Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԳԻՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՒՄ ԿԱՐԴԱՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՒ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ ԴԱՍԱԽՈՍ ՄԱՐԻԵՏԱ ՃԱՂԱՐՅԱՆԸ

2013թ. ապրիլի 12-ին ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Մարիետա Ճաղարյանը կարդաց գիտական զեկուցում` B-ծառերի մի ծրագրային իրականացման թեմայով:

Ներկա էին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտ. թեկն., դոցենտ Արտակ Ցուցուլյանը, ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. թեկն., դոցենտ Մանվել Զաքարյանը,  դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցման թեման արդիական է և հետաքրքիր: Ծառի աճը ղեկավարող հայտանիշի առկայությունը  դինամիկ կառույցներում տարրի արագ փնտրում իրականացնելու կարևորագույն խնդիրներից մեկն է:

Զեկուցման մեջ սահմանվեց  տվյալների պահպանման n-րդ կարգի B-ծառ, ներկայացվեց նրա կառուցվածքը, հատկությունները, առավելությունները այլ ծառային կառույցների նկատմամբ, նոր տարրի ավելացման և փնտրման  գործողությունների իրականացման սխեմաները և տրվեցին այդ գործողությունների ժամանակային գնահատականները:

Ներկայացվեց  n-րդ կարգի B-ծառերի մի ծրագրային իրականացման ալգորիթմը, որը կատարում է տվյալների հաջորդականության ներմուծում, ծառի կառուցում և  արդյունքների (աճման կարգով դասավորված հաջորդականության)  արտածում:

Հեռակա ուսուցման բաժնում անցկացվեց գիտական քննարկում

2013թ. մարտի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության ուսանողների նախաձեռնությամբ, Անտառագիտության ամբիոնի ասիստենտ Էլմիրա Օսիպովայի և բաժնի տեսուչ Գալյա Գասպարյանի անմիջական ղեկավարությամբ հեռակա ուսուցման բաժնում անցկացվեց «Կլիմայի փոփոխություն. գլոբալ տաքացում» թեմայով գիտական քննարկում:

Զեկուցումով հանդես եկավ «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության II կուրսի ուսանողուհի Զինա Սաֆարյանը:

Սաֆարյանի ելույթը բուռն քննարկման նյութ դարձավ, որի առնչությամբ իրենց տեսակետներն արտահայտեցին Անտառագիտության ամբիոնի դասախոսներ Արծվի Գրիգորյանը և Մեդորա Խաչատրյանը:

Գիտական զեկուցումներից ու քննարկումից հետո ցուցադրվեց տեսաֆիլմ, որը նվիրված էր ջերմոցային էֆեկտին և գլոբալ տաքացմանը:

Գիտական զեկուցում կարդաց Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Արփինե Խաչատրյանը

Ս.թ. փետրվարի 27-ին ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետում գիտական զեկուցում կարդաց Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Արփինե Խաչատրյանը: Ներկա էին ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Մանվել Զաքարյանը,  դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցման թեման էր «Որոշ համասեռ գրաֆների կողային ճիշտ ներկումներում միջակայքային սպեկտրով գագաթների թվի հատկությունները»: Աշխատանքը կատարվել էր ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Ռաֆայել Քամալյանի հետ համատեղ:

Ներկայացված թեման արդիական է և լրացնում է  2008թ. Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում  Ն.Դավթյանի և Ռ.Քամալյանի  ներկայացրած աշխատանքում առաջին անգամ սահմանված μ11, μ12, μ21  և  μ22   պարամետրերի հետազոտությունների շարքը տարբեր դասերի գրաֆների համար:

Ա.Խաչատրյանը ներկայացրեց նշված չորս μ պարամետրերի  գտնված ճշգրիտ արժեքները  n-չափանի միավոր խորանարդի և և  n-գագաթանի պարզ ցիկլի և երկու գագաթանի լրիվ գրաֆի դեկարտյան արտադրյալի  համար:

Զեկուցում կարդաց Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչը

Ս.թ. դեկտեմբերի 21-ին ԵՊՀ ԻՄ գրադարանում գիտական զեկուցում կարդաց Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ Վլ. Միքայելյանը: Զեկուցման թեման էր «Հոգեսոմատիկ հոգեբանության հիմնախնդիրը»:

Ներկա էին Հոգեբանության և մանկավարժության ամբիոնի դասախոսներ, մասնաճյուղի աշխատակիցներ և ուսանողներ:

Վլ. Միքայելյանը բավականին հանգամանորեն ու բովանդակալից կերպով ներկայացրեց հոգեսոմատիկ հոգեբանության հիմնախնդիրը՝ նախորդ դարի ձեռքբերումներից մինչև այսօրվա նվաճումները:

Թեման հետաքրքիր էր. տեղի ունեցավ ակտիվ քննարկում, որին մասնակցեցին թե՛ ուսանողները և թե՛ դասախոսները:

Զեկուցում կարդաց Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչը

Ս.թ. դեկտեմբերի 12-ին ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետում գիտական զեկուցում կարդաց Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Մանվել Զաքարյանը: Ներկա էին ֆակուլտետի դեկան Ա. Ցուցուլյանը, դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցման թեման էր «Տեոպլիցի օպերատորներ անալիտիկ ֆունկցիաների որոշ տարածություններում»: Թեման արդիական է և ունի կիրառական նշանակություն ֆիզիկայում: Քննարկվեց Տեոպլիցի օպերատորների հատկությունները Հարդիի H2 և մակերեսով ինտեգրելի անալիտիկ ֆունկցիաների տարածությունների վրա՝ տարբեր սիմվոլների դեպքում:

Կարդալ ավելին