Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ և Երևանի կոնյակի գործարան

2014 թ. ապրիլի 15-ին Տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները ճանաչողական պրակտիկայի շրջանակներում այցելեցին ՀՀ կենտրոնական բանկ և Երևանի կոնյակի գործարան:

Ուսանողները  հետաքրքրված էին դրամանիշերի պատմությամբ, Կենտրոնական բանկի գործունեությամբ, դրամավարկային քաղաքականությամբ։

Շրջայցի ընթացքում բանկի մասնագետները ներկայացրին ԿԲ-ի հիմնադրման և զարգացման պատմությունը, ՀՀ ԿԲ-ի և ՀՀ առևտրային բանկերի միջև առկա հարաբերությունները, բանկային համակարգում Կենտրոնական բանկի դերը, դրամի պատմությունը, ԿԲ-ում շրջանառվող պարտատոմսերը, մուրհակները, չեկերը և այլ արժեթղթեր:

Ուսանողները ծանոթացան դրամի ստեղծման փուլերին, տեխնոլոգիային, կատարեցին փորձեր դրամանիշերի ստուգման լաբորատորիայում, դիտեցին ազգային դրամի պատմության մասին տեսաֆիլմ, գների կայունությունը և ֆինանսական համակարգի գործունեությունը բացատրող մուլտֆիլմ:

Այցելությունն ուղեկցվեց հարց ու պատասխանով: Ճիշտ պատասխանների համար ուսանողները ստացան անվանական տետրեր, իսկ այցելության վերջում բոլոր ուսանողներին տրվեցին նվերներ:

Հաջորդ այցելությունը Հայաստանի կարևոր խորհրդանիշներից և մշակութային արժեքներից մեկն էր` Երևանի կոնյակի գործարանը:

 

Շրջայցի ընթացքում ժամանակակից տեխնիկական միջոցներով պատրաստված առանձին ցուցասրահներում ուսանողներին 3D լայնամասշտաբ անիմացիոն տեսանյութերով ներկայացվեց «ArArAt» կոնյակի պատմությունը, արտադրության գործընթացը և այլն:

Մասնակիցները  ծանոթացան հնեցման գործընթացին, դիտեցին տարբեր երկրների նախագահների անվանական տակառները:

Ուսանողները կանգ առան նաև «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին` ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Որոշված է Խաղաղության տակառը բացել այն ժամանակ, երբ կկարգավորվի Արցախյան հակամարտությունը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից ուսանողները գրառում կատարեցին  Խաղաղության տակառի մոտ:

Մասնակիցները ծանթոցան նաև թանգարանում պահվող պատմական մեծ արժեք ունեցող ցուցանմուշներին (սկսած 1887 թվականից), տարբեր ժամանակներում հայկական կոնյակի ստացած մեդալներին, պատմական լուսանկարներին: