Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում տեղի ունեցավ «Տավուշ» գրքի շնորհանդեսը

2014թ. հոկտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մի խումբ ներկայացուցիչներ` «Տավուշ» գրքի համահեղինակները` Էթնոսոցիոլոգիայի բաժնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր Լիլյա Վարդանյանը, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մկրտչյանը, պատմ. գիտ. թեկն., դոցենտ, ավագ գիտաշխատող Միհրան Գալստյանը, պատմ. գիտ. թեկն. Համլետ Սարգսյանը, ավագ գիտաշխատող Թամարա Զաքարյանը և պատմ. գիտ. թեկն., ավագ գիտաշխատող Ռուբեն Օհանջանյանը:

Այցելության նպատակը նոր հրատարակված «Տավուշ: Սոցիալ-մշակութային գործընթացներ» (Ավանդույթ և արդիականություն) գրքի շնորհանդեսն էր:

Աշխատությունը նվիրված է Տավուշի մարզի սոցիալ-մշակութային գործընթացների քննախույզ վերլուծություններին: Այն նախատեսված է էթնոսոցիոլոգների, ազգագրագետների, պատմաբանների, հումանիտար գիտությունների այլ բնագավառների մասնագետների, ուսանողների, ընթերցող հասարակության համար:

«Տավուշ» գրքի շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցան ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, գրքի համահեղինակներ պատմ. գիտ. թեկն. Համլետ Սարգսյանը, պատմ. գիտ. թեկն., ավագ գիտաշխատող, մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Ռուբեն Օհանջանյանը:

«Մեզ համար միշտ խնդիր է եղել սոցիալական պատմության մասին նյութերի սակավությունը, այս գիրքը հենց այդ խնդիրն է լուծում. այն հիանալի աղբյուր կլինի պատմաբանների համար»,- մասնավորապես նշեց պարոն Օհանջանյանը` շնորհակալություն հայտնելով առաջին հերթին ուսանողներին, որոնք մասնակցություն են ունեցել գրքի ստեղծման աշխատանքներին:

Արժևորման խոսք ասաց մասնաճյուղի տնօրեն, պատմ. գիտ. թեկն., դոցենտ Սամվել Առաքելյանը` ընդգծելով գրքի գիտական և ճանաչողական նշանակությունը, կարևորությունը ուսումնական գործընթացում: