Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեկնարկեց նոր ուսումնական տարին

Սեպտեմբերի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկեց 2012-2013 ուստարին: Նոր ուստարում մասնաճյուղն իր հարկի տակ ընդունեց 187 առաջին կուրսեցիների, որոնց հավուր պատշաճի դիմավորելու համար տնօրենության և Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվել էր տոնական միջոցառում:

Հնչեց ՀՀ օրհներգը, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն պ-ն Ս. Առաքելյանը: Նա ներկաներին շնորհավորեց ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և կարևորեց բանիմաց, նպատակասլաց ու հայրենասեր ուսանողների դերը երկրի զարգացման գործում:

Տնօրենը նաև նշեց, որ զոհված ազատամարտիկների երեխաները միշտ էլ զգացել են մասնաճյուղի հոգատար վերաբերմունքը և սովորել անվճար համակարգով: Մասնաճյուղի պատմության մեջ առաջին անգամ ուսանող է դարձել զոհված ազատամարտիկի թոռնուհի: Ազգային ազատամարտի նվիրյալ Սարիբեկ Օհանյանի թոռնուհուն` Սարինե Օհանյանին, բացառության կարգով հատկացվեց ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անվան կրթաթոշակը:

Տոնական միջոցառումը շարունակվեց, և ներկաներին իրենց երգ ու պարով ողջունեցին մասնաճյուղի շնորհալի ուսանողները: