Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների խնդիրները արտաքին շահակիցների ուշադրության կենտրոնում

2014թ. փետրվարի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ  հանդիպում արտաքին շահակիցների` Տավուշի մարզի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների, մարզպետարանի ներկայացուցիչների, բարձրաստիճան զինվորականների, համայնքների ղեկավարների, գործարարների, դպրոցների տնօրենների, լրագրողների, ծնողների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին մասնաճյուղի ստորաբաժանումների ղեկավարները և Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի աշխատակիցները:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը ներկայացրեց հանդիպման նպատակը, խնդիրները և ակնկալիքները:

 

Նա կարևորեց արտաքին շահակիցների դերը և ներդրումը մասնաճյուղի գործունեության տարբեր ոլորտներում` կրթական ծրագրերի համատեղ իրականացում, նեղ մասնագիտական դասընթացների վարում, մանկավարժական և արտադրական պրակտիկաների արդյունավետ անցկացում, շրջանավարտների աշխատանքի տեղավորում և այլն:

Տնօրենը ներկաներին առաջարկեց միավորվել մասնաճյուղի արտաքին շահակիցների խորհրդում` հետագա արդյունավետ համագործակցության նպատակով:

Մասնակիցները ներկայացրին  համագործակցության ձևերի վերաբերյալ իրենց առաջարկությունները, որոնք հետաքրքիր էին, իրատեսական և արժեքավոր:

 

Զինվորականները, կարևորելով սահմանամերձ մարզում մասնաճյուղի առկայությունը, առաջարկեցին սերտացնել բանակ-բուհ կապը` փոխադարձ այցելությունների, օլիմպիադաների անցկացման, ռազմահայրենասիրական ակումբի ստեղծման ճանապարհով:

Ներկայացնելով մարզի դպրոցներում “Հայ եկեղեցու պատմություն” առարկան դասավանդող ուսուցիչների մասնագիտական համապատասխան կրթություն չունենալու փաստը` Հայր Սամվել Մխիթարյանը առաջարկեց մասնաճյուղում բացել նոր մասնագիտություն, որի շրջանավարտները կունենան համապատասխան որակավորում և աշխատանք:

 

 Տնօրենն առաջարկեց գործատուներին իրենց ապագա կադրերին ընտրել դեռևս ցածր կուրսերի ուսանողներից. հետևել նրանց ուսումնառությանը, տրամադրել անհրաժեշտ աջակցություն, կուրսային և ավարտական աշխատանքների համար առաջարկել համապատասխան թեմաներ, պրակտիկաներն անցկացնել իրենց կազմակերպություններում` ուսանողների տեսական գիտելիքները խորացնելու և նեղ մասնագիտացում ձեռք բերելու համար:

Քննարկվեցին նաև երիտասարդներին վերաբերող համընդհնուր խնդիրներ, առաջարկվեցին հնարավոր լուծումներ: