Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

2013թ. հունիսի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

 

Ներկա էին Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը, Իջևանի քաղաքապետ Վ. Ղալումյանը, ԵՊՀ պրոռեկտորներ Ա. Գրիգորյանը և Գ. Գևորգյանը, մասնաճյուղի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, շրջանավարտները, ծնողները և այլք:

 

Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում, որի ընթացքում ուսանողները երգեցին հայրենասիրական երգեր, ասմունքեցին մասնաճյուղին նվիրված ձոն: Այն գրել էր մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Ա.Սարհատյանը:

 

Շրջանավարտներին շնորհավորեցին մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը, ԵՊՀ պրոռեկտոր Ա. Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը՝ նրանց մաղթելով կանաչ ճանապարհ, շնորհակալություն հայտնելով ծնողներին:

 

Մասնաճյուղի տնօրենը խոսեց ուսանողների առաջադիմության, նոր մասնագիտությունների, Կիրառական արվեստի ֆակուլտետում մագիստրատուրայի բացման մասին:

 

Հաշվի առնելով մարզպետի ներդրումը այդ մասնագիտության զարգացման գործում՝ տնօրենը նվիրեց նրան Կիրառական արվեստի ֆակուլտետի մագիստրանտերի աշխատանքներից մեկը:

Ելույթ ունեցավ «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության շրջանավարտ Մարիամ Բուդուրյանի հայրը, շնորհակալություն հայտնեց մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին:
Շրջանավարտ Սլավիկ Ալավերդյանը առաջին կուրսեցիներին փոխանցեց մասնաճյուղի բացման բանալին և կոչ արեց լինել ուսումնատենչ, ակտիվ, ձգտող և ինքնավստահ:

 

Այնուհետև պաշտոնատար անձինք հանձնեցին դիպլոմները: Գերազանցության դիպլոմ ստացողները կրում էին եռագույն թիկնոցներ ու գլխարկներ: Դա ավելի տոնական տեսք էր հաղորդում միջոցառմանը և շրջանավարտներին պարտավորեցնում շարունակել իրենց հաջողությունները: