Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացվեց ՄԱԿ-ի անկյուն

2013թ. հունիսի 10-ին  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի անկյունի հանդիսավոր բացումը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ:

Բացմանը մաասնակցում էին Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, տնօրենի իրավախորհրդատու Ա.Հովհաննիսյանը, գրադարանի տնօրեն Կ.Ուլիխանյանը, Իջևանի փոխքաղաքապետ Ս.Մանուկյանը, քաղաքապետարանի մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Լ.Ղալումյանը,  մասնաճյուղի աշխատակիցներ, ուսանողներ:

Նախաձեռնության նպատակը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից մարզերում երիտասարդության հնարավորությունների ընդլայնումն է: Ուսանողները, դասախոսները, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներն այժմ ավելի մեծ հնարավորություն կունենան ծանոթանալու ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեության հետ:

Մասնաճյուղի գրադարանին ՄԱԿ ՀՏՎ կողմից տրամադրվեց ավելի քան 800 միավոր գրականություն, պաստառներ, գրքույկներ և այլ հրատարակումներ՝ թողարկված Նյու Յորքում, Վիեննայում և Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակների, ինչպես նաև Հայաստանում գործող ՄԱԿ-ի գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի կողմից:

«Երիտասարդների կարողությունների և հնարավորությունների ընդլայնումը և հասարակության հետ երկխոսությունը մշտապես գտնվում է ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում: Ձեր համայնքների ներկայացուցիչները ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակիցներն են և մեր վստահելի գործընկերները ՄԱԿ-ի արժեքների զարգացման առաջմղման հարցում: Մենք ուրախ ենք աջակցել ձեզ՝ ձեր գիտելիքների հետագա բարելավման և ՄԱԿ-ի գործունեության մեջ ներգրավվելու հարցում»,-նշեց  ՄԱԿ-ի ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները ողջունեցին այս համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն կրելու է շարունակական բնույթ: