Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Իրականացվեցին մեր ուսանողների դրամաշնորհային ծրագրերը

            2013թ. հունիսի 27-ին և 28-ին կյանքի կոչվեցին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագրի 2012-2013 թթ. ուստարվա 2-րդ կիսամյակում նախատեսված ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների փոքր դրամաշնորհային երկու ծրագրերը:

            Առաջին ծրագիրը կոչվում էր «Սպորտլանդիա», և նրա նպատակն էր նպաստել հասարակության խոցելի խավերի ներկայացուցիչների ինտեգրմանը հասարակություն, խորացնել Իջևանում գործող, նրանց խնամքով զբաղվող կազմակերպությունների միջև կապը, հետաքրքիր դարձնել նրանց առօրյան:

Առաջին օրը «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման ցերեկային կենտրոնի և Իջևանի «ՍՈՍ մանկական գյուղի» սաների մասնակցությամբ տեղի ունեցան մրցումներ տարբեր մարզաձևերից:

Յուրաքանչյուր հաստատությունից մասնակցում էր 10 երեխա: Մրցանակային տեղ զբաղեցնողները ստացան մրցանակներ, իսկ մյուս մասնակիցները՝ խրախուսական նվերներ:

Երկրորդ օրը մասնակիցներին ու հաղթողներին տրվեցին հավաստագրեր և պատվոգրեր:

Դրան հաջորդեց Տավուշի մարզպետարանից Իջևանի քաղաքապետարան խաղաղ երթը, որն ուղեկցվեց հավասարության կոչերով և ծրագրի մասին տեղեկատվական թերթիկների բաժանումով:

Մյուս ծրագիրը կոչվում էր «Մկրտություն» և նպատակն էր նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների կողմից քրիստոնեական խորհուրդների վերաբերյալ գիտելիքների իմացության մակարդակի բարձրացմանը:

Ս.թ. հուլիսի 3-ին տեղի ունեցավ Հայ առաքելական սուրբ եկեղեցու Տավուշի թեմի փոխառաջնորդ  հայր Սամվելի հանդիպումը «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման ցերեկային կենտրոնի սաների  և նրանց ծնողների հետ:

Նա ներկայացրեց մկրտության խորհուրդը, պատասխանեց երեխաների և ծնողների հարցերին: Երեխաների կնքման արարողության հետ կապված՝ տեղի ունեցան նախապատրաստական զրույցներ:

Հուլիսի 11-ին Մակարավանքում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող 10 երեխաների մկրտություն:

 Կնքահայրերն էին Իջևանի փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանը, ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Արտակ Ցուցուլյանը, մասնաճյուղի շրջանավարտներ Ալբերտ Գաբրիելյանը, Հովհաննես Խաչատրյանը, Արտակ Նիազյանը:

Հուլիսի 14-ին «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման ցերեկային կենտրոնում տեղի ունեցավ մյուռոնի հանման առարողությունը:

Առաջիկա գագաթաժողովի ժամանակ իրականացված ծրագրերը կներկայացվեն «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ղեկավարությանը և ՀՀ այն 6 բուհերի (ՀՊՃՀ, ԳՊՄԻ, ՎՊՄԻ, ՀՊՃՀ ԿՄ, Գավառի պետական համալսարան, Գորիսի պետական համալսարան) ուսանողներին, որտեղ իրականցվում է «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագիրը: