Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղի ունեցավ մասնաճյուղի պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Ռ.Նահապետյանի գրքերի շնորհանդեսը

2014թ. մարտի 4-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ մասնաճյուղի պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Ասքանազի Նահապետյանի գրքերի շնորհանդեսը:

Ռ.Նահապետյանը ծնվել է 1943թ. սեպտեմբերի 18-ին Լոռու մարզի Գեղասար գյուղում: 1960թ. ավարտել է Նալբանդի (Շիրակամուտ) միջնակարգ դպրոցը: 1960-1962թթ. սովորել է Վանաձորի շինարարական տեխնիկումում: 1963-1967թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 1970-1973թթ.` ԵՊՀ ասպիրանտուրան` «Ազգագրություն» մասնագիտացմամբ: 1986թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 2008թ.` դոկտորական ատենախոսություն: 2010թ. ԲՈՀ-ի կողմից շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1967 թվականից աշխատում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, համատեղության կարգով` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում: 1998-ից մինչև այսօր մասնաճյուղի պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչն է, 2000-2004թթ. եղել է նաև Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան: Հրատարակել է երեք բուհական ձեռնարկ` 2008թ. «Ազգագրություն. Ուսումնամեթոդական ուղեցույց», 2009թ.` «Հայոց սոցիոնորմատիվ մշակույթ». մաս 1, 2010թ.` «Հայ ազգագրության պատմություն. Հնագույն և հին սկզբնաղբյուրների ազգագրական տեղեկությունները հայերի և Հայաստանի մասին». Մաս 1` ՀՀ ԿԳ նախարարության կողմից երաշխավորված:

Հրատարակել է շուրջ 100 ուսումնական և գիտական ուսումնասիրություններ: 2004թ. հիմնել է «Արևմտահայերի էթնոմշակութային բնութագիրը» խորագրով գիտական հրապարկումների շարք: Հրատարակել է  «Աղձնիքահայերի ընտանիքը և ընտանեկան ծիսակարգը» (2004), «Աղձնիքահայերի ամուսնահարսանեկան սովորույթներն ու ծեսերը» (2007), 2011թ.` «Աղձնիքահայերի մանկածնության և մանկան խնամքի սովորույթներն ու ծեսերը», 2012թ.` «Հայոց ազգակցական համակարգը` (XIX դ. երկրորդ կես – XX դ. սկիզբ)» պատմաազգագրական ուսումնասիրությունները: 2013թ. «Հայ մատենագիրը» շարքից հրատարակել է «Ազգագրական տեղեկությունները Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն» երկում» ուսումնասիրությունը:

Ավելի քան 45 տարվա գիտամանկավարժական և գիտամասսայական մշակութային բեղմնավոր գործունեության համար պարգևատրվել է բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության (1967), ԵՊՀ ռեկտորատի կողմից (2009) պատվոգրերով, ՀՀ նախագահի շնորհակալագրով (2009թ. դեկտեմբերի 10, Երևան, թիվ 423), 2011թ. ՀՀ Տավուշի մարզպետի շնորհակալագրով` Տավուշի մարզի կրթական համակարգում ցուցաբերած անգնահատելի ծառայությունների համար: Պարգևատրվել  է նաև Լոռու մարզի «Մաշտոց» կրթամշակութային կենտրոն հասարակական կազմակերպության «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալով,  ծննդյան 70-ամյակի և գիտամանկավարժական գործունեության 45-ամյակի առթիվ` ԵՊՀ հուշամեդալով (2013):

Մասնաճյուղում պրոֆեսոր Նահապետյանի գրքերի շնորհանդեսի ժամանակ երախտիքի և արժևորման խոսք ասացին մասնաճյուղի տնօրեն, պատմ. գիտ. թեկն., դոցենտ Ս.Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. թեկն., դոցենտ Վ.Ալեքսանյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, տեխն. գիտ. թեկն., դոցենտ Կ.Այվազյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկն. Ա.Սարհատյանը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ Ա.Հովակիմյանը:

Ի պատասխան` Ռ.Նահապետյանը նշեց. «Մասնաճյուղում անցկացրած 16 տարիները իմ կյանքի ամենաերջանիկ, բայց միևնույն ժամանակ ամենատքնաջան տարիներն են: Իջևանը Հայաստանի ամենագողտրիկ, ամենաինտելեկտուալ տարածքն է: Ես պարտական եմ այս հողին. այն կենարար ազդեցություն է ունեցել իմ գիտամանկավարժական գործունեության վրա»:

Դիմելով մասնաճյուղի ուսանողությանը` վաստակաշատ ազգագրագետը շեշտեց, որ նրանց մեջ կա այն պոտենցիալը, որը պատիվ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև Հայաստանի Հանրապետությանը: