (Ընդունելություն և համակազմ, Ուսումնական գործընթաց, Ռեսուրսներ և կառավարում, Ենթակառուցվածքներ, Գիտություն և նորարարություն, Արտաքին կապեր և միջազգային համագործակցություն)․ ավելացվել են 4 նոր ցուցանիշներ (4.11, 6.1.1, 6.1.2, 6.5) և  35 նոր արդյունքներ:

ԳԱՑ-ում ավելացվել են նաև 2 նոր ոլորտներ (Որակի կառավարում և Հասարակական պատասխանտվություն)՝ 6 ցուցանիշներով և 24 արդյունքներով: Ընդգծվեց, որ ներառված նոր արդյունքներից շատերի համար 2021-2022 և 2022-2023 ուստարիների համար մասնաճյուղը ձեռք է բերել որոշակի արդյունքներ:

Գիտխորհրդի նիստում բաց քվեարկությամբ՝ սահմանված կարգով, ԵՊՀ ԻՄ ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ․մ․գ․թ. Սերգեյ Ամիրխանի Ազարյանի հեղինակած «Օպտիմիզացիայի մեթոդներ» ուսումնական ձեռնարկը երաշխավորվեց հրատարակման: