Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտխորհրդի նիստում

2012թ. նոյեմբերի 10-ին տնօրեն Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ կայացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվեցին մասնաճյուղի գործունեության կանոնակարգման և կրթության որակի բարելավման վերաբերյալ մի շարք հարցեր:

Նախ քննարկվեց մասնաճյուղի դասախոսների տարբերակված հավելավճարի կարգի մասին հարցը՝ ելնելով ԵՊՀ գիտական խորհրդի 08.11.2012թ. նիստի համապատասխան որոշումից: Այն կխթանի դասախոսների որակավորման անընդհատ աճը, գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքների ակտիվությունը, մասնաճյուղի և նրա ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցությունը:

Ապա քննարկվեց ԵՊՀ ԻՄ ֆինանսական մուտքերի ու ելքերի ուսումնասիրման և օպտիմալացման մասին հարցը, որոշվեց ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ մասնաճյուղի գիտխորհրդի անդամ, ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ. պրոֆեսոր Հարություն Մարզպանյանի նախագահությամբ:

Քննարկվեցին նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կառուցվածքում և ներքին կարգապահական կանոններում փոփոխություններ կատարելու մասին հարցերը: Առաջին հարցի կապակցությամբ որոշվեց ստեղծել Պետական գնումների, նյութամատակարարման և պահեստավորման բաժին:

Մասնաճյուղի կրթության որակի բարելավմանն էր ուղղված Ուսումնամեթոդական վարչության  կրթության որակի ապահովման և գնահատման բաժնի գործունեությանը վերաբերող հարցը: Բաժինն իրականացնում է բազմաթիվ գործառույթներ, որոնցից հատկանշական են դասախոսների որակավորման բարձրացման գործընթացի կազմակերպումը, դասալսումների, ուսանողական հարցումների իրականացումը, ԵՊՀ ԻՄ ինտերնետային կայքի կառավարումը, մասնաճյուղի ինքնավերլուծության իրականացումը:

Ընթացիկ հարցերից ուշագրավ է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հաստիքացուցակում լրացում կատարելու մասին հարցը: Այդ կապակցությամբ որոշվեց ավելացնել մասնաճյուղի քաղաքականության և միջազգային համագործակցության գծով տնօրենի խորհրդականի հաստիքը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Վաչիկ Բրուտյանին նշանակել վերոհիշյալ գծով տնօրենի խորհրդական: