Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ցուցահանդես` ավարտական աշխատանքների ներկայացմամբ

Հունիսի 19-ին Իջևանի մասնաճյուղը ԵՊՀ պատմության թանգարանում կազմակերպել էր ցուցահանդես:
Ցուցահանդեսին ներկայացված էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների ավարտական աշխատանքները:

«Մենք պարբերաբար ավարտական աշխատանքների ցուցադրություններ անում ենք` թեմատիկան անընդհատ թարմացնելով: Նմանաբնույթ միջոցառումներն ավելի են սերտացնում մեր համագործակցությունը Մայր բուհի հետ: Հուսով եմ, որ այս ամենը շարունակական է լինելու»,- նշում է Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կամո Այվազյանը:

Աշխատանքները բազմաժանր էին: Ներկայացված էին փայտի գեղարվեստական մշակման նմուշներ, դեկորատիվ ծաղկաման, փայտից ծաղկազարդ սկուտեղ, գոբելեններ, հայկական կարպետ` պատմական նախշազարդերով, գեղանկարներ և այլ աշխատանքներ:

Ֆակուլտետի ուսանողները Հայաստանի մի շարք քաղաքներում և մարզերում պարբերաբար մասնակցում են տարբեր մրցույթների, ցուցահանդեսների: Նրանց մի մասն էլ արդեն ունեցել է իր անհատական ցուցահանդեսը:

Կամո Այվազյանը նշեց, որ ցուցահանդեսի նպատակն էր համալսարանականներին մասնաճյուղի ուսանողների անհատական աշխատանքներին ծանոթացնելը և հավելեց, որ ֆակուլտետն ունի մի շարք կիրառական մասնագիտացումներ, որոնցից են գորգագործությունը, կարպետագործությունը, գոբելենագործությունը, կավագործությունը, խեցեգործությունը, փայտի գեղարվեստական մշակումը: