Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Կենսափորձ»-ի առաջին հանդիպումը

Ս.թ. հոկտեմբերի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում «Կենսափորձ» ծրագրի շրջանակներում  կայացավ առաջին հանդիպումը՝ տնօրեն Ս.Առաքելյանի հետ: Տնօրենը ողջունեց Ուսանողական գիտական ընկերության այս նախաձեռնությունը՝ որպես փորձի փոխանցման արդյունավետ միջոց:

Նա ներկայացրեց իր անցած ուղու կարևոր հանգրվանները՝ աշխատանքային առաջին քայլերը (կոլտնտեսություն, Իջևանի գորգագործական կոմբինատ), ԵՊՀ ընդունվելու երազանքի իրականացումը, 1991 թ. Իջևանի տարածաշրջանային քոլեջի բացումը, վարած պաշտոնները (նախապատրաստական ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, փոխտնօրեն, 2000 թվականից՝ ԵՊՀ ԻՄ տնօրեն):

Տնօրեն Ս.Առաքելյանն իր կյանքի կարևոր ձեռքբերումներից է համարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շրջանավարտներին, որոնք կարողանում են իրենց տեղը գտնել կյանքում: Նա նշեց, որ երբ 2000 թ. ստանձնեց տնօրենի պաշտոնը, մասնաճյուղում սովորում էր ընդամենը 667 ուսանող, և տարածքային պայմանները շատ վատ էին: Այդ տարիների ընթացքում բարելավվել են պայմանները, և ուսանողների թիվ էլ եռապատկվել է: Սակայն նա ցավով նշեց, որ այսօր Իջևանը դեռևս համալսարանական քաղաք չէ, և դա պետք է լինի մեր ընդհանուր ձեռքբերումը:

Ս. Առաքելյանն ասաց, որ մինչև ԽՍՀՄ փլուզումն անդամակցել է ԽՍՀՄ կոմունիստական կուսակցությանը, իսկ 1997 թվականից  ՀՀԿ անդամ է և այժմ ՀՀԿ Իջևանի տարածաշրջանային խորհրդի նախագահն է:

Ապա կրջօջախի տնօրենը պատասխանեց ուսանողների հարցերին: Նա նշեց, որ չկա սոցիալական ցանցերում, սակայն համացանցով հետևում է մամուլի հաղորդագրություններին: Հայ դասականներից սիրում է Ա. Բակունցի ստեղծագործությունները, իսկ արտասահմանյան գրողներից՝ հատկապես Ա. Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո» վեպը: Զբաղվել է բռնցքամարտով, եղել է ՀԽՍՀ փոխչեմպիոն:

Հանդիպման վերջում ԵՊՀ ԻՄ տնօրենը տվեց մի քանի խորհուրդ.

  • եղե՛ք կարգապահ,
  • սիրեցե՛ք ձեր ծնողներին,
  • երախտապարտ եղե՛ք ձեր ուսուցիչներին, դասախոսներին,
  • մի՛ ընտրեք ճանապարհ, որով ուրիշն է անցել, ինքներդ կերտե՛ք ձեր ուղին,
  • հաշվետու եղեք ձեր ծնողների և երեխաների առջև. նրանք մարդու խիղճն են: