Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Խորհրդատվություն

ԳՐԱՆՑՈՒՄ

Լրացնելով գրանցման թերթիկը /sylfaen տառատեսակով/ և ուղարկելով shrjanavartysuib@gmail.com էլեկտրոնային հասցեով՝ դուք կընդգրկվեք Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի բազայում և կենտրոնի կողմից պարբերաբար կստանաք տեղեկատվություն թափուր աշխատատեղերի, վերապատրաստման դասընթացների և կրթական այլ ծրագրերի մասին:

 

ԻՆՉՊԵՍ ԿԱԶՄԵԼ ՌԵԶՅՈՒՄԵ ԵՎ CV

Ռեզյումեն մեկ-երկու էջի սահմանում Ձեր գիտելիքների, փորձի և հմտությունների ամփոփագիր է, որը պետք է լինի շատ հակիրճ և որոշակի: Ռեզյումե կարդացողը պետք է ծախսի ընդամենը մեկ-երկու րոպե Ձեր որակներին ծանոթանալու համար:

Curriculum Vitae /CV/-ն ռեզյումեի ավելի ծավալուն տեսակն է և պետք է ներառի նաև Ձեր հետազոտական փորձը, հրապարակումները, մրցանակները, պատվոգրերը, ասոցիացիաներում կամ այլ խմբերում մասնակցությունը և այլն:

 Ռեզյումեում/CV-ում համառոտ արտացոլված է տեղեկատվություն աշխատանք փնտրողի ունակությունների, կարողությունների, հմտությունների, գիտելիքների, փորձի,, նվաճումների մասին: Ռեզյումեն գործատուի և աշխատանք փնտրողի միջև  առաջին ոչ անմիջական շփումն է: Ճիշտ ռեզյումեն հիմք է  հետագայում  հարցազրույցի հրավիրելու համար:  Կարևոր է հիշել, որ ռեզյումեն ինքնակենսագրություն չէ. այն պետք է հակիրճ   ներկայացնի աշխատանք փնտրողի գործունեությունը:  

CV/ռեզյումեն մարքեթինգային փաստաթուղթ է, որում աշխատանք փնտրողը գովազդում է իրեն: Այն պետք է լինի տպավորիչ, հակիրճ և ճիշտ: CV/ռեզյումե գրելը պահանջում է համապատասխան փորձառություն և գիտելիքներ: Դրա միջոցով Դուք պետք է պատշաճ կերպով ներկայացնեք Ձեր տաղանդը, հմտությունները, գիտելիքները և փորձը:

Եկեք այստեղ դիտարկենք ընտրության հոգեբանությունը: Գործատուն մարդ արարած է, ով, ինչպես բոլոր մարդիկ, ղեկավարվում է զգացմունքներով: Այսօր հիմնավոր է համարվում այն փաստը, որ ցանկացած բնագավառում մարդկանց որոշումներն ավելի շատ զգացմունքային են, քան բանական: Թե´ սպառողի վարվելակերպը, թե´ աշխատակիցների վերաբերմունքը և թե´ մարդկային լավ հարաբերությունները ղեկավարվում են զգացմունքներով: Նույնը վերաբերում է նաև CV/ռեզյումե կազմելուն: Տպավորիչ CV/ռեզյումե կազմելը հավասարազոր է անձնական իմիջի ձևավորմանը: Դա առաջին խնդիրն է, որը պահանջում է լուրջ և խելացի մոտեցում:

 Տպավորիչ CV/ռեզյումեի առավելություններից մեկն այն է, որ այն  բարձր մրցակցության առկայության դեպքում, ընտրության գործընթացում կարող է  օգնել Ձեզ` առանձնանալու մյուսներից: Lավ կազմված CV/ռեզյումեն մեծացնում է Ձեր հնարավորությունները` ստանալու տվյալ աշխատանքը, նույնիսկ նախքան հարցազրույցը:

Եվ վերջապես, խելացի կերպով կազմված CV/ռեզյումեն կարող է դրական ազդեցություն գործել Ձեր հարցազրույցի ընթացքի վրա: Շատ կարևոր է, որ Ձեր CV/ռեզյումեի մեջ գործածված բառերը ընթերցողի մեջ ցանկություն առաջացնեն հանդիպելու Ձեզ հետ և հրավիրելու Ձեզ այդքան սպասված հարցազրույցին: Այսպիսով, որո՞նք են այդպիսի տպավորիչ CV/ռեզյումե կազմելու հիմնական քայլերը:

Ռեզյումեն կազմելիս հարկ է .

   Ռեզյումեն կազմել համառոտ և հստակ,

–   Ռեզյումեում նկարը տեղադրել միայն գործատուի պահանջով,

– Ռեզյումեում տեղեկատվությունը  ներկայացնել հստակ՝ խմբավորելով որոշակի կանոնավոր հերթականությամբ,

  • Զերծ մնալ քերականական, ուղղագրական և տեխնիկական սխալներից,
  • Էլեկտրոնային տարբերակով ռեզյումեն ուղարկելիս ուշադրություն դարձնել տառատեսակին. գրել այնպես, որ խնդիրներ չառաջանան գործատուի մոտ այն կարդալիս,
  • Բացառել տեղեկատվության կրկնությունները և հիշել, որ ռեզյումեից է կախված հետագա փուլին մասնակցությունը:
  • Ռեզյումեն ուղարկելիս նամակում նշել թեման (subject)՝ հաստիքը, որի համար դիմում եք,
  • Նշել ուղարկողի անուն-ազգանունը,
  • Ուղարկել ուղեկից նամակ,
  • Ռեզյումեի ֆայլը անվանել  ուղարկողի անուն-ազգանունով,
  • Էլեկտրոնային փոստի միջոցով աշխատանքի դիմելիս կարևոր է ունենալ ներկայացուցչական էլեկտրոնային հասցե: Էլ. նամակը ուղարկել այնպիսի էլ. հասցեից, որը չի ունենա շփոթություն առաջացնող անուն, ինչպես նաև այլ անձանց պատկանող էլ. հասցեներից:
  • Մի քանի գործատուների միաժամանակ չուղարկել նույն նամակը,
  • Նամակում անհրաժեշտ է նշել նաև ուղարկողի կոնտակտային տվյալները,
  • Նույն ընկերությանը մի քանի հաստիքի համար միաժամանակ ռեզյումե չուղարկել:

 Ռեզյումեի կառուցվածքը

  Ռեզյումեն ներառում է  Ձեր մասին հետևյալ տեղեկությունները.

  • Կոնտակտային տվյալներ (անուն-ազգանուն, հեռախոս, հասցե, էլ. փոստ),
  • Հաստիքը (աշխատատեղը, որի համար դիմում եք),
  • Կրթություն (կրթական հաստատության ամբողջական անվանումը, կրթական աստիճանը, հիմնական մասնագիտությունը, ինչպես նաև լրացուցիչ մասնագիտացումները, դասընթացները, սեմինարները, պրակտիկաները),
  • Մասնագիտական կարողությունները և ձեռքբերումները (գրանցած հաջողությունները)
  • Աշխատանքային փորձը (սշխատանքի տևողությունը, զբաղեցրած պաշտոնը, ընկերության անվանումը, ընկերության ծավալած գործունեության տեսակը, աշխատանքային , պարտականությունները և գործառույթները)
  • Համակարգչային ծրագրերի իմացությունը
  • Օտար լեզուների իմացությունը

 

 

Կարդացեք նաև՝