Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԸ` ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և  շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները:

ԵՊՀ-ից պետական մրացանակների են արժանացել՝ հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հրաչիկ Սիմոնյանը, «Ազատագրական պայքարի ուղիներում» հինգհատորյա աշխատության համար, իսկ ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Շուքուրյանը «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար։

Հրաչիկ Սիմոնյանը հեղինակ է ավելի քան 20 մենագրության և շուրջ 400 գիտական հոդվածների։ Նրա մի քանի աշխատություններ լույս են տեսել Չեխոսլովակիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Իրանում, Հունաստանում և Ճապոնիայում։ Առանձնապես կարևոր են «Սփյուռքահայությունը սոցիալ-քաղաքական պայքարի ուղիներում» (Եր.,1968), «Թուրք ազգային բուրժուազիայի գաղափարաբանությունը և քաղաքականությունը» (Եր., 1980), «Գիտատեխնիկական հեղափոխությունը և նրա սոցիալական հետևանքները» (Եր., 1982), «Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից» (Եր.,1991), «Անդրանիկի ժամանակը» (հ. I, հ. II, Եր., 1996) մենագրությունները, «Ազատագրական պայքարի ուղիներում» բազմահատոր ուսումնասիրության առաջին հինգ գրքերը (Եր., 2003, 2009,2010,2013)։ Կիլիկիայի հայերի 1909թ. ջարդերի 100-ամյակի առթիվ հրատարակվել է նրա «Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909թ. ապրիլ)» (Եր., 2009) աշխատությունը, որը 2012թ. հրատարակվել է նաև անգլերեն լեզվով «The destruction of Armenians in Cilicia, April 1909» (Gomidas Institute,London,2012)։ 1964-ից նա դասավանդել է ԵՊՀ-ում, 1999- 2003թթ. եղել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչը, 2004-ից` նույն ամբիոնի պրոֆեսոր է: Ղեկավարել է նաև ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժինը։

Սամվել Շուքուրյանը ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավարն է։ Շուքուրյանի հետազոտությունների բնագավառում է եղել Հաշվողական համակարգերի ճարտարապետություն, էլեկտրոնային սարքերի և համակարգերի տեստավորում, ինֆորմացիոն տեխնոլոգիաները, բաշխված հաշվողական համակարգերի և ծրագրերի ֆորմալ մոդելները։ 2000թվականից հանդիսանում է Virage Logic Corp.-ի ներդրված հիշողության սարքերի տեստավորման և վերանորոգման ծրագրի տնօրենը:

Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում:

Աղբյուրը` ysu.ampresident.am