2013թ. հոկտեմբերի 25-ին Իջևանում բացվեց արվեստի փառատոն, որը 1985-1991թթ. Իջևանում կայացած քանդակի միջազգային սիմպոզիումի շարունակությունն է:
Իջևանի կենտրոնում տեղադրվել էին բացօթյա տաղավարներ, որտեղ ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ գործող Տավուշի մարզի սնունդ, գեղարվեստական իրեր թողարկող ձեռնարկությունները ներկայացրին իրենց արտադրանքը:
Արվեստի փառատոնում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին հատկացվել էր առանձին տաղավար, որտեղ ցուցադրվեցին կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների կուրսային և ավարտական բազմաժանր աշխատանքների նմուշներ (գոբելեն, մետաքսանկարչություն, կերամիկական աշխատանք, փայտի գեղարվեստական մշակում, ասեղնագործություն և այլն):
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի և Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի ուղեկցությամբ տաղավարներ այցելեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կամո Այվազյանը և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի ասիստենտ Անուշ Չիբուխչյանը վարչապետին, մշակույթի նախարարին և փառատոնի այցելուներին ներկայացրին ցուցադրված աշխատանքների թեմատիկան, կիրառական արվեստի ֆակուլտետի անփոխարինելի դերն ու ներդրումը մարզի արվեստների զարգացման գործում:
Վարչապետն իր խորին հիացմունքն արտահայտեց ներկայացված աշխատանքների կապակցությամբ: