Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

2014 թվականի III եռամսյակի դրամաշնորհային ծրագերի հայտերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման մրցույթ

Հարգելի գործընկերներ,

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է 2014 թվականի երրորդ եռամսյակի հասարակական կազմակերպությունների կողմից դրամաշնորհային ծրագրերի հայտերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման մրցույթ:

Մրցույթի մասնակցության հայտերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ օգտագործելով «Ա», «Բ» «Գ» և «Դ» տեսակի ծրագրային ձևերից մեկը՝ Ձեր ծրագրի բնույթին համապատասխան:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2014 թվականի մայիսի 4-ը ներառյալ:
Ծրագրերի մեկնարկը պետք է նախատեսել ոչ շուտ, քան ներկայացման վերջնաժամկետից 65 օր հետո, իսկ ավարտը ոչ ուշ քան 2014 թվականի դեկտեմբերի 15-ը:

Ծրագրերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ինչպես նաև ծրագրի մեկնարկի և ավարտի ժամկետի խախտմամբ ներկայացված ծրագրերը հետ կվերադարձվեն հայտատուներին:
Մեկնարկային ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կկիրառվի 1.1 գործակից: 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք Սիսիան քաղաքում կազմակերպվող ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ ևս կկիրառվի 1.1 գործակից:
Ծրագրի նախահաշիվը կազմելիս անհրաժեշտ է ոչ միայն լրացնել առցանց բաժինը, այլ նաև կցել ներկայացվող ձևը` լրացնելով unicode տառատեսակով:

Նախահաշիվը կազմելիս պետք է առաջնորդվել ՀՀ ֆինանսների նախարարի 13 հուլիսի 2013 թվականի N 573-Ա հրամանով (http://gnumner.am/download/50810.html) սահմանված նորմերով:

Հատուկ հիշեցում՝ ծրագրի նախահաշվում չեն կարող ընդգրկվել կապիտալ ծախսեր:
Ծրագրի ֆինանսական հաշվետվությունը անհրաժեշտ է ներկայացնել համաձայն սահմանված ձևի (կցվում է):

Ուշադրություն՝
Դրամաշնորհային ծրագրերի փորձագիտական աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի 2014 թ. փետրվարի 24-ին կայացած նիստի որոշմամբ՝

1.Յուրաքանչյուր եռամսյակում միևնույն կազմակերպության կողմից ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման նպատակով կարող է ներկայացվել միայն մեկ ծրագիր:

2. Յուրաքանչյուր եռամսյակում ֆիզիկական անձը կարող է հանդիսանալ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ներկայացրած միայն մեկ ծրագրի պատասխանատու կամ համակարգող:

3. Սկսած 2014 թվականի 2-րդ եռամսյակից, յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ծրագիր ներկայացնել ոչ շուտ, քան նախորդ եռամսյակում իր ծրագրի ֆինանսավորվելուց 12 ամիս հետո:

Ծրագրային հայտերի լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ, հեռ. (077) 10-45-47:

ՀՀ պետական բյուջեով երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման տողով նախատեսված հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի համար սահմանված են ընթացիկ դրամաշնորհների ֆինանսական միջոցների հետևյալ չափաբաժինները.

1. Մեկնարկային ծրագրեր. նախկինում պետական բյուջեից դրամաշնորհ չստացած կազմակերպությունների համար` մինչև 500.000 դրամ: Այս տիպի ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կկիրառվի 1.1 գործակից:

2. Հիմնական ծրագրեր. նախկինում պետական բյուջեից ծրագրեր ստանալու և արդյունավետ կառավարելու փորձ ունեցող կազմակերպությունների համար` 500.000 դրամից մինչև 2 միլիոն դրամ: «Ուղևորության» և «Համաֆինանսավորում» տիպի ծրագրերի համար սույն կետում նշված նվազագույն գումարի շեմը կարող է չգործել:

3. Հատուկ ծրագեր. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարող է հայտարարել հատուկ դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ, ելնելով ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության 2013-2017 թթ. ռազմավարության գերակայություններից, ֆինանսավորման չափը` մինչև 3,5 մլն. դրամ:

Աղբյուրը` www.cragrer.am