Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտական զեկուցում կարդաց Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Նարինե Դավթյանը

2014թ. մարտի 26-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում գիտական զեկուցում կարդաց Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Նարինե Դավթյանը:

Ներկա էին ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Մանվել Զաքարյանը,  դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցման թեման էր «μ21 պարամետրի վերին գնահատականը համասեռ գրաֆների համար»: Աշխատանքը կատարվել էր ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Ռաֆայել Քամալյանի հետ համատեղ և առաջին անգամ ներկայացվել էր 2013թ. սեպտեմբերի 26-30-ին ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից անցկացվող CSIT-2013 9-րդ միջազգային գիտաժողովում:

Ներկայացված թեման արդիական է և լրացնում է 2008թ. դեկտեմբերին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի տարեկան գիտաժողովում Ն.Դավթյանի և Ռ.Քամալյանի ներկայացրած աշխատանքում առաջին անգամ սահմանված μ11, μ12, μ21  և  μ22   պարամետրերի հետազոտությունների շարքը տարբեր դասերի գրաֆների համար:

Գիտական զեկուցումներ կարդացին Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողները

2014թ. մարտի 20-ին ԵՊՀ ԻՄ-ի  բնական գիտությունների ֆակուլտետում գիտական զեկուցումներ կարդացին «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Հերմինե Ալիխանյանը և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Ալվինա Գևորգյանը:

Ներկա էին Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Մ.Զաքարյանը, դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցումների թեմաները («π թիվը» և «Ածանցյալի կիրառությամբ ապացուցվող անհավասարություններ») հետաքրքիր էին և արդիական:

Ծավալվեց ակտիվ քննարկում:

Ուսումնագիտական զեկուցումներ «Սոցիալական մանկավարժության ժամանակակից հարացույցեր» թեմայով

2013թ. դեկտեմբերի 24-ին ԵՊՀ ԻՄ-ի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության  4-րդ կուրսի ուսանողները «Սոցիալական մանկավարժություն» առարկայի շրջանակներում ներկայացրին ուսումնագիտական զեկուցումներ:

Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ Ա. Հովակիմյանը:

Նպատակն էր ուսանողների մեջ ամրապնդել և զարգացնել գիտելիքներ, հմտություններ և կարողություններ համապատասխան առարկայի շրջանակներում, ձևավորել մասնագիտական ինքնուրույն խոսք:

Քննարկվեցին սոցիալական մանկավարժության զարգացման նոր փուլի կանխատեսման բնութագրիչները, կարևորվեց սոցիալական մանկավարժության դերը մարդու և սոցիումի փոխհարաբերությունների կարգավորման, ներդաշնակ, արդյունավետ ուղիների բացահայտման գործում: Ընդգծվեց նրա կապը կյանքի, ամենօրյա սոցիալական պրակտիկայի և օբյեկտիվ իրականության հետ:

Գիտական զեկուցում կարդաց «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Մելիքյանը

2013թ. հոկտեմբերի 18-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում գիտական զեկուցում կարդաց  «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Մելիքյանը:

Ներկա էին ֆակուլտետի դեկան Ա.Ցուցուլյանը, «Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի» ամբիոնի վարիչ Մ.Զաքարյանը, դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցման թեման էր «Օպերատորի սեփական արժեքների ֆիզիկական իմաստը»: Թեման ունի մեծ կիրառություն ֆիզիկայի գրեթե բոլոր բնագավառներում:

Ներկայացվեցին ալիքային ֆունկցիայի ֆիզիկական իմաստը, նրա որոշ հատկություններ, ալիքային ֆունկցիայի դիսկրետ սպեկտրի համար նշվեց Շրեդինգերի հավասարման մասին, ինչպես նաև բերվեցին որոշ ֆիզիկական մեծությունների օպերատորների տեսքեր և խոսվեց նրանց կոմուտատիվության մասին:

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողովում

2013թ. մայիսի 23-25-ը Տավուշի մարզի  Զիկատար բնապահպանական-ուսումնական կենտրոնում անցկացվեց երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Հայաստանի գրողների միության համատեղ ջանքերով:

Գիտաժողովին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներից ՀԳՄ անդամ, բան. գիտ. թեկն. Ա.Հասանյանը, Վ.Աղաբաբյանը և Հ.Վանյանը:

Ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Լ.Անանյանը, Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա.Իսահակյանը, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Զ.Ավետիսյանը, Վ.Դևրիկյանը, Վ.Ղազարյանը, Հր. Սարիբեկյանը, Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանը, փոխմարզպետ Լ.Սարգսյանը, Կողբի գյուղապետ Ա.Աբովյանը, գրող Ս.Բեգլարյանը, գրող և նկարիչ Զ.Պետրոսյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ և այլք:

Գիտաժողովը բացեցին Լ.Անանյանը, Ա.Իսահակյանը և Ա.Ղուլարյանը` ողջունելով նման լուրջ գիտական միջոցառման անցկացումը սահմանային մարզում` Տավուշ աշխարհի չքնաղ բնության գրկում:

Հետաքրքիր ու բազմաբնույթ զեկուցումներով գիտաժողովի առաջին օրը հանդես եկան`

  1. Անի Եղիազարյանը («Թումանյանը Խաքանիի քառյակների թարգմանիչ»),
  2. Հասմիկ Վանյանը («Ավետիք Իսահակյանի լեգենդների ու զրույցների խոհափիլիսոփայությունը»),
  3. Անի Առաքելյանը («Երկու վեպ, երկու հայացք /Չարենց և Շահնուր/»),
  4. Նարեկ Սուքիասյանը («Եղիշե Չարենց-Գարսիա Լորկա գրական առնչություններ»),
  5. Լիլիթ Թունյանը («Գեղարվեստական ժամանակի ու տարածության դրսևորման ձևերը Համաստեղի արձակում»):

Երկրորդ օրվա I նիստին զեկուցումներ կարդացին`

  1. Տաթև Հարությունյանը («Նագիհ Մահֆուզի «Հայելիներ» վեպի առանձնահատկությունները»),
  2. Կարինե Հարությունյանը («Մտքի երկրորդ կողմը Հ.Էդոյանի «Քայլեր և ստվերներ» ժողովածուում»),
  3. Անի Գալստյանը («Ճշգրիտ երևակայություն. Էդգար Պոյի «Տրամաբանական» նովելը»),
  4. Լաուրա Գևորգյանը («Հայրենիքի ընկալման նորօրյա երանգները իրանահայ ժամանակակից պոեզիայում»):

II նիստին զեկուցումներ կարդացին`

  1. Ալիսա Հասանյանը(«Սամվել Բեգլարյան. ստեղծագործական ակնարկ»),
  2. Ուլյանա Կոստանյանը («Գյուղաշխարհի անդառնալի փլուզման դրաման Մաթևոսյանի արձակում»),
  3. Լուսինե Ասլանյանը («Հոգևոր և մարմնական սիրո արտացոլումը «Բանաստեղծը և կինը» վիպակում»),
  4. Հովհաննես Բեյլերյանը («Պահքի շրջանի առակների մեկնությունը»),
  5. Մարինե Մկրտչյանը («Զորի Բալայանի «Օջախ»-ի գաղափարական հիմքը և աղերսները արցախյան շարժմանը»),
  6. Վահան Աղաբաբյանը («Ս.Խանզադյանի «Կորած արահետներ» պատմվածաշարը»):Յուրաքանչյուր զեկուցումից հետո ծավալվեց ակտիվ բանավեճ-քննարկում:

Ներկայացված բովանդակալից զեկուցումների կապակցությամբ իրենց տպավորություններն արտահայտեցին ուսուցիչներն ու դպրոցների տնօրենները, մասնավորապես` Բերդավանի դպրոցի տնօրեն Արևիկ Ասատրյանը:

Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողովի մասնակիցների զեկուցումները Հայաստանի գրողների միության նախագահ Լ.Անանյանի կողմից երաշխավորվեցին առանձին գրքով տպագրության: