Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնօրենության ընդլայնված նիստում

2016թ. ապրիլի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր տնօրեն Ս.Առաքելյանը:

Տնօրենության ընդլայնված նիստում

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին տնօրենի խորհրդական Ա.Մակարյանը, ՄԿՈԱ բաժնի անդամները, ամբիոնների վարիչներ, ֆակուլտետների ներկայացուցիչներ:

Ընդլայնված նիստում քննարկվեցին ավարտական աշխատանքների իրականացման ընթացքի, մասնաճյուղում ներդրվող մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավարների ինստիտուտի վերաբերյալ հարցեր:

Առաջին հարցի կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ ս.թ. ապրիլի        16-29-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվել են ավարտական աշխատանքների նախապաշտպանություններ, որոնց ընթացքում ուսանողները ներկայացրել են իրենց աշխատանքների կատարողականի վերաբերյալ տեղեկատվություն, մինչև պաշտպանությունը մասնագիտական ամբիոնների դասախոսների կողմից ստացել են բացթողումները շտկելու վերաբերյալ համապատասխան ցուցումներ:

 Ուշադրություն է դարձվել ավարտական աշխատանքներին ներկայացվող պահանջներին՝ թեմայի և բովանդակության համապատասխանությանը, աշխատանքի արդիականությանը, ինքնուրույնության աստիճանին, որոշակի նորամուծությանը, տեսականի և գործնականի համադրությանը,  նյութի տրամաբանական շարադրանքին և այլն:

Նիստի ընթացքում շեշտվեց, որ պետք է հետևողական լինել, որ պաշտպանությանը ուսանողները ներկայանան պատշաճ իրականացված աշխատանքներով:

Տնօրենության ընդլայնված նիստում

Երկրորդ հարցի վերաբերյալ նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-20թթ. ՌԾ-ի համաձայն՝ մասնաճյուղն իր քայլերն է կատարում մասնագիտության կրթական ծրագրի (ՄԿԾ) ղեկա­վարի ինստի­տուտի ներդրման գործում, որի  նպատակն է մասնագիտական կրթության կառավարման յուրահատուկ մոդելի միջոցով ստեղծել ինքնազարգացող մանկավարժական միջավայր:

Այն հնարավորություն կտա լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կրթական ծրագրերի համապատասխանեցում որակավորումների ազգային շրջանակին, դասավանդման և ուսումնառության մեթոդների նորացում, գնահատման համակարգի վերանայում, կառավարման նոր մոդելի ներդնում և այլն:  

Մատնանշվեց, որ ՄԿԾ-ի ղեկա­վարի խնդիրն է իրականացնել մասնագիտության պահանջվածության,  նրա իրականացման անհրաժեշտ նախադրյալների և  դիմորդների անհրաժեշտ քանակի առկայության հիմնավորում, մասնագիտության կրթական ծրագրի պատշաճ մշակում, կադրային  ու նյութատեխնիկական և ուսումնամեթոդական ապահովվածության գնահատում, նրա արդյունավետ ու որակյալ իրականացման ապահովում, ծրագրի մշտադիտարկում, գնահատում, վերանայում և իր շրջանավարտների ապագա կարիերայի նկատմամբ հոգածություն:

Նշվեց, որ մշակվել է կրթական ծրագրի ղեկավարի գործառույթները, որոնց համաձայն՝ նա պիտի ստեղծի ՄԿԾ-ի մշակման, իրականացման և կրթական ծրագրով ձեռք բերված արդյունքների  վերլուծման ու գնահատման աշխատանքային խումբ՝ նրանում ներգրավելով այդ մասնագիտության ուղղությամբ բազային կրթություն ունեցող բարձրակարգ և փորձառու մասնագետներ, գործատուներ, շրջանավարտներ և մասնագիտության բարձր կուրսի ուսանողներ, կատարի խմբի անդամների միջև պարտականությունների և պատասխանատվության տիրույթների բաշխում: