Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ավարտվեց «Բանավիճում ենք հանուն մարդու իրավունքների զարգացման» ծրագիրը

2013թ. ապրիլի 5-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ եզրափակվեց «Բանավիճում ենք հանուն մարդու իրավունքների զարգացման» ծրագիրը:

Ներկա էին Երևանում Բրիտանական դեսպանատան ծրագրերի համակարգող Օլյա Ազատյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը և խորհրդական Տաթևիկ Խաչատրյանը, ՄԱԿ-ի հայկական ասոցացիայի ՀԿ-ի նախագահ Արմինե Պոդոսյանը և գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը:

ՀՀ 5 մարզերում և Երևանում անց էին կացվել 2-ական սեմինարներ, որոնց մասնակցել էին 180 երիտասարդներ: Սեմինարների առավել ակտիվ 30 մասնակիցները մարտի 28-ին մասնակցեցին Երևանում կայացած հեռուստաբանավեճին, որը ցուցադրվեց Երկիր Մեդիա հեռուստաալիքով: Ժյուրին, որի կազմում էին կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ, խորհրդական Տաթևիկ Խաչատրյանը, ընտրեց 3 լավագույն բանավիճողներին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հեռուստաբանավեճին մասնակցել էին Սլավիկ Ալավերդյանը (ԿՄ/Ֆ 4-րդ), Մելինե Մելիքյանը (ԿՄ/Ֆ 3-րդ) և Արա Հովսեփյանը (ԿՄ/Ֆ 1-ին):

Ընդունելության ժամանակ հեռուստաբանավեճի մասնակիցները ստացան վկայականներ, իսկ հաղթողները՝ խրախուսական մրցանակներ:

Ծրագրին  նպաստելու և աջակցելու համար վկայականներ տրվեցին նաև ՄԻՊ մարզային գրասենյակներին և այն բուհերին, որոնք աջակցել էին ծրագրի իրականացմանը՝ այդ թվում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին: